Անմահ հերոս Սարիբեկ Եղոյան

Յուրաքանչյուր կնոջ համար ամուսինն իր գլխի թագն է, երբ որ կա թագ, դու քեզ թագուհի կզգաս, երբ չկա, դու ոչինչ ես. Սուսաննա Եղոյան
«Ամուսինս՝որպես մարդ, շատ լավն է եղել: Ես չեմ համարում, որ ինքը մայոր է եղել կամ կապիտան, այդ աստղը իրեն չի փոխել: Կամ երբ ասում են, որ սպա են, բարձրաստիճան են, իրենք սիրտ ու հոգի չունեն: Չկա նման բան: Ի վերջո այդ սպաներից է կախված զինվորների կյանքը, այդ սպաներն էլ ունեն երեխաններ, և նրանց երեխաներն էլ մի օր պիտի դառնան զինվոր: Ի վերջո՝ նրանք են հիմքը դնողը»,- այսպես է սկսում պատմությունը Սարիբեկ Եղոյանի կինը՝ Սուսաննա Եղոյանը:
Սարիբեկ Գուրգենի Եղոյանը ծնվել 1990 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում: 1997 թվականին հաճախել է Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց, որն ավարտել է 2007 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ավարտել է 2011 թվականին և նշանակվել աշխատանքի ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսում՝ որպես լեյտենանտ, նույն տեղում էլ ստացել է ավագ լեյտենանտի կոչումը։
«Կսեր, որ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում սովորելը ամեն մարդ չի կարող, որովհետև դա շատ դժվար ու բարդ ճանապարհ է, էդ ճանապարհին մարդիկ են եղել, որոնք չեն կարողացել հաղթահարել»,- հիշում է Սուսաննան:
Սարիբեկը և Սուսաննան ծանոթացել են 2012 թվականին, իսկ 2013-ին նշանադրվել, ապա ամուսնացել:
«Հիշողությունդ չես կարա ջնջես, որովհետև դու ապրել ես էդ մարդով, դու էդ մարդու համար ես ապրել, դու միշտ սպասել ես, որ ժամը 6-ից հետո գա։ Ես բանակի կյանքով եմ ապրել, մտածելով՝ հեսա ամուսինս տուն կգա, ընկերները տուն կգան։ Մենք առանց իրա ընկերների հաց չենք կերել, որովհետև իրա ընկերներից ոչ մեկ ամուսնացած չէր՝ բացի իրենից ու հաց սարքողը ոնց որ միայն ես էի։ Կապ չունի ես ինչ եմ ունեցել էդ տարին, կարողա կարտոշկի ժարիտ էղներ, բայց մենք բոլորով էլ էդ ուտեինք բժիշկներով։ Դե, բժիշկները սակրավորների հետ են գործում։ Կապրես էդ կյանքով, անկախ ամեն ինչից դու եղել ես, ծառայել ես, պետությունն էլ քեզ կհաշվե ծառայող, դու ծառայել ես քո երեխեքի հետ, դրա համար պետությունը մեզի հացի փող է տվել, որովհետև մենք ծառայել ենք, մենք որ կսեմ՝ ես չեմ առանձնացնի մեր ընտանիքի մեջ ո՛չ ամուսնուս, ո՛չ ընձի, ո՛չ իմ երեխուն, ընտանիքիդ մեջ ինչ կատարվի՝ բոլորին կվերաբերվի: Հմի, որ իմ ամուսինը չկա, ամենաշատ տուժածը ես եմ։ 8 տարի էր անցել, ես էդ համազգեստը առաջին անգամ եմ հագել, որովհետև իմ ամուսինը միշտ կսե, որ պիտի էդ համազգեստին արժանի էղնին, որ հագնին: Հա, ես չէի հասկանա, հետո հասկացա` ինքը ճիշտ կսեր, կսեր, երբ որ կհագնին, կողքից որ կանցնին, պիտի էդ կողքի մարդը հասկանա, թե էդ համազգեստով մարդը ով է, ոչ թե ուղղակի ինքը զինվորական է ու պարտավոր է ծառայության»։
2015 թվականին Սարիբեկը տեղափոխվել է Տավուշի մարզի Շամշադինի շրջան՝որպես կապիտան և վաշտի հրամանատար։
«Ես նրա մաքուր, ազնիվ ծառայության շնորհիվ կարամ միշտ պարծենամ ու էդ բոլորը զորամասից, նախարարությունից էլ գիտեն։ Այնպես չէ, որ ինքը Սարոն է, իմ ամուսինն է, ես կգովամ իրան, չէ, իրա մաքուր ապրածով ինքը հասել է էդ ամեն ինչին, չգիտեմ, մենք բանակի շնորհիվ չենք հարստացել, մենք ոչ մի բան չենք էրե, ընդհակառակը, ամուսինս պահ է եղել, շոր է բերել տվել, որ ես լվացնեմ, ու էդի իրա զինվորինն է եղել, որ այդ զինվորը մաքուր քնապարկում քնի: Պահ է էղել, որ իրա ունեցածից է տարել՝ ասելով, որ զինվորս չունի, իմ էրեխես չունի, տանեմ էդ զինվորին տամ, որ իրա ոտքը չմնա դուրսը։ Ճիշտ է, շախմատ խաղալ չգիտեմ, բայց կռիվը նման է շախմատի, ես էդ եմ հասկացել, առաջինը զինվորը, հետո՝…։ Մենք 7 տարի մնացել ենք առաջին կարգի զորամասում: Նա նվիրված է եղել իր ծառայությանը, ես նրան ոչ մի հարցում չեմ խանգարել: Նույնիսկ նախանձում էի, որ ավելի շատ ժամանակ է անցկացնում զինվորների հետ, քան իր երեխայի: Նա միշտ ասում էր, որ իր տղերքն են: Նա մի զինվոր ուներ Մկրտիչ անունով: Ասում էր, որ ուզում է որդին հենց այդ զինվորի նման լինի: Հարցնում էի ինչու՞, ասում էր՝ նրա մեջ այնքան բան կա, որ ձգում է»։
2020 թվականին Սարիբեկ Եղոյանը ստացել է մայորի կոչում՝ որպես գնդի ծառայության պետ։
Ինչպես արդեն նշվեց՝ Սարիբեկը և Սուսաննան ունեն որդի, անունը՝ Գուրգեն: Սուսաննային հարցրի, թե ուզեցե՞լ է որդին նմանվել հայրիկին, նրա նման զինվորական դառնալ։
«Ճիշտն ասած, զինվորականը էդ հարաբերական է, բայց ոստիկան շատ կուզե, իրա հոպարը ոստիկան է, ինքն էլ կուզե ոստիկան դառնալ, զինվորական էղնելը՝ ինձ կթվա ավելի բարդ ու պատասխանատու բան է։ Գիտեք, մենք բոլորին մեղադրեցինք պատերազմի ժամանակ, բայց մենք ինքներս մեր մեղքը չտեսանք։ Ամենամեծ մեղավորը մենք ենք, որովհետև էսօր ոչ մեկի արյունը՝ ոչ մեկի արյունից էլ կարմիր չէ, էդ բոլորինս է, ոչ թե մեկս մեկի վրա գցելով է, ոչ թե բանակը ու վերջ։ Չէ, նույնիսկ 2020 թվին ես եմ ուզեցել էրտամ պատերազմ, ամուսինս ասավ` դու էրտաս, ի՞նչ պիտի անես, ես կհիշեմ էդ իրա բառերը, ես միշտ կհիշեմ։ Ասաց՝ դու մնա իմ երեխուս պահի, ես էդ էլ կենեմ, հա՛մ քու տեղդ կկռվեմ, հա՛մ տղուս, հա՛մ էլ իմ։ Ու էդպես էլ եղավ, պատերազմի համար ավելի շատ բան ունի էրած: Պատերազմի ժամանակ Տավուշի շրջանում էր։ Էդ ժամանակ Թադևոսյան Արտակն էր գնդի հրամանատարը, նա հրաման էր տվել, որ բոլորին կրնային տանեին, բացի Եղոյան Սարիբեկից՝ իմ ամուսնուց, ու Ուդումյան Գագիկից, որովհետև իրանք ավելի շատ կրնային պաշտպանեին Տավուշը ու ավելի շատ բան գիտեին էդ շրջանի մասին, քան մնացածը։ Ամուսինս կռիվ էր տվել, ուզեցել էր գնա, նա ասել էր, որ չէ, Եղոյա՛ն, դու պիտի մնաս ստեղ, որովհետև առանց քեզի ստեղ չի եղնի»։
2022 թվականին Եղոյանը ընդունվել և սովորել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ակադեմիայում։
«Ամուսինս ակադեմիայից տուն է եկել օգոստոսի 1-ին: Իրեն առաջվա գնդի հրամանատարն էր զանգել ու մենք ուզում էինք գնալ Ագարակ, այնտեղ առաջարկել էին, մենք էլ համաձայնվել էինք, որ գնար այդ զորամասը ծառայելու: Հետո խառը դեպքեր եղան, օգոստոսի 3-ը կամ 4-ն էր, որ ամուսինս զանգեց ու ասաց, որ շորերը դնեմ, որ ինքը գնա, խնդիրներ կան: Նա չի եկել տուն մինչև հոկտեմբերի 11-ը, հենց այդ օրը եկավ: Գնդի հրամանատարն էր տուն ուղարկել, որ լողանա, պատրաստվի, դիրք պետք է գնա: Այդ օրը հրաժեշտ տվեցի ու չէի պատկերացնում, որ ընդհանրապես էլ չէի տեսնելու: Վերջին անգամ ամուսնուս ամսի 11-ին եմ տեսել, 12-ին տնից ճանապարհել եմ: Ես մի ամիս նրան չէի տեսել: Ես միշտ մտածել եմ, որ հավանական է, որովհետև նա միշտ վտանգավոր գործեր է արել, որ կարող էր ընկնել գերի, գերի ընկնելուց էլ պայմանավորված ենք եղել, որ պիտի կրակի իրեն: Հիմա շատ դժվար է, որ ինքը չկա, բայց եթե գերի ընկներ, ես երևի ավելի կգժվեի, քան մահից հետո է: Բոլորն ասում են ամուսինն է, հո երեխեն չէ, բայց չկա նման բան: Ամուսնուդ դու ընտրել ես քո կյանքի ընկեր, դու պիտի իր հետ ծերանաս, առանց ամուսնուս ես կիսատ եմ: Միշտ ասում են, որ ես ուժեղ մարդ եմ, բայց բաներ կան, որ ես չեմ կարողանա լրացնել իմ որդու կյանքում: Ընտանիքը եռանկյուն է, ընտանիքի մեջ Աստված ստեղծել է հորը, մորը ու երեխային, ուրեմն դա լիարժեք ընտանիք է: Բայց երբ որ չկա ծնողներից մեկը, դա շատ դժվար բան է։ Մենք շատ-շատ ենք գնում գերեզման ու իմ տղան չի ուզում այնտեղից գալ: Գերեզմանը դարձավ ավելի հարազատ: Երբ տղաս հարց է տալիս, ես ասում եմ, որ իր պապան ամենափայլուն աստղն է: Ես միշտ էնպես կապրեմ, որ իմ ամուսինը կա, ես չեմ սիրի էդ պիտակը, որ կսեն՝ ինքը առանց ամուսին կին է…։ Ես ամուսին ունեմ, ինքը չի մեռել, ինքն անմահացել է, մեռնելը ո՞րն է, ինքը անմահացել է հանուն մեզի, իմ համար, իմ տղու համար»:
Սարիբեկ Եղոյանը զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ականի պայթյունից։
«Նրա զոհվելու լուրը ես ֆեյսբուքից եմ կարդացել։ Ես մինչև հմի էլ չեմ հավատա, որ ամուսինս կրնար մինի վրա ուղղակի էդպես էղներ: Սկզբից տեղեկացրել են բոլորին, բացի ինձնից ու էդ ոնց որ իմ հոգեբանության վրա ավելի շատ է ազդել։ Էն որ ֆեյսբուքը ես բացել եմ, կարդացել եմ ու չեմ ուզե էդ պահը հիշեմ, չեմ պատկերացնի` ես ինչի միջով անցա։ Ես մինչև հմի, որ հաց կուտեմ, էդ հացը իմ ամուսնու արյան գինն է, կհասկանաք՝ էդ իմ համար ամենադժվարն է։ Ինձի համար Սարոն կյանք է եղել, ես չգիտեի՝ ինչ էր սկզբից երջանկությունը, բայց հմի եթե ես իմ ամուսնուն տեսնեի, ես չէի ասի իրան, որ կսիրեմ, ես կասեի՝ դու ապրի ուղղակի, որովհետև ինքը արժան չէր էդ սև հողին, էդ սև հողը իրանցը չէր։ Մեկ-մեկ սև հումորներ կենեմ, կսեմ՝ ես որ մահացա, մի շիշ գինի կդնեք ու 2 հատ բաժակ․ մենք վերջապես մարդ ու կնիկ իրար հետ մենակ կմնանք, որովհետև չենք հացել։ Էս 10 տարվա մեջ ես չեմ հիշել էդպես օր, երևի մատներիս վրա հաշվեմ, որ Սարոն տունն է էղել կամ Սարոն Նոր տարվան տունն է էղել, ինքը զինվորների հետ է եղել։ Ես գիտեմ, որ ոչ մի բան չեմ կարա փոխել, էդ կհասկանամ։ Ես անզոր եմ, բայց էն, ինչը կախված է ինձնից, որ երեխուս կյանքը լավ էղնի կանեմ։ Իրա պապան ինչ թողել է, ինքը պիտի էդ ամեն ինչով ապրի, մեծանա, աշխատի, նորմալ մարդ դառնա։ Ամուսնուս անունով դիրք կա՝ Մեհրաբի դիրքն է, որտեղ ամուսինս զոհվել է: Ես ոչ մի բան չեմ արել, ոչ մի գումար չեմ ծախսել, որ ամուսնուս անունով դիրքը բացեն, ուղղակի ունիմ դիրքի թուղթը, ունիմ թուղթը, որ ամուսինս գրված է պատվոգրքում զորամասի, ուղղակի ինքը լավ սպա է եղել: Իմ համար էդ ուղղակի պատիվ է, մեծ պատիվ, որ զինվորները պիտի էրտան կամ ինչ-որ մեկը պիտի տա դիրքը պատվով պահե, ես էլ եմ պատրաստ՝ էրտամ կանգնիմ։
Հանկարծ անձրև եկավ, ամպրոպ եղավ, իմացեք՝ ուրեմն ես ու ամուսինս կռվինք իրար հետ, իսկ հենց արև եղավ, տաք եղավ, ուրեմն մենք ընդեղ իրար հետ շատ լավ ենք կսեն, հլը ժամանակը չի կսեմ, ոչինչ, էդ օրն է գուկա…. »:
Սարիբեկ Եղոյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Ամբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով։ Հետմահու` «Արիության» համար մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Անուշ Գևորգյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: