«Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2016 թվականի օգոստոսի 26-ին: Հիմնադիր նախագահը Դավիթ Թորոսյանն է։ Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են` զինծառայողներին և զորամասերին տարաբնույթ օժանդակության տրամադրում, տեղեկատվական անվտանգության թեմայով իրազեկում զինվորներին, ծառայության ընթացքում պարտաճանաչություն և կարգապահություն ցուցաբերած զինվորների խրախուսում (շնորհակալագրով, դրամական պարգևով կամ ձեռքի ժամացույցով): Կազմակերպությունն իրականացնում է նաև իր անդամների այցեր զորամասեր, մարտական դիրքեր կրակային պատրաստության պարապմունքներ: Զորամասեր այցելության ժամանակ իրականացվում է միջոցառումներ՝ հայրենասիրական երգ ու պարի ուղեկցությամբ: Այսպիսով ՀԿ-ն ոչ միայն օժանդակում է բանակին, այլև տարաբնույթ գործառույթներով նպաստում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Իսկ վերը նշված բոլոր միջոցառումները լուսաբանվում են «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի պաշտոնական կայքում՝ Banak.info-ում։

Կազմակերպությունը բաղկացած է 4 հանձնաժողովներից՝

  • Մշակույթի հանձնաժողով,
  • Իրավական հարցերի հանձնաժողով,
  • Գնումների, մատակարարման և տնտեսական հարցերի հանձնաժողով,
  • Լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով:

  Վերջինս լուսաբանում է ոչ միայն այցերը զորամասեր, այլև զորակոչի և զորացրման արարողությունները, զորավարժությունները, հարցազրույցներ է ունենում ռազմական համալսարաններում սովորող կուրսանտների, սպաների և զինվորների հետ և լուսաբանում զինվորական ոլորտին առնչվող թեմատիկ և իրադարձային նորությունները: Կարևոր է նշել, որ լրատվական հանձնաժողովի անդամները՝ լրագրողները, վերապատրաստվում են ՀՀ ՊՆ-ի կողմից կազմակերպվող ռազմական լրագրության դասընթացներում:

 «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն ԵՊՀ «Ուսանողների հետ տարվող աշխատանքների» կենտրոնի հետ համատեղ նույնպես կազմակերպել է դասընթաց՝ «Մարդու հոգեկանի և ինֆորմացիոն հոսքերի կառավարումը արտակարգ և պատերազմական իրավիճակներում» խորագրով: 5 օրյա դասընթացի շրջանակներում ոլորտի լավագույն մասնագետները խոսել են հայ-ադրբեջանական բախումներից, օնլայն դիվերսիաների կազմակերպումից և իրականացումից, iնֆորմացիայի կառավարումից և հավաստիության ճշտումից պատերազմական իրավիճակում, արտակարգ ու ճգնաժամային իրավիճակների ստեղծման ու կանխման ուղիներից ու մեթոդներից, ինչպես նաև լրագրողական գործին առնչվող հոգեբանական հմտություններից:

ՀԿ-ն իր գործունեության 4 տարիների ընթացքում այցելել է ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ մի շարք զորամասեր և խոշոր դրամահավաքների միջոցով իրականացրել ծրագրեր՝

  • Ազգ-բանակ 2017,
  • Ազգ-բանակ 2018,
  • Ջրի ուսապարկ Թալիշի դիրքապահների,
  • Ամուր թիկունք՝ հզոր բանակ,
  • Ջրի ուսապարկ հետախույզներին,
  • Աջակցություն Արցախին՝ ընդդեմ Covid-19-ի:

  Իրականացրած ծրագրերի մանրամասները և դրամահավաքների հաշվետվությունները կարող եք գտնել Banak.info կայքի հաջորդ բաժիններում: