Հայկական բանակը 34 տարեկան է

Հայկական բանակի կազմավորումը անկախ Հայաստանի պետականության ամենակարևոր նվաճումներից մեկն է, որը պայմանավորված էր նորանկախ պետության անվտանգության ապահովման հրամայականով և հայ ժողովրդի ազատ ապրելու վճռական կամքով։
1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով՝ պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ Նա դարձավ նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարը՝ ստանձնելով բանակաշինության ծանր ու պատասխանատու գործը։
1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով իրավականորեն ազդարարվեց Հայկական բանակի ստեղծումը։ Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները, իսկ արդեն 1992 թվականի մայիսին իրականացվեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին։
Հայկական բանակը ծնվեց Հայաստանի համար բարդագույն պայմաններում։ Կամավորական ջոկատներից ձևավորված զինված ուժերը կարճ ժամանակում դարձան կազմակերպված ու մարտունակ բանակ՝ իրենց ուսերին վերցնելով Հայաստանի և Արցախի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) անվտանգության ծանր պատասխանատվությունը։
1991թ.-ին սկսված Արցախյան ազատամարտի հաղթանակը դարձավ հայ ժողովրդի միասնական կամքի ու հերոսական պայքարի փառավոր ապացույցը՝ ամրապնդելով Հայկական բանակի դերն ու նշանակությունը մեր պետականության պաշտպանության գործում։
Վերջին տարիների իրադարձությունները ծանր հետք թողեցին ժողովրդի հիշողության մեջ։ Արցախի կորուստը ոչ միայն տարածքային, այլև հոգևոր ու արժեհամակարգային խոր վերք է, որը պահանջում է վերաարժևորում, համազգային միասնականություն և ուժեղ կամք։ Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ հայ ժողովուրդը նման է փյունիկի. վերածնվող՝ անգամ ամենածանր փորձություններից հետո։ Ուժեղ պետությունը, բարեփոխված բանակը և համազգային պատասխանատվությունը կարող են հիմք դառնալ ապագայի նոր ուղիներ կերտելու համար։ Այսօր, երբ կան բազմաթիվ տարածաշրջանային մարտահրավերներ, հայ զինվորի դերը առավել քան երբևէ առաջնային է։ Մեր բանակի յուրաքանչյուր զինծառայող ոչ միայն կանգնած է սահմանին, այլև շարունակում է կերտել հայրենիքի պատմությունը։ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն ու Banak.info-ն շնորհավորում են Հայոց բանակի վետերաններին ու ազատամարտիկներին, սպաներին, զինվորներին, ինչպես նաև՝ ողջ հայ ազգին, սեփական բանակ ունենալու պատիվը կրելու համար։Բանակի տոնը ևս մեկ առիթ է հիշելու բոլոր հայորդիներին, որոնց նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը։ Թող հավատը Աստծո, սեփական ուժերի, հայրենիքի և լուսավոր ապագայի հանդեպ լինի անսասան։ Հայ զինվորը եղել է, կա և կմնա մեր պետականության պահպանման գլխավոր երաշխիքը։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:



