Անմահ հերոս Արթուր Բալասանյան

Երևանի փոքրիկ թաղամասերից մեկում 2001 թ. հունվարի 28-ին` բանակի օրը, ծնվում է Արթուրը, ով 19 տարի անց դառնալու էր հենց այդ բանակի նվիրյալներից մեկը։

Արթուր Սերյոժայի Բալասանյանը Արցախյան վերջին պատերազմի առաջին զոհերից է։ Նրա մեծ քույրն ասում է, որ արևի նման եկավ իրենց ընտանիք ու արևի շողի նման էլ հեռացավ.
Հարազատներն ասում են՝ Արթուրի անունը տալիս անմիջապես հիշում են նրա արևոտ ժպիտը՝ լուսավոր, տաք:
-Ես 13 տարեկան էի, երբ Արթուրը ծնվեց, քույրս 11 տարեկան էր: Նա ծնողներիս միակ արու զավակն էր, մեր միակ եղբայրը, այնպիսի սիրով էր լցրել մեր ընտանիքը, որ տունը դարձել էր ամենալավ տեղը բոլորիս համար։ Թվում էր՝ այդքան սիրո, ուշադրության, հոգատարության մեջ պիտի եսասեր ու պահանջկոտ մեծանար, բայց հակառակը եղավ. Արթուրի ամենավառ հատկանիշը ամենափոքր բաներով գոհանալու և իր ունեցածը ուրիշների հետ կիսելու պատրաստակամությունն էր,- պատմում է քույրը՝ Անուշը։
Սովորել է Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ, այնուհետև Մուշեղ Գալշոյանի անվան 148 ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուն պես ընդունվում է Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Ինտերիեր դիզայն բաժինը։ Տղան լավ նկարում էր, ուներ ստեղծագործական միտք։ Ապագա ճարտարապետ դիզայներ էր։ Մանկուց զբաղվել է նաև սպորտով՝ տեկվանդոյով, մասնակցել միջազգային մրցաշարերի և զբաղեցրել բարձր հորիզոնականներ։ 2019 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցկացնում էր Ջրականում (Ջեբրայիլ):
Քույրը պատմում է՝ երբ զորակոչվեց բանակ, Գեղարվեստի ակադեմիայի առաջին կուրսի ուսանող էր: Հրամանատարները նկատել էին նրա գծագրելու շնորհքը ու առաջարկել մնալ շտաբում, զբաղվել քարտեզագրությամբ: Ասել էր՝ ես բանակ չեմ եկել, որ նստեմ շտաբում, պետք է սահման պահեմ: Եվ խնդրել էր, որ իրեն առաջնագիծ ուղարկեն։
Արթուրի դասղեկը՝ Ժաննա Հովակիմյանը, հիշում է.
-Մագնիսի պես ձգում էր բոլորին, բոլորը նրա շուրջն էին հավաքվում, որտեղ Արթուրն էր, այնտեղ սերն էր կողքինի հանդեպ, պատասխանատվությունը, ազնվությունը: Հանրության մեջ Արթուրին հարազատները, ընկերները գտնում էին ոչ թե նրա՝ բարձրահասակ լինելով, այլ ժպիտով։
Ճիշտ մարդ էր. այսպես են բնութագրում Արթուրին մտերիմները. ուր ինքն էր լինում, արդարություն էր տիրում։ Նռնականետն էր Արթուրի զենքը, որով և, ընդամենը մի քանի ժամ կռիվ տալով, կարողացել է ոչնչացրել հակառակորդի 20 հոգանոց հետևակ և 1 տանկ։ Հերոսները միշտ ներկա են։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արթուրը դիրքերում էր։ Զոհվեց հենց այդ օրը՝ 5 ընկերների հետ։ Նրա մարմինը գտնվեց միայն փետրվարին, հենց նույն դիրքում։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Աննա Խաչատրյան

 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ