Անմահ հերոս Աշոտ Միքայելյան

2020թ.-ի հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, հակառակորդի հերթական սադրանքի արդյունքում, ծավալվեցին մարտական գործողություններ։ Հուլիսյան մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ՝ երկու սպա` մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը, երկու ժամկետային զինծառայող՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Ժամկետային զինծառայող շարքային Արթուր Մուրադյանը գործողությունների ընթացքում վիրավորվեց, իսկ ավելի ուշ՝ հուլիսի 14-ին մահացավ ստացած վիրավորումից։ Հուլիսի 27-ին ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից՝ նույն հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, զոհվեց նաև ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող՝ կապիտան Աշոտ Միքայելյանը։

Աշոտ Գևորգի Միքայելյանը, կամ ինչպես իրեն հիշում են՝ ժպիտով կապիտանը, ծնվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին՝ Վանաձոր քաղաքում։ Աշոտը փոքր տարիքում հետաքրքրված է եղել ստեղծարարությամբ, գրել է բանաստեղծություններ ու առակներ։ Նա ամենատարբեր իրերից հետաքրքիր խաղալիքներ է պատրաստել իր ու ընկերների համար:

Աշոտ Միքայելյանը մանկուց երազել է զինվորական դառնալ։ Երազանքի հետևից գնալով՝ դպրոցն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուն պես՝ ծառայության է անցել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում։ Այնտեղ էլ մասնակցել է Ապրիլյան պատերազմին:

Ընկերները պատմում են, որ Աշոտի կոչումն ու տարիքը որևէ հարցում չէին խանգարում. նա չնայած երիտասարդ էր, բայց վճռականությամբ կատարում էր իր առջև դրված մարտական խնդիրները։ Ապրիլյան պատերազմից հետո՝ Աշոտը ծառայությունը շարունակել Ստեփանակերտի զորամասերից մեկում, որտեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ՝ Սյուզաննա Ավետիսյանի հետ, ում իր կյանքի լուսավոր կետն էր համարում։

2019 թվականին Աշոտն ամուսնացել ու ծառայության է անցել Վանաձորի զորամասերից մեկում։ Սյուզաննան ամուսնու ընկերասիրության, ծնողների նկատմամբ հարգանքի ու իր նկատմամբ տածած մեծ սիրո մասին ջերմ հիշողություններ է պահել. «Անգամ հինգ րոպե ունենալու դեպքում՝ Աշոտը համով բաներ կամ փոքրիկ նվերներ էր բերում, դնում մեր պատուհանագոգին ու շուտ գնում էր»,- պատմում է կինն ու հիշում, որ ամուսինը նաև շատ պարտաճանաչ ու հոգատար էր. «Մի օր, երբ «Անբասիր ծառայության համար» մեդալ էր ստացել, պետք է գնար նշելու և չէր կարողացել կապ հաստատել ինձ հետ, մի քանի կիլոմետր վազել է, տեսնելու՝ հո բան չի եղել»։

Ծառայակից ընկերները Սյուզաննային պատմել են, որ Աշոտի հետ շփման արդյունքում՝ սկսել են առանձնակի հարգանք տածել իրենց կատարած գործի և կրած համազգեստի նկատմամբ։ Համածառայակիցների խոսքով՝ Աշոտն ընկերասեր էր ու չափազանց կատակասեր։ Նա չէր սիրում, երբ իր կողքին գտնվող մարդիկ տխուր էին լինում։ Աշոտը պատասխանատու էր ու չէր հանգստանում, մինչև իր առաջ դրված խնդիրը լուծված չէր լինում։

2020 թվականի հուլիսի չորսից՝ կապիտան Աշոտ Միքայելյանը Տավուշի մարզի դիրքերում էր, մարտական խնդիրներ ու ինժեներական աշխատանքներ էին կատարում։ Ծավալված Հուլիսյան մարտական գործողությունների մասին ի սկզբանե չէր ասել կնոջը, բայց մամուլում տարածված լուրերից հետո՝ արդեն հպարտությամբ պատմել էր, որ մարտական խնդիրը լավ են կատարել։

Կինը պատմում է, որ մի քանի օրվա մեջ՝ Աշոտին ու իր դասակին հաջողվել է հակառակորդի տարբեր ստորաբաժանումների գրոհներ հետ մղել (ներառյալ` հատուկ նշանակության)։ Աշոտի ընկերներից Կամոն պատմում է կապիտանի համարձակության, նվիրվածության ու իր զինվորների նկատմամբ հոգատարության մասին։ Կապիտանի դասակում մինչև հուլիսի 27-ը կորուստներ չեն եղել, սակայն այդ օրը դիպուկահարի կրակոցից զոհվել է հենց ինքը՝ Աշոտը։

Աշոտի և Սյուզաննայի որդին՝ Դավիթը, ծնվել է հոր զոհվելուց ամիսներ անց։ Նա արդեն երկու տարեկան է։ Սյուզաննան ու Դավիթն այժմ գտնվում են հակառակորդի կողմից շրջափակված Արցախում. «Շրջափակման պատճառով չեն կարողացել տեղաշարժվել, որ գոնե Աշոտի ծննդյան օրը Վանաձորում լինեն»,- նշում է կինը։

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար՝ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության № զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի Միքայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Սիմոն Հովհաննիսյան