Անմահ հերոս Հայկ Խաչատրյան

Հայկ Ալբերտի Խաչատրյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 6-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում։ 2007-2019 թվականներին սովորել է Մայիս Մինասյանի անվան դպրոցում։ Երկու տարի զբաղվել է՝ մարտեր առանց կանոնների սպորտաձևով։ Մասնակցել է մրցումների, զբաղեցրել է առաջին տեղը։ Ցավոք, համալսարան ընդունվել չի հասցրել։ 2020 թվականի հունվարի 14-ին զորակոչվել է բանակ՝ Իջևանի զորամաս։ Ծառայության ընթացքում ծնողներն ստացել են շնորհակալական նամակ։ Պատերազմն սկսվելուն պես տեղափոխվել է Արցախ։ Եղել է Մարտակերտում, Ջրականում, Վարանդայում, Հադրութում և Մարտունի 2-ում։ Հայկը հրետանավոր էր։

«Դրական, բարի, անսահման ժպտերես էր ու ընկերասեր։ Բոլորը սիրում էին նրան՝ իր մարդկային տեսակների համար։ Եթե նեղացնեին՝ կյանքում չէր նեղանա, այլ կժպտար ու կանցներ։ Շատ դժվար ենք համակերպվում այս դաժան իրականության հետ»,-պատմում է Հայկի քույրը՝ Դիանա Խաչատրյանը։

Հայկի նպատակը ծնողներին երջանկացնելն էր։ Ավաղ՝ կիսատ մնաց ամեն բան։ Անգամ վերջին շնչում հարազատներն են եղել իր մտքում։ Ընկերներին խնդրել է, որ փրկեն իր կյանքը, ասելով՝ մերոնք չեն դիմանա, տղե՛րք, փրկե՛ք ինձ։

«Մի օր քույրիկներով հավաքված զրուցում էինք, ապերն սկսեց կատակներ անել, ասեցինք՝ ապեր, դե գնա, աղջիկներով նստած ենք, ասեց՝ լավ կգնամ, բայց, որ բանակ գնամ երանի կտաք, որ կողքներդ լինեմ։ Ասեց ու ժպտալով դուրս գնաց։ Ամեն անգամ այդ օրը հիշելիս անսահման ցավ եմ ապրում։ Երբ բոլորի ծանուցագրերը հասել էին, ամեն օր գնում էր զինկոմիսարիատ՝ տեսնելու, թե իրենը ինչի է ուշանում։ Մեզ հետ կռվում էր, ասում էր՝ հաստատ պապան է մի բան արել, որ ինձ չեն կանչում։ Բանակ գնալն իր համար առաջին տեղում էր, ասում էր՝ տղեն անպայման պետք է իր հայրենիքի պարտքը տա: Եղբայրս շատ ուշադիր է եղել։ Ընկերները պատմում են, որ բազմաթիվ անգամներ փրկել է իրենց կյանքը»,-ասում է Դիանան։

Հայկի ամենամոտ ընկերը՝ Վահագ Գևորգյանը պատմում է, որ ընկերն իր համար շատ յուրահատուկ է եղել.
«Մենք սկսել ենք ընկերություն անել չորս տարի առաջ։ Դրանից առաջ միշտ վիճում էինք իրար հետ, բայց հետո հասկացանք, որ նույն մտածելակերպի մարդիկ ենք։ Շատ մարդամոտ ու ընկերական էր։ Միշտ ժպիտով։ Ոչ մեկի հանդեպ վատ վերաբերմունք ցույց չէր տա, անգամ այն դեպքում, երբ նեղացնեին իրեն։ Ամեն վայրկյան կողքիս էր՝ թե՛ լավ, թե՛ վատ իրավիճակներում։ Մեր ընկերությունն ինձ շատ բան սովորեցրեց։ Իր հանգիստ բնավորությունն եմ շատ սիրել ու փորձել եմ իրեն նմանվել։ Ուզում էր բանակից հետո իր համար տուն կառուցել, մեքենա գնել։ Ընտրյալ ուներ, չէր կարողանում արտահայտվել, ասում էր՝ գնամ-գամ, որ զգացմունքներիս մասին ասեմ։
Գիշերները, երբ դուրս եմ գալիս տնից, մի տեղ կար, որ միշտ ես ու Հայկը էնտեղ էինք լինում, մեզ էնտեղ էին գտնում միայն, ամեն անգամ այդ տեղով անցնելիս հիշում եմ իրեն։ Ամեն բան իրեն է հիշեցնում»։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Հայկի 19 տարեկանը լրանալուց երկու օր հետո։ Դեպքի մասին իմացել են նոյեմբերի 9-ին։ Թեժ մարտերի ժամանակ, երբ հերթափոխ պետք է անեին, երկու ընկերներով դիրքն են պահել։ Ընկերը վիրավորվել է, իսկ ինքը՝ զոհվել։ Հայկն անմահացել է Մարտունի 2-ում՝ մարտական առաջադրանքը կատարելիս։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Զառա Թեյմուրազյան