Անմահ հերոս Գրիգորի Ստեփանյան

Գրիգորի Յաշարի Ստեփանյանը ծնվել է 2000 թվականին` Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում (գյուղն այժմ օկուպացված է ադրբեջանական զինված ուժերի կողից)։

Նա սովորել և ավարտել է Դրախտիկ գյուղի դպրոցը։

«Իմ Գրիգորին սիրված է եղել բոլորի կողմից, թե՛ դպրոցական տարիներին ուսուցիչների կողմից, թե՛ գյուղում և թե առհասարակ իր շրջապատում։ Որդիս շատ խելոք երեխա էր, շատ էր սիրում պարել, բոլոր առիթների ժամանակ միշտ պարում էր, կարծես դա իր տարերքը լիներ»,- հուզմունքը զսպելով պատմում է մայրը` Արմինեն։

Գրիգորին 2018 թվականին Արցախում անցել է պարտադիր զինվորական ծառայության է: Նա սկզբում ծառայությունն իրականացրել է Մարտակերտի զորամասում, ապա Եղնիկներում։

Ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել իր դրական կողմերով, արժանացել կրտսեր սերժանտի կոչման։ Զորամասի կողմից Ստեփանյանների ընտանիքը շնորհակալական նամակ է ստացել՝ լավ զինվոր դաստիարակելու համար։

2020 թվականի ամռանը սերժանտն ավարտել է ծառայությունն ու վերադարձել տուն։ Ուսումը շարունակելու նպատակով՝ ընդունվել է Շուշիի Արհեստագործական համալսարան։

Գրիգորիի հայրը` Յաշարին, մասնակից է եղել Արցախյան առաջին պատերազմին: Գրիգորին ծնվել և մեծացել էր Արցախում, մշտապես ապրելով ազատագրված հողում՝մեծացել էր որպես հայրենասեր պատանի, ով օրհասական պահին հայրենիքի համար կյանք չէր խնայի ու այդպես էլ եղավ. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում ադրբեջանական կողմի մեկնարկած լայնամասշտաբ պատերազմի առաջին իսկ օրը Գրիգորին կամավոր մեկնեց առաջնագիծ, որտեղ մասնակցեց Հադրութի շրջանում ծավալված մարտական գործողություններին։

Հարազատների այն բոլոր հորդորներին, որ որոշ ժամանակ սպասի, գուցե սա պատերազմ չէ և ամեն ինչ շատ արագ կկարգավորվի, Գրիգորին չի լսել, գնացել է այն ցանկությամբ, որ միանա իր ընկերներին, կատարի իր սրբազան պարտքը` պաշտպանի հայրենիքը։

Գրիգորին պատերազմի դաշտում վիրավորվել է սեպտեմբերի 29-ին, տեղափոխվել հոսպիտալ, ապա Երևան որտեղ և մահացել է հոկտեմբերի 3-ին։

«Երկու որդիներս մեկնեցին պատերազմ, երկուսն էլ վիրավորվել էին, բայց Գրիգորիիս վիրավորումը շատ ծանր էր, մյուս որդիս ավելի թեթև վիրավորում էր ստացել, թե ինչպես էր ամուսինս մի հիվանդանոցից մյուսը գնում՝ չիմանալով ինչ անել, շատ դժվար էր, սակայն հիմա շատ ավելի դժվար օրեր ենք ապրում. կորցրեցի որդուս, կորցրեցինք մեր գյուղը, որտեղ մեր երջանիկ ընտանիքի հետ կապված բոլոր հուշերն են»,- պատմում է մայրը` Արմինեն։

Գրիգորի Յաշարի Ստեփանյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան