Անմահ հերոս Աշոտ Զոհրաբյան

1991 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Արարատի մարզի Այնթափ գյուղում է ծնվել Աշոտ Զոհրաբյանը։

Աշոտը սովորել է Նոր Խարբերդի Հ.Թլկատինցու անվան թիվ 1 միջն. դպրոցում, մշտապես աչքի է ընկել  բարձր առաջադիմությամբ, նաև իր գեղարվեստական՝ գեղեցիկ ու բովանդակալից շարադրություններով։

2009 թվականին  ընդունվել է Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան։  Այնտեղ սովորելու տարիներին՝ Աշոտն իր շարադրություններից մեկում գրել է. «Ես՝ հաղթանակի սերունդս, երդվում եմ անվերապահորեն նվիրվել իմ հայրենիքին, նորանոր հաղթանակներ բերել նրան, իսկ հարկ եղած դեպքում՝ պատրաստ եմ կյանքս տալ հանուն իմ հաղթանակած հայրենիքի պայծառ գալիքի»:

Աշոտի մասնագիտության ընտրության մեջ մեծ դեր է ունեցել նրա քեռին, որը ևս զինվորական է։ Աշոտը փոքրուց ծանոթ լինելով զինվորականի բարդ ու պատասխանատու աշխատանքին՝ որոշում է ամբողջ կյանքը նվիրել հայրենիքին, անկախ նրանից, որ գիտեր և տեսել էր այդ մասնագիտության բարդությունները։

2013 թվականին՝ ավարտելով ուսումը ծառայության է անցել Արցախի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանի զորամասերից մեկում՝ որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար, լեյտենանտի զինվորական կոչումով։ 2015 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում։

2016 թվականի ապրիլին՝ թշնամին արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով անցել է ռազմական գործողությունների, որին հայկական կողմը տվել է համարժեք պատասխան։

Ապրիլի 30-ին՝  արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել հայկական զորքերի ուղղությամբ։

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում՝ արևելյան ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել Աշոտ Շավարշի Զոհրաբյանը։

Զինակից ընկերներից մեկը` Դավիթ Պետրոսյանը, Աշոտի զոհվելուց հետո համացանցում հետևյալ գրառումն է արել.

«Ես չգիտեմ՝ երկնային կյանք կա, չկա, բայց մենք հանդիպելու ենք: Էսօրվա պես հիշում եմ՝ ինչ պահեր ենք իրար հետ ունեցել, ոնց ենք ծանոթացել, ոնց ենք հաց կերել, ոնց դու քո վերջին երկու տուփ սիգարետը ինձ տվեցիր պոստերում, ծնունդիս սպորտային համազգեստդ նվիրեցիր, որ գիշերը զարթնում էինք ու խրամատը մաքրում էինք, ու որ մեր պոստը գումարտակի լավագույն պոստ ճանաչվեց, հիշում եմ: Ախպերս, մենք քեզ շատ սիրում ու հարգում ենք: 

Հավերժ փառք քեզ, մեր լավ ընկեր…»:

Աշոտ Շավարշի Զոհրաբյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության», «Հայրենիքի պաշտպանության համար», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան