Զինվորների և հրամանատարների իդեալը՝ անմահ հերոս Եղիշ Հովհաննիսյանը

Խիզախության, բարության, ու ընկերասիրության իդեալ էր. հարազատները նրան նկարագրելիս սկզբում այս բառերն են ընտրում: Եղիշ Մաքսիմի Հովհաննիսյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 5-ին Գերմանիայում։ Մանկությունն անցել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Երազանքն էր գոնե մեկ անգամ այցելել ծննդավայր, տեսնել և անպայման Հայաստան վերադառնալ։ Մանկապարտեզ շատ չի գնացել. փախչում ու տուն էր գալիս։
«Մանկապարտեզից փախչում էր հաճախ, վստահված դիրքերից՝ երբեք»,- ասում է հայրը՝ Մաքսիմ Հովհաննիսյանը։
Դպրոցում լավ էր սովորում, ավելի շատ ուշադրություն էր դարձնում այն առարկաներին, որոնք սիրում էր։ Ռազմագիտություն առարկայի գիտելիքների և կարգապահության համար պարգևատրվել է։ Ծնողական ժողովներից մայրը մշտապես գլուխը բարձր էր վերադառնում։ Սպորտով էր զբաղվում, գնում էր կարատեի, մարզվում էր բակում։ Մրցումներին բարձր տեղեր էր գրավում։ Իր ուժը մշտապես օգտագործում էր ընկերներին օգնելու համար։ Բարի էր ու մշտապես ընկերներին հասնող։
2006 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, 2010-ին՝ ավարտելով այն, լեյտենանտի զինվորական կոչմամբ մեկնել է Արցախ։ Ծառայության ընթացքում հասել է մայորի զինվորական կոչման, իսկ երազանքն էր գեներալ դառնալ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա, դուստրը 6 տարեկան է, որդին՝ 2։
«Ծառայությանը հեշտ է մերվել, համակերպվող էր։ Տուն զանգելիս էլ մշտապես ասում էր՝ ամեն ինչ լավ է»,- նշում է Եղիշի հայրը:

Զինվորների հետ ընկերություն էր անում։ Չկար մի զինվոր, որ հրամանատարի հետ խնդիրներ ունեցած լիներ կամ դժգոհ լիներ։ Նա երբեմն կռիվների մեջ ընկնում էր, բայց բացառապես ընկերներին պաշտպանելու նպատակով, անձամբ երբեք անախորժությունների պատճառ չէր դառնում։
Չորս տարի Ստեփանակերտում ծառայությունից հետո սեփական դիմումի համաձայն տեղափոխվել է Մարտունի։ Հրամանատարը այն կարծիքին էր, որ վատ զինվոր գոյություն չունի, միշտ սպան է վատը լինում։ Եթե ինքը վատ զինվոր ունենար, ապա ինքն էր վատ սպա։ Բայց մայոր Հովհաննիսյանը վատ զինվորներ չուներ, ոչ մի զինվորի հետ խնդիր չի ունեցել, բոլորի հետ ընկեր էր։ Զինվորներն իրեն դիմում էին ընդհուպ անձնական հարցերով։ Նախանձելի հրամանատար էր։ Իդեալ էր ոչ միայն զինվորների այլև մյուս հրամանատարների շրջանում։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ կենսախինդ էր, հարցնում էի՝ հը՞, ոնց է վիճակը, ասում էր՝ ինչի ի՞նչ է եղել։ Ինքը ծնված էր սպա լինելու համար։ Եթե անգամ նեղված էր, մեկ է ժպտալով էր դուրս գալիս զորքի մոտ, ասում էր՝ նրանց տրամադրությունը բարձր լինի, նրանք են, որ երկու ամիս չեն լողացել, սնարյադի տակ են,- պատմում է Եղիշի ծառայակից ընկերը՝ կապիտան Սարգիս Հարությունյանը։
Ապրիլյան պատերազմից հետո հնարավորություն է ունեցել տեղափոխվել ու ծառայությունը շարունակել Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն չի ցանկացել, ասում էր՝ հիմա ժամանակը չի, ես գիտեմ երբ կգնամ։
Պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի, «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական, «Գարեգին Նժդեհ» մեդալներով։
Սեպտեմբերին սկիզբ առած պատերազմին դարձել է գումարտակի շտաբի պետ և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին։ Խիզախ էր ու անվախ, չի նահանջել, պայքարել է մինչև վերջ։
Հոկտեմբերի 29-ին սեփական մեքենայով տեղափոխվելիս հայտնվել է ԱԹՍ-ի նշանառության տակ, կարողացել է փրկվել մեքենայից դուրս ցատկելով: Հաջորդ օրը խրամատում պիտի զենք տեղափոխեին, որ թշնամու նշանառության տակ չընկներ, բայց իրենք են ընկել հակառակորդի նշանառության տակ: Մայորի հետ զենք տեղափոխող զինվորը գլխի բեկորային վնասվածք է ստացել, այժմ հիվանդանոցում է, սակայն հրամանատարի համար հրետանու հարվածը ճակատագրական էր, բոլորի սիրելի մայորը անմահացավ հոկտեմբերի 30-ին։

Սիմոն Հովհաննիսյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ