Անմահ հերոս Գարիկ Կիզիրանց

Գարիկ Քաջիկի Կիզիրանցը ծնվել է 2000թ-ի հունիսի 6-ին Գորիսում: 10 տարի ապրել է Մոսկվայում: 2007թ-ին ընդունվել է Մոսկվայի դպրոցներից մեկը, 3 տարի սովորելուց հետո՝ 2010թ-ին, տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Ղևոնդ Ալիշանի թիվ 95 դպրոցում, որն էլ ավարտել է 2019թ-ին: Դպրոցին զուգահեռ հաճախել է UCAN մոդելային դպրոցը: Գերազանց ավարտելով դպրոցը ընդունվել է ՀԱՊՀ-ի ՏՀՏԷ ինստիտուտի տնտեսագիտություն բաժինը: 2019թ-ի հուլիսի 15-ին զորակոչվել է բանակ: 6 ամիս ծառայել է Լուսակերտում: Դեկտեմբերին՝ սերժանտի կոչում ստանալուց հետո, ծառայությունը շարունակել է Արցախում՝ Հոռաթաղի զորամասում: Եղել է հաշվարկի հրամանատար:

«Բնավորությամբ շատ ըմբոստ էր: Իր տարիքի համեմատ շատ հասուն էր, չափազանց խելացի և կարդացած: Նաև ստեղծագործում էր: Ուներ բազում երազանքներ: Շատ էր սիրում կյանքը և իր ապրած յուրաքանչյուր օրը տոն էր դարձնում: Հրաշալի որդի, եղբայր, հոգատար թոռնիկ, հուսալի ընկեր ու պարզապես լուսավոր ու պարկեշտ մարդ էր Գարիկը»,- պատմում է Գարիկի քույրը՝ Մերի Մարությանը:

Գարիկը պատերազմի առաջին օրերից եղել է ամենաթեժ կետերում: Մասնակցել է Մարտակերտի, Մատաղիսի պաշտպանությանը: Հոկտեմբերի 15-ից տեղափոխվել է Մարտունի և մասնակցել Ճարտարում և Գիշիում մղվող թեժ մարտերին: Իրեն ամրագրված հրետանուց արձակել է շուրջ 2000 արկ: Պատերազմի օրերին ունեցել է մարտական բարձր տրամադրություն, միշտ ոգևորել է իր զինվորներին, ասել, որ անպայման բոլորով տուն են գնալու: 43 օր գիշեր ու ցերեկ առանց տրտնջալու կռիվ է տվել անողոք թշնամու դեմ: Ճիշտ հաշվարկների շնորհիվ ոչնչացրել է թշնամու բազմաթիվ զինտեխնիկա և կենդանի ուժ:
«Երազում էր ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել իր երազանքների քաղաք՝ Նյու Յորք: Բազմաթիվ գրքեր էր կարդում: Ցանկություն ուներ նաև գիրք գրել։ Գարիկը պաշտում էր Հարրի Փոթերին և Շերլոկ Հոլմսին: Նրա շնորհիվ բոլորս նույնպես սկսեցինք սիրել»,- հիշում է Մերին:

Ցավոք, հրադադարից մեկ օր առաջ, կատաղի մարտերի ժամանակ, «թաքստոց» հրաման տալով իր զինակից ընկերներին, Գարիկը հրանոթից կրակելիս թիրախավորվել է թշնամու կողմից: Վերջին անգամ ընտանիքի անդամների հետ խոսել է նոյեմբերի 8-ին և նույն օրն էլ անմահացել:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Զառա Թեյմուրազյան