Անմահ հերոս Տիգրան Վարդանյան

Ակտիվ, կենսուրախ և կյանքով լեցուն. այս խոսքերով կարելի է բնութագրել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներից մեկին` Տիգրան Անդրանիկի Վարդանյանին։

Տիգրանը ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում։ Մանկուց առանձնացել է շրջապատից իր պարտաճանաչությամբ։ Քույրը՝ Արմենուհին պատմում է, որ եղբայրը դպրոցում էլ շատ պարտաճանաչ է եղել: Հիշում է, ինչպես էր դասը պարտադիր կարդում հինգ անգամ, եթե այդպես էր ասել ուսուցիչը, և կապ չունի, որ նա մեկ անգամ կարդալուց հետո էլ՝ դասը լավ գիտեր։

«Տ տառն եմ՝ ես տեգ նիզակով, Տիգրան Մեծի ահեղ վարքով»-, հենց այս տողերը եղել են Տիգրանի այբբենարանի միջոցառման խոսքերը, և հենց այս տողերով էլ ներկայացել է՝ որպես Տ տառ։ Խոսքերը կարծես մարգարեացել են։

Կոկիկությունը ևս Տիգրանի բնավորության մեջ գերիշխել է` կոշիկները պետք է միշտ փայլեին, հագուստը պետք է միշտ դասավորված լիներ։ Տիգրանը շատ հումորով էր, մարդամոտ ու խղճով։ Եթե մեկը նեղության մեջ էր լինում, փորձում էր ինչ-որ բանով անպայման օգնել։ Տեսակով շատ հոգատար ու ուշադիր անձնավորություն է եղել, նաև շատ հյուրասեր։

«Երբ տանը մենակ էր լինում և հյուրեր էինք ունենում, ինքն իր ձեռքով սուրճ էր պատրաստում և հյուրասիրում մարդկանց»,-պատմում է Արմենուհին։

Մեծի հետ մեծ, փոքրի հետ՝ փոքր է եղել Տիգրանը, բոլորի հետ մտերիմ է եղել, հարազատների հետ միշտ կապ է պահել։ Շատ է սիրել անակնկալներ մատուցել բոլորին։

2012 թվականին Տիգրանն ավարտել է Մյասնիկյանի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա։ Մեկ տարի անց զորակոչվել է բանակ, ծառայել է Տավուշի մարզում՝ նախ Իջևանում, այնուհետև Դիլիջանում։ Ծառայության ժամանակ շատ անգամ պարգևատրվել է շնորհակալագրերով։

Տիգրանը հումորի մեծ զգացում է ունեցել, եթե անգամ ինչ-որ վիճաբանություն է եղել, փորձել է հումորով ամեն ինչ վերջացնել։ Քույրը պատմում է, որ մի անգամ վթարի է ենթարկվել և չի կարողացել շարժվել, առաջացել էր հենափայտով քայլելու կարիք, երբ ընկերը հենափայտ է բերել, կատակի տալով ասել է` «Մի հատ դու քայլի, տեսնեմ ինչ է, հետո ես կքայլեմ»։

2013 թվականին ավարտելով ծառայությունը՝ շարունակել է ուսումը և ինչպես քույրն է նշում, համակուրսեցիների հետ, ևս ջերմ հարաբերությունների մեջ է եղել։

Տիգրանը սիրել է ստեղծագործել, հարազատները հետո են իմացել, որ բոլոր համակուրսեցիների անուններով աքրոստիկոսներ է գրել և նվիրել նրանց։

Նա իր ուսանողական տարիները հիմնականում անցկացրել է մորաքրոջ տղայի հետ, սիրել է երեկոյան զբոսնել, կիսվել իր ծրագրերով։

Տիգրանի նպատակներից մեկը ամուր ու լավ ընտանիք ունենալն էր, ձգտել է ավելի լավ աշխատանք ունենալուն, իր ընտանիքի տոհմածառը հավաքելուն, սակայն 2020 թվականի Արցախյան 44-օրյա չարաբաստիկ պատերազմը փոխել է ամեն բան։ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ծանուցում է ստացել և շտապել է մեկնել պատերազմի դաշտ, թեև հնարավորություն ունեցել է հետ դառնալու, սակայն մինչև վերջ կռվել է. «Որ ես գամ, մնացածը գան, բա հայրենինքն ո՞վ է պահելու»,-ասել է Տիգրանը:

Թեև նա աշխատել է հարավկովկասյան երկաթուղիներում, սակայն շատ է սիրել զինվորական գործը։ Պատերազմի ժամանակ էլ, երբ լսել է դիվերսիոն հարձակման ձայները, զինակից ընկերներին արթնացրել ու ասել է` «Փախե՛ք, ես կպահեմ»:

Հենց այդ օրն էլ զոհվել է` հոկտեմբերի 21-ին։ Նա հերոսաբար կռվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղում։

Տիգրան Անդրանիկի Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» Հն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

Ելենա Հովհաննիսյան