Անմահ հերոս Էրիկ Աբովյան

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Էրիկ Աբովյանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 24-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Կրթություն ստացել է Երևանի թիվ 54 դպրոցում, շարունակել Ստեփանավանի Հ.Թումանյանի անվան ավագ դպրոցում: Փոքր տարիքում Էրիկը փորագրության դասերի է հաճախել, աշխատանքներից շատերը խաչեր են եղել։
Դպրոցում սովորելու տարիներին մաթեմատիկա էր շատ սիրում, ուսուցիչներն ասում էին՝ «Մաթեմատիկոսն եկավ», շատ ընկերասեր պատանի էր Էրիկը, ցանկանում էր ծառայունն ավարտելուց հետո ծրագրավորում սովորել, բազմաթիվ ծրագրեր ուներ, որոնք մնացին անկատար։
2015 թվականին Էրիկն անցել է պարտադիր զինվորական ծառայության Տավուշի մարզի, Մեհրաբի զորամասերից մեկում։ Ծառայության ընթացքում մի շարք շնորհակալագրերի է արժանացել, հարազատներն ասում են, որ շատ լավ էր ընտելացել ծառայությանն ու ծառայակից ընկերներին։
2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, որը կանխվել է հայկական ուժերի կողմից: Ծավալված գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցավ 3 մարտական կորուստ՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը:
Էրիկ Գագիկի Աբովյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
Չինարի գյուղի սահմանային այդ հատվածում որտեղ զոհվել են հրամանատարն ու երկու զինվորները խաչքար է տեղադրվել ի հիշատակ նրանց սխրանքի։
2016 թվականի ապրիլին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունները Էրիկի վրա մեծ հետք էր թողել, մի անգամ մայրիկի հետ խոսելիս ասել էր, որ ուզում է վրեժ լուծել, հաղթել թշնամուն, եթե ինքն առաջնագծում է՝ տանը կարող են հանգիստ լինել։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: