Անմահ հերոս Հայկ Եղիազարյան

Հայկ Արթիկի Եղիազարյանը  ծնվել է 2000թ-ի հուլիսի 13-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ 2006թ-ին ընդունվել է Բյուրեղավանի հիմնական դպրոցը։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Բյուրեղավանի ուսումնարանում, իսկ 2018թ-ին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ մարքեթինգի ֆակուլտետ։

Բանակ զորակոչվել է 2019թ-ի հունվարի 15-ին։ Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորանոցում, ապա ծառայությունը շարունակել է Արցախում։

«Երբ Հայկ են ասում, առաջինն իր ժպիտն է աչքերիս առաջ գալիս։ Ժպտերես էր, կյանքով լի, ընկերասեր։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ բոլորի կողմից սիրված է եղել, օգնող, հասնող։ Հնարավորություն ունենալու դեպքում բոլորին կօգներ։ Լիքը սեր ու ջերմություն էր տալիս, իսկ հիմա՝ միայն կարոտ»,-պատմում է Հայկի քույրը՝ Լիլիթ Եղիազարյանը։

Հայկի համար առաջնային նպատակը ուսումը շարունակելն էր։ Ուսման հետ համատեղելով ցանկանում էր ծնողներին օգնել՝ նոր բիզնես-գաղափարներ ուներ, շատ ու շատ նպատակներ, որոնց մասին չհասցրեց պատմել։

«Մի օր հեռախոսով խոսելիս ասաց՝ բա իմացար, ախպերդ սերժանտ ստացավ։ Շնորհավորեցի, ասեց՝ գիտես չէ, ավագ սերժանտով պիտի տուն գամ, որ համալսարանում զեղչ ստանամ, դու տես՝ գամ ինչեր եմ անելու։
Ծառայության մեկ տարին լրանալու օրը քրոջս հետ նամակագրվել է, ու գրել էր՝ մի տարի մնաց, կգամ ու ազատ կսավառնեմ, ինչպես վանդակում գտնվող աղունիկը։ Հայկիս զոհվելուց հետո մի աղունիկ եկավ պատուհանին նստեց ու մինչև հիմա մեզ հետ է ապրում»,- հիշում է Լիլիթը։

Հայկի ընկերը՝ Փայլակ Պողոսյանը, պատմում է, որ շատ բան է սովորել ընկերոջից։
«Առաջին անգամ, երբ Հադրութում տեսա Հայկին, առաջին հայացքից նա ինձ շատ դուր եկավ որպես մարդ։ Ծանոթացանք, սկսեցինք շփվել։ Շատ արագ ու հեշտ հարմարվեց վաշտի զինվորների հետ։ Հայկը կատակասեր էր, միշտ ուրախ ու պոզիտիվ։ Նրա հետ անհնար էր հոգնել։ Սիրում էր խոսել, պատմել, լսել մեզ։ Իր կատակները ընկերներով միշտ հիշում ու ուրախանում ենք։ Հայկը միայն ֆիզիկապես է բացակայում։ Միշտ մեր մտքերում է»,-ասում է ընկերը։

Հայկը տանկի հրամանատար էր, շատ պատասխանատու էր, իրեն վստահված հաստիքային տեխնիկան միշտ գտնվում էր մաքուր և մարտին պատրաստ վիճակում։ Ընկերների խոսքով նա փորձում էր վաշտում ընկերական մթնոլորտ ստեղծել։

«Շատ էր տեղ տալիս կոկիկությանը։ Մշտապես հետևում էր, որ ամեն ինչ լինի մաքուր և իր տեղում դրված։ Շատ ժամանակ ընկերներով կատակում էինք, ասելով՝ դու չլինես, մենք կմեռնենք։ Հայկը նախքան զորակոչվելը սպորտով էր զբաղվում, երբ եկավ բանակ՝ ինքնուրույն շարունակեց։ Կողմ էր առողջ ապրելակերպին։ Մեզ նույնպես խրախուսում էր։
Հիշում եմ, երբ որոշել էինք նոր դիտակետ սարքել, մեր դիտարկումները կատարելու համար մեզ անհրաժեշտ էր փայտ, որը չկար։ Հայկը՝ վաշտի երկու տղաների հետ միասին ոտքով գնացին և հեռու անտառից բերեցին։ Հայկը մտածում էր, որ բանակը մենք ենք ու ամեն ինչ կախված է հենց մեզնից»,- պատմում է ծառայակից ընկերը։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։ Ընտանիքի անդամները Հայկի հետ վերջին անգամ հոկտեմբերի 1-ին են խոսել՝ երեկոյան։ Ասել է, որ հոգնած է ու գնում է քնելու։ Հաջորդ 2 օրերին սպասել են զանգին, փորձել են տարբերակներ գտնել կապվելու, ինչ-որ ինֆորմացիա իմանալու, սակայն միայն հոկտեմբերի 4-ի առավոտյան են իմացել։ Ընկերներից մեկը պատմել է, որ առավոտյան տանկը քողարկելուց անօդաչու սարքի պայթյունից բեկորը դիպչել է սրտին և անմահացել է։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Զառա Թեյմուրազյան