Վարդան Մնացականյան

«Անվախ մարդ չկա, բոլորս էլ վախենում ենք մահից, բայց վախով ապրելն ավելի դաժան է»,-այս խոսքերը պատկանում են նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում անմահացած հերոս Վարդան Նորիկի Մնացականյանին:
Արագածոտնի մարզի, Թալինի շրջանի Կարմրաշեն (Ղրմզլու) գյուղում ծնված Վարդանը 29 տարեկան էր: Քույրը՝ Անուշը, պատմում է, որ եղբայրը եռանդուն էր, հայրենասեր, իր խոսքին տեր կանգնող. «Վարդանը երդմանը հավատարիմ տեսակ էր, միայն մի երդում չկատարեց. հարազատներին ասաց, որ երբ աղջիկը՝ Արփին «պապա» ասի, տուն է դառնալու: Աղջիկը, դեռ հոր սահմանին գտնվելու ժամանակ ասաց «պապա», բայց նա այդպես էլ չլսեց ու տուն չդարձավ. մահացավ՝ անմահանալով»:
Անուշի խոսքերով Վարդանը աշխատասեր էր ու նպատակասլաց: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո միանգամից ծառայության էր անցել Ոստիկանական զորքերում. արդեն 8 տարի ծառայում էր: Ընկերասեր էր, ընտանիքը վեր էր դասում ամեն ինչից, կնոջ ու երեխայի համար չէր խնայում ոչինչ. «Շատ սիրով ու նախանձելի զույգ էին, երևի թե կյանքումս տեսած ամենաանմնացորդ սիրով լեցուն զույգը: Կինը միշտ ժպտում էր ու Վարդանն այդպիսին էր սիրում կնոջը»,-պատմում է Անուշը, իսկ Վարդանի կինը՝ Թամարան, հաստատում է այս խոսքերն ու ամուսնու մասին խոսում անսահման հիացմունքով. «Մենք մանկուց էինք իրար ճանաչում, Վարդանը շատ հոգատար ու համբերատար էր: Ես դեռ դպրոցական էի, երբ նա ինձ առաջարկություն արեց, երկար ժամանակ չէի խոսում հետը, իսկ հետո, երբ որոշեցի ավելի խորը մտածել՝ սկսեցինք շփվել: Վարդանի մեջ ինձ գրավել էր հայ տղամարդու վեհ կերպարը: Ես նրա մեջ սիրեցի այն, որ հավատարիմ էր իր խոստմանն ու երդմանը»:
Վարդանն աղջիկ երեխա ունենալու փաստն անսահման երջանիկ է ընդունել, կինն ասում է, որ շատ էր ուզում աղջիկ ունենալ և երբ առաջին անգամ գրկել էր դստերը, երանելի մանկություն էր խոստացել. «Նա աննկարագրելի ծնող էր, ծնող է: Արփիին նա ինձ հետ հավասար պահել է, մենք միասին շատ ուրախ-տխուր պահեր ենք ունեցել, մեկս մյուսի մասին հոգ տանելով, մեկս մյուսի ցավը կիսելով ապրել ենք: Մեր մեջ չկար ես ու դու, կար մենք: Շատ դժվարություններ ենք ունեցել, բայց փորձում էինք մերը ստեղծել: Ավաղ այնպես ստացվեց, որ նա որոշեց մեկնել զինվորական ծառայության, խնդրեց, որ իրեն առանց արտասվելու ճանապարհեմ պատերազմ ու հետո ժպիտով դիմավորեմ: Խոստումս պահեցի: Նոյեմբերի 6-ին Արփիի ծնունդն էր, զանգեց, բայց չկարողացավ շնորհավորել, հարմար չէր, որ երկար խոսեր»,-հիշում է Թամարան ու ձայնը կարգի բերելով ասում, որ այնուամենայնիվ Վարդանը նամակ գրեց. գրեց, որ սիրում է իրենց ու դա վերջին նամակն էր, որ ստացան Վարդանից:
Թամարան խոսելիս հաճախ հուզվում է, հետո հիշում, որ պիտի ամուր մնա, ձգվում է ու էլի քաղցր հիշողությունների գիրկն ընկնում: Պատմում է, որ ամուսնու ոստիկանական համազգեստը միշտ հպարտությամբ էր արդուկում, պատրաստում. «Սիրում էր միշտ կոկիկ տեսք ունենալ, «բատինկաները» միշտ այնպես էր փայլեցնում, որ եթե ցանկանայինք, որպես հայելի կարող էինք օգտագործել: Նույնիսկ պատերազմ գնալիս էր փայլեցրել ու մաքրելու միջոցները վերցրել էր հետը, որ տունդարձին էլի փայլուն «բատինկաներով» լինի: Ասել էի՝ ինչպես ուզում ես արի, միայն թե կգաս: Գիտակցում եմ, որ իմ հերոսը պարտավոր էր գնալ, բայց պիտի գար…»:
Կնոջն ասել էր՝  «հո  կռիվ չեմ գնում, պատերազմ ա էլի, բա ինչ պիտի անեմ, կգամ, ուրիշ տարբերակ չկա»,- ասել, ժպտացել ու գնացել էր:
Հերոսը զոհվելու օրը՝ նոյեմբերի 7-ի առավոտյան, շատ բարձր տրամադրությամբ զանգահարել ու ասել է, որ թեժ մարտեր են եղել ու ինքը պատասխանատվությամբ կատարել է իր պարտքը. «Պաշտպանելը նրա տարերքն էր, բայց ես չեմ համակերպվում նրա մահվան հետ: Չեմ համակերպվում այն պատերազմի հետ, որի միջով պիտի դեռ անցնեմ: Իմ պատերազմը դեռ նոր է սկսվում կյանքի հետ, այն կյանքի, որում պիտի ապրեմ»:
Թամարան ամուսնուն խոստացել է բարձր պահել նրա պատիվը, շիրիմին միշտ թարմ կարմիր վարդեր տանել, այն վարդերը, որոնք Վարդանն այնքան սիրում էր. «Թող իմ աղջիկը լինի վերջինը, որ հայր չի ունենա, թող վերջին կինը լինեմ, որ կորցրել է ամուսնուն: Հիմա ամբողջ ազգն է սգում, բայց ամեն մարդու համար իր սուգը յուրովի է»:
Վարդանին հողարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նրա գերեզմանից պարզ երևում է ոստիականական զորամասը, որից նա անբաժան մնաց:
Հերոսը, որն անչափ կապված էր իր գյուղին, հայրենի երկրի բնությանը, հենց ինքն ի վերջո ձուլվեց սուրբ հողին և, բացի հայրենիքին անմնացորդ ծառայությունից, երկրի վրա թողեց մի լուսավոր արև՝ մի Արփի։

Իննա Թումանյան