Անմահ հերոս Սոս Էլբակյան

2020.-ի հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, հակառակորդի հերթական սադրանքի արդյունքում, ծավալվեցին մարտական գործողություններ։ Հուլիսյան մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ՝ երկու սպա` մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը, երկու ժամկետային զինծառայող՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Ժամկետային զինծառայող շարքային Արթուր Մուրադյանը գործողությունների ընթացքում վիրավորվեց, իսկ ավելի ուշ՝ հուլիսի 14-ին մահացավ ստացած վիրավորումից։ Հուլիսի 27-ին ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից՝ նույն հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, զոհվեց նաև ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող՝ կապիտան Աշոտ Միքայելյանը։

Սոս Փայլակի Էլբակյանը ծնվել է 1992թ.-ի հունվարի 31-ին` Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում` ավարտելով գերազանցության վկայականով։

«Փոքր տարիքում շատ խելացի, աշխույժ երեխա էր, դեռ դպրոց չգնացած` (չորս-հինգ տարեկան էր) Սոսի ուշքն ու միտքը կռիվն ու թուրք սպանելն էր։ Նրա հորեղբոր տղան 1991թ.-ի Արացախյան ազատամարտի ժամանակ է զոհվել և մենք տանը այնքան էինք խոսել այդ մասին, որ նրա մեջ փոքր տարիքից` թշնամուց վրեժխնդիր լինելու ձգտում ու հայրենիքը պաշտպանելու անհագ փափագ կար», – ասում է տղայի մայրը` տիկին Նազիկը։

2009թ.- ին՝ դպրոցն ավարտելուց հետո, ծնողների կամքին հակառակ Սոսն ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 2013թ.-ին ավարտելով այն` ինքնակամ մեկնել է Տավուշի մարզում ծառայության և եղել է հրետանու պետի տեղակալ, հրետանու պետ։

«Մանկության տարիներին ինձ միշտ ասում էր, որ իրեն հրացան առնեմ։ Բերում էի, լուցկու տուփերը շարում էր ու հերթով կրակում։ Հետո ինձ ասում էր, որ հաշվեմ, թե քանի թուրք է սպանել։ Այդ տարիքից արդեն իր մեջ կար այդ ոգին»,- պատմում է Ղևոնդը` Սոսի ավագ եղբայրը։

Տիկին Նազիկի խոսքով՝ քննությունները հանձնելուց հետո, Սոսն ուրախ-ուրախ մտել է տուն ու ասել,  որ արդեն ընդունվել է ու հանկարծ չփորձեն հակառակը համոզել, որ փոխի մասնագիտությունը. «Ասում էր, որ ինքը գիտի ինչ նպատակներ ունի և ինչ առաքելությամբ է մեկնում ծառայության։ Այդպես ինքնակամ մեկնեց Տավուշ  և հինգ տարի Այգեձորում ծառայելուց հետո` դիմումի համաձայն կրկին մնաց նույն տեղում, շարունակելով ծառայությունը։ Հիշում եմ, երբ մեկնում էին զորավարժությունների՝ վրանների մեջ էին մնում։ Մի անգամ հումորով ասացի Սոս ջան, քնապարկդ վառարանի մոտ դի՛ր, որ չմրսես, ինքն էլ ծիծաղով պատասխանեց, որ ինքը կմրսի, բայց չի թողնի իր զինվորը մրսի, առաջինը զինվորի քնապարկը կմոտեցնի վառարանին։ Ու ընդհանրապես էլ, միշտ ասում էի` տղա ջան, ես քեզ քառասունվեց տարեկանում ունեցա, որ իմ կողքին մնաս, ոչ թե ամբողջ կյանքդ ծառայության մեջ լինես ու հեռու լինես մեզանից, բայց միևնույն ժամանակ տեսնում էինք իր սերն ու նվիրվածությունը հայկական բանակին ու թողնում էինք՝ իր կամքով անի ամեն ինչ»։

Քույրը՝ Հերիքնազը, պատմում է, որ Սոսը կարգապահ էր, բայց խաղալիքներից ամենաշատը զենքերով էր սիրում խաղալ. «Մեծացավ, ընտրեց զինվորականի մասնագիտությունն ու միշտ ասում էր, որ իրեն չխանգարենք, թողենք իր գործը շարունակի։ Իր բոլոր նպատակները կապված էին հայրենիքի հետ։ Վերջին տարիներին ես միշտ ասում էի, որ գոնե ընտանիք կազմի, երեխաներ ունենա,  որ իր սիրելի հայրենիքում ապրեն։ Երկար փնտրտուքներից հետո գտել էր իրեն շատ համապատասխան մի աղջկա, ավա՜ղ չհասցրեց  իր սիրելիի հետ միասին ապրել իր այդքա՜ն սիրելի հայրենիքում, ամեն բան մնաց անավարտ»։

2019թ.-ի հունվարի 17-ին՝ Սոս Էլբակյանը ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով։

Սոսը ծառայակից ընկերներից Արմենի բնութագրմամբ՝ ծառայության մեջ պարտաճանաչ էր, պահանջկոտ ու բոլորի կողմից սիրված։ «Անձնակազմի հետ խստապահանջ էր, բայց միևնույն ժամանակ ընդառաջող, օգնող։ Նա կարողանում էր համադրել այդ ամենն իրար հետ։ Անձնակազն էլ իրեն էր ընդունում, հարգում ու սիրում այնպիսին՝ ինչպիսին ինքը կար։ Ընկերս զորքին տանում էր իր հետևից ու չէր թողնում, որ գեթ մեկ վայրկյան տղաներն ընկճվեն։ Ինքը շատ դուխով էր, կարծես մի քանի անգամ արդեն մասնակցած լիներ կռվի»։

2020թ-ի հուլիսի 12-ին հակառակորդը փորձել է գրավել Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերը, սակայն անձնակազմի գրագետ աշխատանքի արդյունքում հետ է շպրտվել` կրելով մեծաթիվ մարդկային կորուստներ։

«Գանձերս խզարում են»,- ասել էր Սոս էլբակյանը հուլիսի 13-ի գիշերը՝ նկատի ունենալով իր զինվորների և ծառայակից սպաների պատասխան պատժիչ գործողությունները հուլիսյան մարտերում:

Կապիտան Սոս Էլբակյանը, մայոր Գարուշ Համբարձումյանի հետ միասին` հուլիսի 14-ին ժամը 01։30-ի սահմաններում իջել են զինամթերքի պահեստ, որպեսզի համապատասխան զինամթերք հասցնեն զորքին։ Եվ հենց այդ պահին էլ՝ թշնամու անօդաչու թռչող սարքը հայտնաբերել է նրանց գտնվելու վայրը և թիրախային հարված հասցրել։ Զինվորներից երկուսը եղել են զինապահեստում` մյուս երկուսը` մեքենայի մեջ։

Առաջին հարվածի ժամանակ Գարուշը վիրավորում չի ստացել, փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորում ստացած մյուս զինծառայողներին, սակայն ԱԹՍ-ի երկրորդ հարվածը եղել է զինապահեստի և ավտոմեքենայի միջև ընկած տարածությունում, որի հետևանքով էլ տղերքը զոհվել են։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  հրամանագրով կապիտան Սոս Էլբակյանը՝ հայրենիքի պաշտպանության աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար, 2020թ.-ի հուլիսի 15-ին հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և  կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան