Անմահ հերոս Արսեն Նիկողոսյան

Արսեն Գերասիմի Նիկողոսյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 30-ին՝ մայրաքաղաք Երևանում: Մինչև երրորդ դասարանը սովորել է Երևանի 163-րդ դպրոցում, այնուհետև՝ հաճախել է Կոտայքի մարզի Հացավան գյուղի դպրոցը: 2015 թվականին Արսենի ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Այնտեղ Արսենը զբաղվել է հեռախոսների և համակարգիչների վերանորոգման աշխատանքով:

«Նպատակ ուներ տեխնիկական կրթություն ստանալ, քանի որ սիրում էր այդ գործը: Դպրոցում էլ՝ հենց համակարգիչները խնդիր էին ունենում, ուսուցիչներն Արսենին էին դիմում: Ռուսաստանում սիրած աղջիկ ուներ, նրա հետ մինչև հիմա խոսում եմ, կապը պահում ենք»,-ասում է մայրը՝ Նարինե Պողոսյանը:

Երբ լրացել է Արսենի 18 տարեկանը, Հայաստան է վերադարձել, որպեսզի կատարի իր պարտքը հայրենիքին: Ծնողները Հայաստան գալու Արսենի մտքի հետ համաձայն չեն եղել, բայց նա համառել է. Նիկողոսյանների  ընտանիքը նորից Հայաստան է վերադարձել: 2019 թվականի հունվարի 12-ին Արսենը զորակոչվել է հայկական բանակ և ծառայության անցել Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում: Ծառայել է մեծ սիրով: Մայրն ասում է, որ և՛ Արսենն էր գոհ, և՛ Արսենից էին գոհ:

«Զինորական երդման արարողությունը ձմռանն էր, շատ դժվարությամբ կարողացանք գնալ Արցախ, որպեսզի մասնակցենք երդմնակալությանը: Հետո, արդեն ամռանը, հունիսին իրեն ուղարկեցին ուսումնավարժական զորամաս՝ սերժանտական կուրսերի: Մի անգամ էլ այդ ժամանակ ենք տեսել նրան: Շատ ուրախ էր, շատ գոհ: Ոչ մի բանից չէր դժգոհում: Արսենին շատ էին սիրում բանակում: Այդ կուրսերից հետո Արսենը տասնհինգ օրով արձակուրդ եկավ: Դրանից հետ նրան էլ չենք տեսել»,- ասում է Նարինեն:

«Արսո». Արսենին բանակում այսպես են անվանել: Մայրն ասում է, որ տղան շատ ընկերներ է ունեցել,  շփվում էր հիմնականում իրենից մեծ տղաների հետ: Ընկերասեր, հայրենասեր, պարզ, ճշտապահ անձնավորություն է եղել Արսենը: Հենց այդ պատճառով էլ՝  2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, արժանացել է լեյտենտանի զինվորական կոչման:

«Պատերազմի օրերին ավելի շատ հորը և մորեղբորն էր զանգում: Հատկապես կապված էր մորեղբոր հետ: Նրան պատմում էր, թե մարտի դաշտում ինչքա՜ն թշնամու են ոչնչացրել: Իսկ ինձ հետ խոսելիս, ասում էր, որ իրենց մոտ հանգիստ է և իրենք թաքստոցում են, այնինչ՝ նա մարտնչել է պատերազմի ամենաթեժ տեղերում»,-պատմում է մայրը։

Արսենը ընկերական շրջապատում էլ է շատ սիրված եղել: Իր հումորով ու դրական էներգիայով՝ հագեցրել է ընկերների օրը: Բացի կատակելը, Արսենը նաև լավ երգել է: Լևոն Թուխարյանը, ով Արսենի հետ նույն բակում է մեծացել, պատմում է, որ ընկերը լավ ձայն ուներ, ծննդյան առիթներին պարտադիր երգում էր: Նրա խոսքով՝ Արսենի հետ չէին կարող ձանձրանալ:

«Դպրոցական տարիքում, երբ սմարթֆոնները նոր էին գործածվում, Արսենի հետ կենտրոն էիք գնում, մարդկանց ոչ ստանդարտ հարցեր տալիս և նկարում: Արսենը հատուկ հարցաշար ուներ, կոչվում էր «աբսուրդ հարցեր»: Տեսագրությունները չէինք հրապարակում, նկարում էինք սիրողական»,- հիշում է Լևոնը:

Լևոնի խոսքով՝ ինքը նույնպես զբաղվել է հեռախոսների նորոգման գործով: Նույնիսկ ընկերներով նպատակ են ունեցել այդ ոլորտում բիզնես հիմնել: Ավաղ, այդ մտքերն անկատար մնացին:

«Արսենը իսկական ընկեր էր, լավ մարդ: Նա հաստատ հիմա շատ բաների հասած կլիներ: Եվ սա ասում եմ ոչ թե նրա համար, որ իմ ընկերն է, այլ իսկապես Արսենն այդպիսի՝ գրեթե անթերի մարդ էր»,- ասում է ընկերը:

Արսենը հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 10-ին: Նրանց ասել է, որ մի քանի օր կապի դուրս չի գալու:

Արսեն Նիկողոսյանը ընկել է հոկտեմբերի 13-ին՝ Մարտակերտում: Ծնողները որդու զոհվելու լուրը ստացել են դեպքից հինգ օր անց միայն: Իսկ մարմինը գտել են դեկտեմբերի 26-ին:  Արսենին հուղարկավորել են փետրվարի 13-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Արսեն Նիկողոսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» և Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։ Բացի այդ՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար, Արսենն արժանացել է մի շարք պատվոգրերի:

«Հանուն հայ զինվորների» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Լուսինե Փարսադանյան