Անմահ հերոս Արթուր Մուրադյան

2020թ.-ի հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, հակառակորդի հերթական սադրանքի արդյունքում, ծավալվեցին մարտական գործողություններ։ Հուլիսյան մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ՝ երկու սպա` մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը, երկու ժամկետային զինծառայող՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Ժամկետային զինծառայող շարքային Արթուր Մուրադյանը գործողությունների ընթացքում վիրավորվեց, իսկ ավելի ուշ՝ հուլիսի 14-ին մահացավ ստացած վիրավորումից։ Հուլիսի 27-ին ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից՝ նույն հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, զոհվեց նաև ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող՝ կապիտան Աշոտ Միքայելյանը։

Արթուր Բագրատի Մուրադյանը ծնվել է 2001թ.-ի օգոստոսի 23-ին`Ռուսաստանի Դաշնության Բլագովեշենսկ (Благавешенск) քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Վահան Թեքեյանի անվան N 92 դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի N105 ավագ դպրոցում։

Արթուրը փոքրուց միշտ ուրախ է եղել՝ երգող, պարող կյանքով լեցուն։ Բոլորից տարբերվել է իր խելացի լինելով, կարողացել է մարդկանց տրամադրությունը միշտ բարձրացնել։ Ամեն տեղ աշխատել է լինել առաջինը։

Ուսուցիչները նույնպես փաստում են, որ Արթուրը յուրահատուկ է եղել բոլոր առումներով և ավարտելուց հետո էլ՝ միայն լավ հիշողություններ է թողել բորորին։ Նրան մինչև օրս էլ հիշում են։

«Կազմակերպչական ջիղ կար իր մեջ, իրեն միշտ հաջողվում էր բարեկամներին հավաքել մի տեղ, ուրախացնում էր բոլորիս։ Նա յուրաքանչյուր խնդիր միշտ ժպիտով էր անցկացնում։ Ինքը կռվարար չէր, բայց չափից ավելի աշխույժ էր, ցանկացած պարագայում թույլի կողքին էր»,- պատմում է մայրը՝ տիկին Նաիրան, հետո շարունակում է հիշել. «Տղաս ինը տարեկան էր, երբ Արցախից երեխաներ էին եկել ու մեր տան դիմացի այգում էին քնում։ Ընկերներից գումար էր հավաքել, ինքն էլ վրան ավելացրել, ուտելիքներ էր առել ու կերակրել երեխաներին։ Հաջորդ օրը՝ հարց ու փորձ էր արել, իմացել, որ դրսում են քնում, եկավ տուն, հաց չէր ուտում, ես էլ հարցրի ի՞նչ է պատահել, ասաց մա՜մ, երեխաները դրսում են քնում՝ առանց հագուստի ու ուտելիքի։ Գնաց, բերեց մեր տուն, քանի որ շատ խղճով էր, աշխատում էր բոլորին օգնել»։

«Մեր մանկությունն անցել է նույն բակում, շատ սրտաբաց ու նպատակասլաց տղա էր Արթուրը»,- ասում էր Արթուրի մանկության ընկերներից Դավիթն ու պատմում, որ ընկերը՝ մաքուր, բարի, ընկերոջը միշտ նվիրված ու օգնող տեսակ էր․ «Մեր բոլորի համար ծանրակշիռ ընկեր էր»։

Արթուրը երգ-երաժշտություն շատ էր սիրում, հայկական բոլոր ժողովրդական, հայրենասիրական երգերը սովորում էր.«

Հետո արդեն խորությամբ ուսումնասիրեց հայոց պատմությունը և հետագայում որոշեց, որ ընտրելու է հենց այդ մասնագիտությունը։ Նաև շատ էր սիրում ֆուտբոլը, բայց չհաճախեց ոչ մի խմբակի, քանի որ սկզբից չընդունեցին`ասացին փոքրամարմին է, հետո միանգամից մեծացավ ու ասացին՝ հիմա էլ շատ մեծ է։ Հաճախել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, նկարում էր, մի պահ ուզում էր կինոռեժիսոր դառնալ»,- ասում է մայրը։

Արթուր Մուրադյանն ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։

«Հայրենասիրություն շատ կար իր մեջ, ինքը ցանկանում էր իմանալ նաև թշնամու լեզուն։ Համալսարան ընդունվել էր մինչև բանակ զորակոչվելը և շատ մեծ ոգևորությամբ էր գնում դասի։ Ինքը միշտ փորձում էր այնպես անել, որ ուրախ լինենք ու ամեն ինչի մեջ լավը տեսնենք։ Արթուրն իր խորհուրդներով ու ապրելակերպով դա է միշտ ցույց տվել իր շրջապատում գտնվող մարդկանց»,- ասում է Դավիթը։

Բանակ զորակոչվել է 2019թ.-ի դեկտեմբերին, եղբայրը մեկ տարվա զինծառայող էր, երբ Արթուրը մեկնեց ծառայության։ Եղբոր հետ ծառայել են նույն տեղում` Տավուշի մարզի Բերդ քաղաքի զորամասերից մեկում։ «Բանակ շատ ուրախ է գնացել՝ երգով, պարով ճանապարհեցինք։

Իր ընկերները բոլորը եկել էին, անգամ նրանք, ովքեր ծառայում էին Արցախում` թույլատվություն էին վերցրել ու եկել։ Երդման արարողությանը, որ գնացել էինք, բոլորը հարցնում էին, ուզում էին ծանոթանալ Մուրադյան եղբայրների ծնողների հետ, որ շնորհակալություն հայտնեն»,- պատմում է Նաիրան ու ասում, որ տղան ծառայության ժամանակ բոլոր մարտական քննությունները հանձնել է գերազանց. «Ինքը կամքով ուժեղ, պարտաճանաչ տղա էր, իրեն ոչ մի խանգարող հանգամանք չկար ծառայության հետ կապված, միայն փոքր եղբայր ուներ տանը, որին շատ էր կարոտում։ Հիշում եմ, մի անգամ զանգեց ու ասաց, որ ուզում է փոքրիկ գրադարան պատրաստել և ինձնից գրադարանի համար գրքեր, իսկ ձկների համար ակվարիում ուզեց, որ հանգստի սենյակ լինի՝ տրամադրող մթնոլորտում կարդան։ Այնտեղ ևս շատ լավ համբավ է ունեցել, բոլորը սիրել են իրեն, հարգել են»,- հուզմունքը թաքցնելով պատմում է մայրը։

Հարազատների բնորոշմամբ՝ Արթուրն ընկեր հասկացողությունը շատ խորն էր դատում. «Ես ավելի քան վստահ եմ, որ նույն կերպ ընկերասեր ու մտերմիկ է եղել ծառայակից ընկերների նկատմամբ, ինչպես որ եղել է իր մանկության ընկերների հանդեպ»,- ասում է մանկության ընկեր Դավիթը։

«Առավոտյան ժամը 10-ին Արթուրս միշտ զանգում էր ինձ ու վերջին անգամ նույնպես էդ ժամին զանգեց, բայց հեռախոսս պատահմամբ այնպիսի տեղ էր ընկել, որ չկարողացա պատասխանել։ Անցավ կես ժամ, հեռախոսը հանելուց հետո հետ զանգեցի` էլ պատասխան չկար…»,- հիշում է մայրը։

Արթուր Մուրադյանը հուլիսի 14-ին՝ զորամասի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցներից վիրավորում էր ստացել. «Արթուրս միշտ գնում էր անտառի մեջ այնպիսի հատված, որ կարողանար կապի դուրս գալ։ Հետ է վերադարձել այդ տարածքից և հենց այդ պահին էլ՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է։ Իրեն իջեցրել էին դիրքերից, վիրահատել, հետո տեղափոխել Երևան։ Վիճակը շատ ծանր էր, անօդաչուի բեկորը գլխուղեղն էր վնասել»,- պատմում է տիկին Նաիրան ու ասում, որ տղան տասը օր կոմայի մեջ մնալով՝ պայքարեց կյանքի համար, բայց այդպես էլ չարթնացավ. «Այդ օրը ես գնացի իրեն տեսնելու, խոսեցի իր հետ, բայց ոչ մի արձագանք, իմ գնալուց հետո մահացել էր…»։

Արթուր Մուրադյանը մահացել է հուլիսի 23-ին՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով։

Արթուրը հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան