Անմահ հերոս Արամ Աբրահամյան

2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արամ Աբրահամյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 25-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում։

Արամը սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, զուգահեռ Վաղարշապատի 2-րդ երաժշտական դպրոցում, դաշնամուր էր նվագում, նաև Վաղարշապատի ռադիոդպրոցում։ Արամը փոքրուց հետաքրքրություն է ունեցել էլեկտրականության հետ, հոր մասնագիտությունը միշտ ցանկացել է յուրացնել ու հարազատների պնդմամբ դա նրա մոտ ստացվել է։

2011-2014 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում՝ ստանալով էլեկտրիկի մասնագիտություն։

2015 թվականին անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում, որպես հրաձգային ջոկի ավագ հրաձիգ, գնդացրորդի օգնական։

Ծառայության ընթացքում մեկ անգամ է արձակուրդ եկել, այն էլ անակնկալ կերպով.

«Սպասում էինք, որ մեծ հարսիս եղբայրը պետք է արձակուրդ գար։ Տնից դուրս գալուց տեսնենք՝ մեզ դեմ դիմաց զինվոր է գալիս։ Սկզբից թվաց՝ հարսիս եղբայրն է, ամուր գրկեցի, որ Արամիս կարոտն էլ առնեմ, հետո տեսա, որ Արամս է՝ ձեռքին էլ ծաղիկներ»,- պատմել է Արամի մայրը՝ տիկին Նարգիզը։

2016 թվականի Ապրիլյան պատերազմից օրեր առաջ Արամը ծառայակից ընկերների հետ հերթական հերթափոխի հետո վերդադարձել է զորամաս: Արդեն ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն անցել է լայնամասշտաբ հարձակման արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Անձնակազմը տագնապով բարձրացել է դիրքեր։ Ապրիլի 4-ին մարտական գործողությունների ընթացքում ականի պայթյունից Արամը  ծառայակցի, մտերիմ ընկերոջ՝ Արամայիս Միքայելյանի հետ զոհվել է:

Աբրահամյանների բակում ծիրանենին, որն Արամինն էր, զոհվելուց հետո այլևս բերք չի տալիս, չորացել է։

Արամ Արայիկի Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան