Անմահ հերոս Սմբատ Գաբրիելյան
2020թ.-ի հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, հակառակորդի հերթական սադրանքի արդյունքում, ծավալվեցին մարտական գործողություններ։ Հուլիսյան մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ՝ երկու սպա` մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը, երկու ժամկետային զինծառայող՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Ժամկետային զինծառայող շարքային Արթուր Մուրադյանը գործողությունների ընթացքում վիրավորվեց, իսկ ավելի ուշ՝ հուլիսի 14-ին մահացավ ստացած վիրավորումից։ Հուլիսի 27-ին ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից՝ նույն հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, զոհվեց նաև ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող՝ կապիտան Աշոտ Միքայելյանը։
Սմբատ Գևորգի Գաբրիելյանը ծնվել է 2000թ.-ի հուլիսի 7-ին՝ Ճամբարակ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Ճամբարակի N1 հիմնական դպրոցում, այնուհետև սովորել է տեղի ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո` ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի (ԵՊՄՀ) իրավագիտության ֆակուլտետ։
Սմբատը սիրում էր ֆուտբոլն ու ընկերների հետ գնում էր հարակից քաղաքներում ֆուտբոլ խաղալու։ Ընտանի կենդանիներ էր սիրում, շուն էր պահում։
«Սմբատը մեր ընտանիքի փոքր որդին էր։ Շատ հետաքրքրասեր էր, հատկապես շատ հետաքրքրված էր հայոց և համաշխարհային պատմություններով։ Ես ինքս պատմաբան եմ, դպրոցում դասավանդում եմ հայոց պատմություն։ Դպրոցական տարիներին տղաս ռեպ էր գրում ու երգում։ Գերմանական կազմակերպության հովանավորությամբ՝ որպես այդ կազմակերպության հիմն, երգեց ռեպ ժանրով։ Դպրոցական միջոցառումների ժամանակ շատ ակտիվ էր, իր ռեպը պարտադիր մասն էր կազմում բոլոր հանդեսների։ Հաճախում էր նաև պարի, բրեյք դանս էր պարում»,-ասում է մայրը՝ տիկին Կարինեն։
«Ամենափոքր տարիքից Սմբատի հետ շատ եմ զբաղվել, տասը տարվա տարիքային տարբերություն կար մեր միջև ու ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչպես է քայլել սովորելու, և առաջին ինքնուրույն քայլերն ինձ մոտ է արել։ Օրվա մեծ մասը նրա հետ էի անցկացնում, հետս տանում էի բակ` զբոսնում էինք, խաղացնում էի ու հետն ավելի շատ ժամանակ էի անցկացնում, քան հասակակիցներիս։ Սմբատս երազում էր պատմության հետ կապ ունեցող մասնագիտություն ունենալ, բայց որոշել էր իր ուսման հետ զուգահեռ ծրագրավորման ոլորտում մասնագիտանալ»,- պատմում է եղբայրը` Անդրանիկը։
2017թ.-ի հունվարի 17-ին Սմբատը զորակոչվել է բանակ և որպես սակրավոր` ծառայել է Տավուշի մարզի Բերդի քաղաքի զորամասերից մեկում։
Շատ ուրախ է մեկնել ծառայության, ոչ մի խնդիր չի ունեցել, իր պարտականությունները միշտ ճիշտ է կատարել, աչքի ընկնող զինծառայող է եղել, նույն կերպ էլ՝ սիրված և հարգված է եղել հարազատների, բարեկամների կողմից։
Սմբատի մանկության ընկերներից Սամվելն այնքան լուսավոր ու դրական հիշողություններ ունի, որ չգիտի, թե որ մեկից խոսի։ Նա հուզմունքը թաքցնելով՝ պատմում է, որ իրենց տները դեմ դիմաց են եղել և օրվա մեծ մասն անցկացրել են միասին` հիմնականում ֆուտբոլ խաղալով, քանի որ Սմբատը շատ-շատ է սիրել ֆուտբոլ։ Նաև հիշում է դպրոցական միջոցառումները, որոնցում Սմբատը ակտիվ մասնակցություն է ունեցել. «Միջոցառումներից մեկի ժամանակ Սմբատը պետք է ռեպ կարդար ու հիշում եմ ինչ մեծ ոգևորությամբ էր պատրաստվում, ես տանը բարձրախոս ունեի ու տվել էի իրեն, իսկ ինքն օր ու գիշեր երգում էր, պարապում էր՝ գերմաներեն երգ երգելու համար։
Նաև հիշում եմ, որ առավոտյան դպրոց տանելու համար՝ մեր թաղամասի երեխաներին մեքենա էին տրամադրել ու մենք միշտ բոլորից մեկ ժամ շուտ էինք հասնում։ Սիրելի վայր ունեինք, հավաքվում էինք այնտեղ՝ մինչև դասերը սկսվեր ու ասում, խոսում, ծիծաղում էինք։ Սմբատը միշտ դասագրքերով էր գալիս, որ կրկներ։ Ինքը ուսմանը շատ լուրջ էր վերաբերվում, միևնույն ժամանակ՝ շատ կատակասեր էր ու միշտ զվարճալի իրավիճակներում էինք հայտնվում»,- պատմում է Սամվելն ու շարունակում հիշել. «Մեր թաղամաս մի տղա էր եկել, որի հայրը զինվորական էր ու մի օր պետք է գիշերը տուն չգար։ Այդ տղան Սմբատին էր խնդրել, որ իր հետ մնար այդ գիշերը, ես էլ իրենց հետ էի մնալու։ Մեր թաղի տղաներն իմացել էին այդ մասին ու որոշել էին մեզ վախեցնել։ Սմբատը գլխի ընկավ, որ իրենք են, դռան մուտքի մոտով բարձրացանք տանիք։ Դույլերով ջուր էինք բարձրացրել մեզ հետ, որ հենց գան՝ ջրենք։
Սմբատն աննկարագրելի ընկերասեր էր ու ամենադժվար իրավիճակներում կարող էինք իր վրա հույս դնել։ Մշտապես ճիշտ խորհուրդներով օգնել է բոլորիս։ Մի անգամ էլ պահմտոցի խաղալուց ընկա ու փշալարը ձեռքս վնասեց։ Սմբատը եկավ օգնության, ձեռքս հանեց փշալարից ու իր թաշկինակով կապեց, հետո՝ մինչև մեր տուն տարավ։ Ձեռքիս այդ սպին մինչև հիմա էլ կա ու միշտ իրեն է հիշեցնում։
Սմբատի մանկության ընկերներից Սարգիսը պատմում է, որ ընկերը՝ բարի, հոգատար, անշահախնդիր մարդ էր. «Նա շրջապատում հարգանք ու սեր էր վայելում։ Ֆուտբոլասեր էր չափից դուրս, սիրած ֆուտբոլային ակումբը Բարսելոնան էր։ Հիշում եմ, որ թիմը պատասխան խաղում անհավատալի հաշվով (6-1) հաղթել էր ու երբ մտանք դպրոց, գրատախտակի վրա գրված էր այդ հաշիվը։ Սմբատն ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր միջոցառումներին։ Բոլորը դպրոցական կյանքից էին խոսում, հետաքրքրվում, իսկ ինքը՝ ֆուտբոլով»,- հիշում է Սարգիսն ու շարունակում, որ ծառայության ժամանակ մշտական կապ են պահպանել Սմբատի հետ. «Ընկերս եղել է սակրավորային վաշտի ջոկի հրամանատար։ Սիրում ու նվիրված էր իր գործին։ Իր նպատակը ուսումը ավարտին հասցնելն էր»։
Եղբոր խոսքով՝ Սմբատը ծառայությունից գրեթե ոչինչ չի պատմել հարազատներին, ինչ էլ որ իմացել են` հետագայում ծառայակից ընկերներն են պատմել, թե ինչքան պատասխանատու, սիրված ու առաջնորդող է եղել. «Ինքը շատ համեստ էր այդ առումով ու երբեք չի բողոքել, միշտ ուրախ ու գոհ էր ամեն ինչից, իսկ երբ անհանգիստ էինք լինում, քանի որ այդ տեղանքում հաճախակի էին լինում լարված իրավիճակներ, Սմբատը շատ հանգիստ տոնով համոզում էր, որ կեղծ տեղեկատվություն ենք ընթերցել և ամեն բան կարգին է»,- ասում է Անդրանիկը։
2020թ-ի հուլիսի 12-ին հակառակորդը փորձել է գրավել Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերը, սակայն անձնակազմի գրագետ աշխատանքի արդյունքում հետ է շպրտվել` կրելով մեծաթիվ մարդկային կորուստներ։
Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանի, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանի և Սմբատ Գաբրիելյանի հետ միասին` հուլիսի 14-ին ժամը 01։30-ի սահմաններում իջել են զինամթերքի պահեստ, որպեսզի համապատասխան զինամթերք հասցնեն զորքին։ Եվ հենց այդ պահին էլ՝ թշնամու անօդաչու թռչող սարքը հայտնաբերել է նրանց գտնվելու վայրը և թիրախային հարված հասցրել։
Զոհվելու դեպքի օրը Սմբատը զանգել է տուն, տանեցիները լուրերից տեղյակ են եղել, որ լարվածություն կա այն տեղանքում՝ որտեղ, որ տղան է ծառայում։ Սակայն Սմբատը հանգստացրել է մայրիկին՝ ասելով, որ ամեն բան կարգրն է, ինքը զորամասում է և ոչ մի վտանգ չի սպառնում։
Կրտսեր սերժանտի աճյունը հանգչում է հայրենի Ճամբարակի ընտանեկան գերեզմանատանը։
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար՝ Սմբատ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: