Անմահ հերոս Էդգար Դոլուխանյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում շատ տղաներ աչքի ընկան իրենց հայրենասիրությամբ և բազկի ուժով: Ցավոք, նրանցից շատերը այդպես էլ չզորացրվեցին, և դասվեցին երկնային հերոսների շարքին: Նրանց շարքում է հավերժանում նաև արցախցի ապագա իրավաբան Էդգար Դոլուխանյանը, որն այդպես էլ չհասցրեց ավարտել ուսումը:

Էդգար Ռևայի Դոլուխանյանը ծնվել է 2000 թ.-ի նոյեմբերի 14-ին՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում: Մանկուց շատ խելոք ու հանգիստ երեխա է եղել, աչքի է ընկել իր համեստությամբ։ Դեռևս մանկապարտեզի տարիներից Էդգարն աչքի էր ընկնում ուսման հանդեպ իր մեծ սիրով։ Դպրոցական տարիներին՝ էլ ավելի խորացավ այդ սերը, քանզի նա դասարանի լավագույնն էր, ուսուցիչների սիրելին։ Տղան հատկապես սիրում էր հայոց պատմություն առարկան, որից մասնակցել է օլիմպիադաների, հասել մինչև հանրապետական փուլ, զբաղեցրել պատվավոր տեղեր, ապա պարգևատրվել է նախագահի կողմից, բայց ինչպես հարազատներն են նշում, երբևէ չի հպարտացել ինքն իրենով:

Էդգարը ապագա իրավաբան էր, ընդունվել էր Արցախի պետական համալսարան. ծառայությունից հետո պիտի շարունակեր ուսումը, որը կիսատ թողնելով՝ 2019թ.-ի հունվարին զորակոչվել է բանակ: Հակատանկային ստորաբաժանման  ավագ  օպերատոր էր: Գերազանց  ծառայության    համար  ավագ  սերժանտի  կոչում  էր  ստացել:
«Էդգարի հետ ունեցել ենք անմոռաց մանկություն։ Ծնողներս իրենց ամեն ինչ զրկում էին, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք: Երկուսս էլ հայոց պատմություն էինք պարապում ընդունելության համար։Ես այնքան դժվար էի ընկալում ու հիշում դասերը, մինչդեռ Էդգարի համար՝ մեկ անգամ ընթերցելը բավական էր։ Իր տարերքը ֆուտբոլն էր, չկար մի ֆուտբոլիստ որին չճանաչեր, պատմության մի թվական, դեպք ու իրադարձություն, որ չիմանար, քարտեզի վրա մի կետ, որը չիմանար»,-պատմում է Էդգարի քույրը՝ Էլինա Դուլուխանյանը ու հավելում, որ եղբայրն այնքան անմեղ ու պարզ էր, իրենք անգամ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վստահ էին՝ նրան որևէ բան չի լինի։
«Էդգարը սրտատրոփ էր սպասում ծառայության մեկնելուն, նրան բանակ ճանապարհելու օրը երբեք չեմ մոռանա: Ընկերներն իրենց հարազատներին փաթաթվում էին, հրաժեշտ տալիս, Էդգարն արդեն մեքենայի մեջ էր, որով պետք է գնային Ստեփանակերտ, այնտեղից էլ իրենց ծառայության վայրը։ Էդգարը հրաշալի տիրապետելով պատմությանը, պաշտելով Մոնթե Մելքոնյանին, չէր կարող հայրենասեր չլիներ։ Հայրս մեկ-մեկ իրեն փորձելու համար ասում էր` քեզ կազատեմ բանակից, Էդգարը կատակը չէր հասկանում, բարկանում էր՝ անգամ կատակով այդ միտքը լսելուց: Այնքան թեթև է անցել Էդգարի ծառայությունը: Միշտ գոհ էր թե՛ ծառայությունից, թե՛ սպաներից։ Մայրիկին ասում էր` մամ, բան չմնաց, մի քանի ամսից տանը կլինեմ։ Մենք պատրաստվում էինք նրան մեծ շուքով դիմավորել, սակայն չարաբաստիկ պատերազմը խլեց նրան մեզնից, նա զորացրվեց 100 օր շուտ…»,-հիշում է Լիանան ու պատմում, որ երբ պատերազմը սկսվեց, իրենք Արցախում էին ու ինքը Շուշիից դուրս է եկել սեպտեմբերի 29-ին։

«Էդգարը հենց պատերազմի առաջին օրը զանգեց, հայրս ասաց՝ ինչ էլ լինի չնահանջես, գլուխս բարձր կպահես միշտ։ Ամեն օր զանգում, խոսում էր Էդգարս, երբ իմացավ ես Երևանում եմ, զարմացավ, թե ինչու՞ եմ գնացել, ամեն բան լավ կլինի: Երբ ծնողներս փոքր քրոջս ուղարկեցին Երևան, Էդգարն անհանգստացավ՝ ինչու՞ գյուղին էլ են խփում։ Քույրս վերջին երեխան էր, որը դուրս եկավ գյուղից»:

Ընկերները պատմում են, որ Էդգարը շատ դուխով էր, միշտ ժպիտը երեսին ու հաղթանակի հավատով։
Էդգարի զոհվելու լուրն ընտանիքը մի քանի օր ուշ է իմացել: Էլինան ասում է, որ հոկտեմբերի 9-ին երազ է տեսել, մոտավոր մի գուշակող բան.
«Հոկտեմբերի 9-ին էլ չզանգեց: Նախորդ օրը մամայի հետ էր խոսել, բավականին երկար: Պատերազմի օրերից միակ օրն էր, որ զանգի ընթացքում բոլորից հարցրեց. տպավորություն էր, որ բոլորից հարցնելով հանգստացավ: Արդեն 9-ին չզանգեց: Հայրս էլ ասել էր, ինչ էլ լինի, գոնե մի վայրկյանով կզանգես: Դե մենք էլ մտածեցինք երևի հարմար չի կամ մարտկոցների հետ կապված խնդիր կա: Մի օր սպասեցինք. արդեն զոհվել էր: Իր մանկության ընկերը նաև զինըկերն էր: Իմացել էր, իր հորը ասել էր, բայց ռիսկ չէին արել հորս ասեին: Ամսի 11-ին իմացանք զոհվելու լուրը, հայրս գումարտակի հրամանատարի համարը ճշտեց, զանգեց, ներկայացավ, որ Դոլուխանյան Էդգարի հայրն է, բայց հրամանատարը անջատեց: Ինքն էլ չկարողացավ խոսել: Հայրս գլխի ընկավ ու ասում էր՝ մենակ թե գերի ընկած չլինի: Այդ ընթացքում խաբում էին, թե նահանջի հրաման է եղել, անտառում են թաքնվել, բայց մենք չէինք հավատում, իր զանգին էինք սպասում: Ես Հայաստանում էի, երկու ամսական բալիկը գիրկս, ոչ մեկի հետ չէի կարողանում կապ հաստատել: Ամսի 11-ին զանգեցի տատիկիս՝ չէր կարողանում խոսել, անջատեց: Տատիկին խաբել էին, որ Էդգարը վիրավոր է: Հետո արդեն մորաքույրներս եկան, չէին ուզում հեռախոսով ասել,-պատմում է Էլինան ու հավելում, որ գժվելու օրեր էին, հետո շարունակում է վերապրելով պատմել. «Ամուսինս էլ Շուշիի փրկարարներից է: Մեկ ասում էին եղբայրս վիրավոր է, ուզում էին քիչ-քիչ ասել, որովհետև ես էլ չէի հավատում, որ իմ անմեղ եղբայրը հնարավոր է զոհվի: Ամսի 12-ին բերեցին դին, մեկ ժամվա մեջ հուղարկավորությունը կազմակերպեցին: Անընդհատ կրակում էին, սարսափելի էր: Տղաները պատմում են, որ ամեն ինչ արել են փրկելու համար, ուղղակի հարվածը հենց իրեն է կպել ու շանս չի եղել: Տղաները պատմում են, որ Էդգարս 4 տանկ և զրահատեխնիկա էր խոցել: Իր մարտական ընկերները Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանն ու Յուրա Ալավերդյանն էին»:

Էլինայի թիկունքն էր Էդգարը ու ասում է, որ եղբորը կորցնելուց հետո՝ կարծես որբացած լինի. «Այն մտքից, որ ծնողներս մի օր չեն լինի, հայրական տունս կդատարկվի, գժվում եմ։ Մենք լրիվ այլ կյանք էինք պլանավորել նրա համար։ Հայրս ասում էր` Էդգար երազում եմ աշխատանքային սենյակիդ դուռը ծեծեմ, ներսից ասես՝ մարդ կա մոտս մի քիչ սպասեք։ Էդգարս էլ հունից դուրս էր գալիս՝ դե լավ էլի պապ, չի լինի այդպիսի բան: Ես պարել շատ էի սիրում, ասում էի` Էդ քո հարսանիքին էնքան եմ պարելու, սաղ ասելու են էս գիժը ով ա, չամաչես, կասես, որ քույրդ եմ»:
Վերջին անգամ ընտանիքը որդուն օգոստոսին է տեսել, երբ քույրը երեխա է ունեցել, Էդգարն անձամբ է եկել շնորհավորելու։
«Հայրս երկու մատաղացու գառ էր պահում, մեկը իմ երեխայի ծնվելուց մորթեցինք, մյուսը պահել էինք Էդգարի գալուց»,- ասում է Էլինան ու հավելում, որ իր տղան քեռուն չհասցրեց տեսնել, բայց որտեղ Էդգարի նկարը տեսնում է, մոտենում, համբուրում է։
Զինընկերների  վկայությամբ՝  Էդգարը մինչև  վերջ  կռվել  է  առանց   վախի, հաղթողի  ժպիտը  դեմքին:
Էդգարը հուղարկավորվել է հայրենի գյուղի գերեզմանատանը: Նա Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար՝ հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Սվետլանա Թորոսյան