Անմահ հերոս Վաչե Պետրոսյան

Վաչե Արարատի Պետրոսյանը (Գրադի Վաչ) ծնվել է 1996թ.-ի դեկտեմբերի 9-ին՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Սիսիանի երկրորդ դպրոցում, այնուհետև տեղի` ավագ դպրոցում։

Ճարպիկ, չարաճճի, բայց և մանկուց ազնիվ, բարի, դիմացինի համար զոհաբերող Վաչեն՝ դպրոցն ավարտել է կարմիր վկայականով և տասներկու գովասանագրերով:
«Ուսման նկատմամբ առանձնահատուկ սեր ուներ, մի անգամ ուղարկեցի խանութ կոնֆետ գնելու, մի քանի տետր ու գրիչ ձեռքին հետ եկավ ասաց՝ մա՜մ, խանութում կոնֆետ չկար: Անչափ պատասխանատու էր, երբևէ անպատրաստ դպրոց չէր գնում՝ ոչ մի իրավիճակում։ Մի անգամ երեկոյան լույսերը պատահական անջատեցին ու իր գրավորները կիսատ մնացին: Տանը մոմ չկար, ամբողջ ընտանիքով էնքան լուցկի վառեցինք, մինչև վերջացնի գրավորը»,-պատմում է Վաչեի մայրը` տիկին Գայանեն։

Դպրոցն ավարտելուց հետո՝ Վաչեն ընդունվել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Կովկասագիտություն բաժինը, ապա շարունակել կրթությունը նույն բաժնի մագիստրատուրայում (անվճար հիմունքներով)։ Օգտվելով տարկետման հնարավորությունից` նա ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարան: Մեկ տարի անց՝ գերազանց ավարտելով ռազմական համալսարանը, զորակոչվել է բանակ և որպես լեյտենանտ՝ զինվորական ծառայության է անցել Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Եղել է հրետանային մարտկոցի դասակի հրամանատար։
«Ինքը շատ համեստ էր բնավորությամբ, չէր սիրում երբ իրեն գովում էին, երբեք իր արածով չէր հպարտանում։ Ծառայակից ընկերներն ասում են, երբ զորքին շարում էին, որ ասեին ամսվա լավագույն սպային` ամեն անգամ Վաչես ճանաչվում էր ամսվա լավագույն սպա։ Յուրահատուկ տիրապետում էր իր գործին, միաժամանակ նաև շատ լավ ադրբեջաներեն գիտեր և պատերազմի օրերին թշնամու լեզվին տիրապետելը` ղեկավարներին շատ է օգնել»,-պատմում է մայրը։

Վաչեն հմուտ էր հաշվարկներից, երբեք չէր վրիպում։ Եվ երբ հերթական անգամ ստացել է հրաման՝ ոչնչացնելու թշնամու թիրախը ասել է. «Պարո՛ն հրամանատար, իրենց ասեք` երեսուն հատ սնարյադ Վաչից»:

«Սեպտեմբեր ամսին, իր հերթական զորավարժություններին էր մեկնել, և վերջին շրջանում՝ ամեն առիթ օգտագործում էր, որ տուն գար։ Մի անգամ էլ զանգեց ասաց, որ ուզում է Գանձասարում կնքվել։ Վերջին անգամ, երբ եկավ տուն՝ իր սենյակի համար կահույք էր գնել, բայց չհասցրեց վայելել երեխես…»,-հիշում է տիկին Գայանեն ու շարունակում. «Վերջին անգամ՝ դեպքի օրը, ժամը 2։30 է զանգել, ասում էր՝ մա՜մ ջան, ոչ մի մետր չեմ թողել առաջ գան։ Հեռախոսն անջատելուց հետո զգում էի, որ վերջին անգամ եմ խոսում ու ուզում էի նորից հետ զանգել, բայց միևնույն ժամանակ չէի գրում, չէի զանգում, որ իրեն չվնասեի։ Ոչ մի անգամ մամա բառը փոքրատառ չէր գրում՝ նույնիսկ պատերազմի ժամանակ»:

«Իր հումորը ուրիշ էր, զինվորները շատ էին սիրում իրեն, ինքն էլ զինվորներին։ Պատերազմի օրերին, երբ խոսում էինք, ասում էր հետո կլսեք, լավ գործեր ենք արել ու այդպես էլ եղավ։ Մինչև հիմա էլ պատերազմից անցել է երեք տարի, բայց ծանոթ-անծանոթ, իր զինվորներից գալիս են մեր տուն ու անվերջ պատմում «Գրադի Վաչի» մասին։ Ճշգրիտ հաշվարկների շնորհիվ իրեն այդպես էին կոչում»,-պատմում է Վաչեի եղբայրը` Նաիրին։

Վաչեի մանկության ընկերը` Ստեփանը, ով պատերազմի օրերին Արցախում եղել է շտապօգնության վարորդ, պատմում է, որ դեպքի օրը՝ հնարավոր բոլոր հիվանդանոցներում փնտրել է ընկերոջը, սակայն չի գտել։
«Բժիշկներն ասացին, որ վիրահատում են, վիրահատությունից հետո ներս մտա, ինքը չէր, անունն էին շփոթել, իսկ մենք հույս ունեինք, որ թեկուզ վիրավոր՝ կգտնենք, բայց…»,- հուզմունքը զսպելով պատմում է Ստեփանը, իսկ հետո ուրախ տոնայնությամբ շարունակում է. «Կար մեկը, ում մասին խոսելիս՝ Վաչեի դեմքին ժպիտ էր առաջանում, ասում էր՝ ուզում եմ իր ձեռքը բռնած Կասկադի աստիճաննեով բարձրանամ-իջնեմ»:

Վաչեի մասին հուշերը անպատմելի թանկ են` փաստում է Ստեփանը. «Մի անգամ ընկերներով հավաքված էինք , ընկերնեիցս մեկը նկարում էր, Վաչեն ասաց՝ էս վիդեոն կպահեք որպես հուշ։ Էդ օրը միշտ հիշում եմ ու մտածում, որ երևի ինքը կանխազգում էր»,- ասում է Ստեփանը։

Վաչե Պետրոսյանի մարտկոցի հրամանատարը` Արամ Մանուկյանը պատմում է, որ տղան հայրենասերի ոգով տոգորված էր. «Նա գերազանց տիրապետում էր հայոց պատմությանը։ Անձնակազմի հետ շատ բարեկիրթ էր, կատակասեր անձնավորություն էր։ Սիրում էր զինվորական գործը, իր ոգին ուրիշ էր, տարբերվող հայրենասիրություն ուներ։ Պատերազմի օրերին հակառակորդը իր հրետանու կրակով չէր կարողանում Վաչեի համազարկային կրակի ռեակտիվ համակարգին  (Գրադ) ճնշել»:

Արամ Մանուկյանը 2020թ.-ի սեպտեմբերի 30-ը շատ պարզ է հիշում. «Այյդ օրը Վաչեն խնդիր է ստացել` իր մարտական մեքենայով փոխել դիրքը, քանի որ հակառակորդի հրետանու համազարկերը շատ էին և այդ կրակի տակ անձնակազմը չէր կարող պատշաճ ձևով աշխատել։ 1,5-ից 3 կմ պետք է հետ տեղափոխվեր՝ նախապես պատրաստված դիրքում։ Վաչեն՝ որպես հրամանատար, պետք է խցիկում նստած լիներ, բայց իր տեղը զիջել է զինվորներից մեկին, ինքը կանգնել է մեքենայի ոտնդիրին: Նույն մեքենայում գտնվող Սարիբեկ Մկրտչյանը, Սուրեն Բաբայանը, Լևոն Ստեփանյանը, Մերուժան Եղոյանը և զույգ եղբայրներ Էդգար և Վահե Առաքելյանները` հրամանատար Պետրոսյանի հետ միասին ընկան հանուն հայրենիքի»:

Սյունեցի Վաչեն` հայրենի հողի համար մղվող մարտերում, մարտնչեց անձնվիրաբար, իր գրագիտությամբ փայլեց ռազմադաշտում և իր գիտելիքների ահռելի պաշարը ներդրեց հանուն մայր հողի` հավատարիմ մնալով զինվորականի երդմանը։

Վաչե Արարատի Պետրոսյանը զոհվել է 2020թ.-ի սեպտեմբերի 30-ին Ջրականում։ Հավերժի զինվորի աճյունը հանգչում է Սիսիանի զինվորական պանթեոնում։ Վաչեն պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

Մանե Մանուկյան