Անմահ հերոս Սարգիս Ղազարյան

2001թ.-ի դեկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ծնված Սարգիս Մովսեսի Ղազարյանը, արմատներով արծվաշենցի է: Նրա ողջ կյանքի նպատակն է եղել 1992թ.-ին հակառակորդի կողմից բռնազավթված հայրենի Արծվաշեն գյուղը հետ բերելը: Սարգսի նպատակը զարմանալի չի թվում, երբ իմանում ես, որ նրա հայրը՝ Մովսեսը, զինվորական է ու որդուն դաստիարակել է «հանուն հայրենիքի ոչինչ չխնայելու» գաղափարով:
«Հիշում եմ, Սաքոն փոքր ժամանակ չաղ երեխա էր, նկարներ էլ ունի: Մի անգամ մանկության ընկերներից մեկը հետը կատակելիս շեշտել է, որ նա չաղ է, ապտակել է ու փախել: Սարգիսը բռնել է և այնպես հարվածել, որ քթից արյուն է եկել: Երբ մեծացավ, ամենևին էլ չմոռացավ՝ միշտ հիշում էր և երեսով տալիս ընկերոջը:
Սարգիսը պարապում էր, մարմնի կազմվածքը գլխի վայր շրջվեց և նա դարձավ առնական»,-հիշում է Սարգսի մանկության ընկերը՝ Արմեն Վերդյանը, հետո հավելում, որ Սարգսին նայողը կմտածեր, թե շատ չխոսկան, սառը, անհամ մարդ է, առանց հումորի զգացման, բայց դա ամենևին էլ այդպես չէր, այնքան բարի սիրտ ուներ, այնպիսի յուրահատուկ հումորի զգացում, որ ոչ բոլորին է բնորոշ.

«Հիշում եմ նաև, երբ փոքր էինք, մի աղջկա էր սիրահարվել, իսկ այդ աղջիկը պետք է մասնակցեր ինչ-որ տրամաբանական մրցույթի: Սարգիսը ամեն ինչ արեց, որ մասնակցի այդ մրցույթին և լինի նրա թիմում: Այդպես էլ եղավ և դրանից բացի, Սարգիսը իր ուժը ցույց տալու համար՝ ծանր սեղաններ էր բարձրացրել, որ գրավի աղջկա ուշադրությունը»:
Ընկերների խոսքով միշտ պատրաստ էր ցանկացած հարցով օգնելու, աջակցելու։ Բոլորի մասին մտածում էր ու դրա վառ ապացույցը իր հերոսական վերջին քայլն էր։

«Սարգիսն իր տարիքի տղաներից շատ էր տարբերվում, հասուն մտածելակերպ ուներ, չափազանց համեստ էր ու կշռադատված, բոլորը իրեն հարգում էին ու իր խոսքը հաշվի առնում»,-այսպես է երիտասարդ  հերոսին նկարագրում նրա ընկերներից Մարտինե Օհանյանը, ում համար Սարգիսն իսկական եղբայր է եղել. «իր կյանքի 18 տարիների ընթացքում հասցրել է բոլորի կողմից սիրված ու հարգված լինել։ Հերոսի հոգեբանությամբ են մեծացրել Սաքին՝ զենքը ձեռքին, դրա համար էլ մինչև վերջին շունչը չի լքել դիրքը ու նույնիսկ անշնչացած մարմնով է պահել։ Ուրիշ էր մեր Սաքը»:

Սարգիսը դպրոցում լավ է սովորել, հետո իր ջանքերի շնորհիվ ընդունվել է ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Ընկերներն ասում են, որ երազում էր լավ բժիշկ դառնալ. «մեկ կիսամյակ սովորեցինք ու Սարգիսը զորակոչվեց բանակ՝ պարտքը հայրենիքին մատուցելու, բայց ավաղ հայրենիքը նրան պարտք մնաց…»,-ասում է զինվորի համակուրսեցին ու մտերիմ ընկերը՝ Հայկ Խաչատրյանը և հավելում, որ Սարգիսն իր կյանքն ապրել է այնպես, որ նրա կորուստը սգում են փոքրից մեծ, ծանոթից անծանոթ, բոլորը՝ անխտիր։

Սարգիս Ղազարյանը 4,5 ամսում հասցրել էր  համալսարանում այնպիսի համբավ ձեռք բերել, որ վայելում էր դասախոսների սերն ու հարգանքը.
«Ուսանողների հետ առաջին հանդիպումը միշտ տպավորիչ է և որոշիչ, քանի որ հենց այդ ժամանակ է ձևավորվում կապը դասախոսի և ուսանողների միջև։ Շփման ընթացքում հիմնականում աչքի են ընկնում ակտիվ ուսանողները, սակայն Սարգսի խորաթափանց հայացքը և համեստ պահվածքը անմիջապես հետաքրքրեց ինձ։ Դասերի ընթացքում նա լուռ լսում էր իր ընկերներին, միշտ պատրաստ էր, սակայն երբեք չէր ձգտում առաջինը պատասխանել, քանի որ գերադասում էր որպեսզի իր ընկերները առաջինը դրսևորեն իրենց գիտելիքները»,-վերհիշում է ԵՊԲՀ Բժշկական քիմիայի ամբիոնի դոցենտ՝ Լիլիթ Հունանյանը, հետո հավելում, որ այդ ամենն իհարկե ինքը նկատել էր, դրա համար էլ պարբերաբար Սարգսին հարցեր էր ուղղում, իսկ հնչող պատատխանները հակիրճ, տրամաբանական և ճիշտ էին. «Հաճախակի Սարգիսն էլ էր հետաքրքիր հարցադրումներով ինձ դիմում։
Համոզմունքս միշտ նույնն էր՝ Սարգիս Ղազարյանը մարդկային յուրահատուկ տեսակ է, խորը տրամաբանությամբ, յուրահատուկ մոտեցումներով և անչափ մարդասեր։
Ես համոզված էի, որ բանակից վերադառնալուց հետո նրան փայլուն ապագա է սպասվում: Ավա՜ղ…»:

Սարգիսը ծառայել է Մատաղիսում, կրտսեր սերժանտ է եղել ու պատերազմի ժամանակ համառ մարտեր վարելով՝ հակառակորդին պատճառել է տեխնիկայի և մարդուժի զգալի կորուստ. «Նա բազմաթիվ զինակիցների կյանքեր է փրկել և հրամանատարական բարձր որակներ դրսևորելով՝ իր դիրքն անառիկ է պահել: Թշնամին նրա հնարամտության դեմ օգտագործել է բազմաթիվ հրետանային միջոցներ ու չի կարողացել մոտենալ դիրքին: Ցավոք մեր ընկերոջը մենք կորցրել ենք անարդար կռվում…»,- պատմում է Հայկը։
Սարգիսը սիրում էր «Վիկինգներ» սերիալը ու ընկերներից շատերի հուշերում մնացել է որպես Վիկինգ: Պատերազմի օրերին զինվորը չի թողել, որ զինվորական հայրը գնա իր մոտ՝ պատճառաբանելով, թե ինքը տղամարդ է, ոչ թե թուլամորթ: Պատերազմի օրերին ընկերներից մեկի հետ զրույցում նշել է, որ դիրքում եղած բոլոր զենքերով կրակել է, մնացել է տանկ խոցի և վերջ. «Իմ հետ խոսելուց՝ առաջին զանգի ժամանակ, ասեց Հայկո ПК-ն գիտե՞ս, ասացի հա ո՞նց չէ: Ասաց դե պատկերացրու ախպերդ էդ զենքով ինչ ա արել: Ինչքան զենք կա պոստում կրակել եմ, մենակ անտրամադիր եմ, որ նռնականետ եմ վերցրել տանկ խփեմ՝ չի գալիս տանկ: Ես այնքան էի ուրախացել իր ասածներից, որ բոլորին պատմում էի»,- ժպիտը դեմքին հիշում է Հայկն ու մտաբերում, որ ընկերոջ հետ վերջին անգամ հոկտեմբերի 9-ին է խոսել. «Անգիր հիշում եմ, ընկերներիցս մեկն էր զոհվել, Սարգսին խնդրեցի, որ ուշադիր լինի, զգույշ լինի, հերոսություն չանի, մեղք ենք հա՛մ մենք, հա՛մ տանեցիները: Ասաց՝ հա, Հայկոս, նորմալ ա ամեն ինչ, հաստատ լավ ա լինելու»:
Հերոսի մարտական ընկերները Հայկին պատմել են, որ այնքան է կրակել՝ զենքի տաքությունից ձեռքերը վառվել են, բայց անկախ ամեն ինչից, երբ տղերքը հարցնում էին՝ Սաք, ո՞նց ես, միշտ ասում էր՝ արջի պես:

«Հերոս Սաքոյի հետ ծանոթացա հուլիսին, մտերմացանք ու դարձավ ամենամոտ ընկերս: Սաքոյի նման մարդ, զինվոր չեմ տեսել երբեք ու դժվար էլ տեսնեմ։ Սաքոյիս բարությունը իրոք որ չափ չուներ։ Նրան միշտ արջս էի ասում»,-հիշում է Սարգսի ծառայակից ընկերը՝ Գոռ Քոչինյանը: Նրա խոսքով, երբ պատերազմը սկսվել է, Սարգիսը միշտ ուժ է տվել տղերքին, միշտ նրանց կողքին է եղել. «Հոկտեմբերի 3-ին 7 հոգու կյանք է փրկել ու թեժ մարտեր մղելով պահել իր դիրքը։ Սաքոյիս մասին էնքան բաներ կան պատմելու, որ ինչքան խոսամ քիչ է։ Զինակիցները խոսելու ժամանակ հիմա նրա անունով են երդվում, նրա հերոսությունների մասին են խոսում»:

Սարգիսը զոհվել է հոկտեմբերի 13-ին. «Երբ հակառակորդի զորքերը հարձակվել են իրենց դիրքի վրա, Սարգիսն ու իր դիրքից մի տղա՝ Ազնիվը, մնացել են դիրքում, մնացածին ուղարկել են թիկունքը պահելու, այդ ժամանակ էլ իրենք հրետանու հարվածից զոհվել են՝ փրկելով ավելի քան 50 զինվորի կյանք»,- պատմում է Հայկը, ում այս մանրամասները Սարգսի զինակից ընկերներն են պատմել, իսկ Գոռը ասում է, որ հոկտեմբերի 13-ին «արյունը երակներում եռում էր», ուզում էր Սարգսի վրեժն առնել հակառակորդից. «Նոյեմբերի 6-ին Շուշիում ամեն մի թուրք սատկացնելու ժամանակ ասում էի էս քո համար ախպերս: Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն: Սաքոս անմահացավ. ինքը գիտակցված մնաց դիրքում, մնաց մինչև վերջ ու դարձավ ազգի հերոս»:

Սարգիս Ղազարյանն իր սխրանքով անմահացավ ու լույս դարձավ հարազատների, ընկերների ու իրեն ճանաչողների սրտերում: Փա՛ռք ու խոնարհում…

Իննա Թումանյան