Անմահ հերոս Տիգրան Բերակչյան

Տիգրանը ծնվել է 1997 թվականի մարտի 22-ին՝ Երևան քաղաքում։ Սովորել է Կոստան Զարյանի անվան N 117 հիմնական դպրոցում։

«Ազնիվ էր, ընկերասեր, մեծերին շատ հարգող էր, հարևանուհիներից որևէ մեկը, որ  ծանր տոպրակներով տուն էր գալիս, անմիջապես ձեռքից վերցնում էր և նույնիսկ խորհուրդ էր տալիս, որ նույն  ճանապարհով էլ չգնա, որովհետև այդ կողմերը լույս չի վառվում, խմած մարդիկ կարող են  հարձակվել»,- հիշում է մայրը՝ Եվգինեն։

Մինչ բանակ զորակոչվելը, Տիգրանն ուսման հետ համատեղ աշխատել է՝ ցանկանալով օգնել ծնողներին։

2015 թվականին անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մեխակավանի N զորամասում։

«Երբ 17 տարեկան էր, մեզ համոզում էր, որ կա այնպիսի օրենք, որով դեռ 18 տարին չլրացած տղաները՝ ծնողների համաձայնությամբ ծառայության կարող են անցնել, ասում էր՝ համաձայնություն տվեք, թե չէ անիմաստ 1 տարի էլ պիտի դպրոց գնամ, ավելի լավ է գնամ ծառայեմ, իսկ  ծառայելուց հետո՝ ուզում էր դառնալ  պայմանագրային զինծառայող»,- պատմում է մայրը։

2016 թվականի ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։

Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը, Մեխակավանի բարձրունքներից մեկը  թշնամու կողմից ենթարվել է գրոհի։ Բարձունքում մարտական հերթապահություն իրականացնող զինվորները ժամեր շարունակ պայքարել են թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Ժամկետային զինծառայողների օգնության է հասել սպայական խումբը։

Բարձունքի պաշտպանության ժամանակ քաջաբար մարտնչելիս ընկել են սպաներ՝ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, ժամկետային զինծառայողներ՝ Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը,  Տիգրան Բերակչյանը, պայմանագրային զինծառայող՝ Անդրանիկ Գրիգորյանը։

Տիգրան Բերակչյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։ 

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան