Անմահ հերոս Դավիթ Նավասարդյան

Դավիթ Վիկտորի Նավասարդյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 6-ին՝ մայրաքաղաք Երևանում։
Սովորել և ավարտել է Երևանի N 177 դպրոցը։ Ավարտելուց հետո՝ 1996 թվականին, Արցախի Հանրապետությունում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության։
Ծառայության ավարտից հետո Դավիթը մշտական բնակություն է հաստատել Արցախի՝ Մարտունու շրջանի Ջրակուս գյուղում, որտեղ և ամուսնացել ու շենացրել է հայրենի հողը։ Դավիթն ունի չորս զավակ, որոնցից ամենափոքրին չի հասցրել տեսնել, քանզի որդին ծնվել է հոր զոհվելուց մեկ ամիս անց։
Դավիթը սիրել է իր երեխաներին պատմել Արցախյան գոյամարտի տարիների հերոսների մասին, շատ հայրենասեր էր, ինչը և սերմանում էր իր երեխաների մեջ։
2013 թվականից ծառայության է անցել՝ որպես պայամանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կոչումով։
2014 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 21:15-ի սահմաններում՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Դավիթ Վիկտորի Նավասարդյանը:
Դավիթ Նավասարդյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: