Անմահ հերոս Մկրտիչ Հարությունյան

Մայոր Մկրտիչ Հարությունյանը այն զինվորականներից էր, որոնց կյանքը ամբողջությամբ նվիրված էր հայրենիքին։ Նրա համար զինվորական ծառայությունը պարզապես աշխատանք չէր․ դա առաքելություն էր։

«Իմը գործ չի, իմը ծառայություն է»,-հաճախ էր ասում նա։

Մկրտիչ Հարությունյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ զինվորականի ընտանիքում։ Նրա հայրը երկար տարիներ ծառայել է զինկոմիսարիատում՝ որպես զորակոչային բաժնի պետ։ Մանկուց նա մեծացել է զինվորականների միջավայրում։

Հոր խոսքով՝ որդու ընտրությունը պատահական չէր. «Իմ երեք երեխաներն էլ ծառայում են հայրենիքին, բայց Մկրտիչը մանկուց էր սիրում զինվորականի գործը։ Չգիտեմ՝ պապենական գեներն էին, թե ինձ էր նմանվել, բայց միշտ ասում էր՝ պիտի շարունակեմ քո գործը։ Հայրենասիրական գրքեր էր շատ կարդում»։

1996 թվականին Մկրտիչը ընդունվեց Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոց։ Ավելի ուշ ուսումը շարունակեց քաղաքի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոցում, որն ավարտեց բարձր առաջադիմությամբ։

Դպրոցից հետո ընդունվեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Սակայն ուսումը երկար չտևեց․ 2007 թվականին նա զորակոչվեց բանակ։

Մկրտիչը ծառայեց Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության զորամասում։ Զորացրվելուց հետո վերադարձավ համալսարան և ավարտեց ուսումը՝ ստանալով բակալավրի աստիճան։

Սակայն քաղաքացիական կյանքը երկար չտևեց։ 2013 թվականին նա որոշեց վերադառնալ բանակ։ Հորից  գաղտնի նամակ ուղարկեց պաշտպանության նախարարին՝ խնդրելով իրեն ծառայության ընդունել այն նույն զորամասում, որտեղ անցել էր ժամկետային ծառայությունը։ Այսպիսով նա դարձավ պայմանագրային զինծառայող՝ Հատուկ նշանակության զորամասում, որպես սերժանտ։ Շուտով բարեխիղճ ծառայության համար ստացավ լեյտենանտի կոչում և նշանակվեց Հատուկ նշանակության խմբի հրամանատար։ Ավելի ուշ նրան շնորհվեց ավագ լեյտենանտի կոչում, իսկ 2017 թվականից նա արդեն սպա-հրահանգիչ էր նույն զորամասում։

Զինվորական ծառայությանը զուգահեռ Մկրտիչը շարունակեց կրթությունը։ 2016-2018 թվականներին սովորեց և բարձր առաջադիմությամբ ավարտեց ՀՀ ԳԱԱ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

Նրա մարտական ուղին սկսվեց դեռևս 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Մկրտիչը իր զինակիցների հետ մասնակցեց Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի պաշտպանությանը՝ կանխելով թշնամու առաջխաղացումը և ծանր կորուստներ պատճառելով հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումներին։

Այդ օրերին նրա կինը՝ Անին հղի էր։

«Քառօրյա պատերազմի ժամանակ ես 8 ամսական հղի էի։ Մարտի 27-ին ասաց, որ մի քանի օրով գնում է։ Մենք արդեն գիտեինք՝ ինչ է նշանակում այդ «մի քանի օրը»։ Կարող էր չզանգել, անհասանելի լինել։ Ապրիլի 2-ին արդեն զանգերով իմացա, որ Արցախում պատերազմ է։ Չորս օր չէինք խոսել։ Ապրիլի 5-ին զանգեց։ Համարը գրանցել էի «Մկրտիչ Արցախ» անունով։ Դողալով վերցրի։ Իմ վիճակից բարկացավ ու ասաց՝ էլ չեմ զանգելու։ Բայց հետո ամեն օր մեկ անգամ զանգում էր։ Այդպես մոտ 50 օր մնաց այնտեղ»։

Հենց այդ օրերին էլ որոշվեց նրանց երկրորդ դստեր անունը։

«Հերթական զանգի ժամանակ ասաց՝ կլինի մեր երեխայի անունը Լյուսի դնենք։ Ասացի՝ ինչո՞ւ։ Ասաց՝ ուզում եմ նա ծնվի ու մեր ընտանիքին լույս բերի»։

Մայիսի 1-ին Մկրտիչը վերադարձավ, իսկ մայիսի 11-ին ծնվեց նրանց դուստրը՝ Լյուսին։ Ընտանիքում մեծանում են երկու աղջիկներ՝ Եվան և Լյուսին։

«Երկու աղջիկներն էլ արտաքինով շատ նման են նրան։ Մեծը՝ Եվան, 11 տարեկան է, փոքրիկը՝ Լյուսին՝ 10։ Բնավորությամբ Լյուսին շատ է նման նրան՝ քաջությամբ, նպատակասլացությամբ ու պայքարելու կարողությամբ»,- պատմում է կինը։

Անիի խոսքով՝ ամուսինը իր համար միշտ օրինակ է եղել։

«Մկրտիչը ինձ համար կուռք է եղել ու կա։ Նրա կողքին ես ուրիշ մարդ դարձա։ Նա երբեք ոչինչ չէր պարտադրում, բայց ես միշտ փորձում էի ամեն ինչ անել այնպես, որ իրեն դուր գա»։

Մկրտիչ Հարությունյանը մասնակցել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմին՝ առաջին իսկ օրերից եղել է առաջնագծում։ Կինը հիշում է, որ այդ օրերին նա մշտապես եղել է ամենաթեժ կետերում։

«Պատերազմի ժամանակ ամեն օր զանգում էր։ Ես գիտեի՝ ինքը ամենաթեժ կետերում է։ Երկու անգամ եկավ․ մի անգամ՝ իր հրամանատարի հուղարկավորությանը, երկրորդ անգամ՝ իր ամենամտերիմ ընկերոջ մարմինը բերելիս»։

Պատերազմից հետո նա փոխվել էր, պատմում է Անին։

«Շատերն ասում էին՝ շատ էր փոխվել, ավելի սառը ու լուրջ էր դարձել։ Բայց ընտանիքում ես այդ սառնությունը չէի զգում։ Նրա աչքերում պարզապես մեծ ցավ կար․ պատերազմի ժամանակ կորցրել էր իր մորաքրոջ տղային և ամենամտերիմ ընկերոջը»։

Մկրտիչը ծառայության ընթացքում մասնակցել է բազմաթիվ միջազգային զորավարժությունների ու դասընթացների՝ Հունաստանում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Չինաստանում և այլ երկրներում՝ ներկայացնելով Հայաստանի զինված ուժերը։

2021 թվականին նա ստացել է մայորի կոչում, իսկ 2023 թվականի փետրվարին նշանակվել է հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատար։

2023 թվականի ապրիլի 11-ին Տեղ գյուղի սահմանագծում մարտական առաջադրանք կատարելիս մայոր Մկրտիչ Հարությունյանը զոհվեց։

Նրա կինը հիշում է նրանց վերջին հեռախոսազրույցը։

«Վերջին անգամ խոսեցինք ապրիլի 11-ի առավոտյան։ Ասացի՝ Եվան վատառողջ է, դպրոց չեմ տարել։ Ասաց՝ լավ, չեմ կարող խոսել, երեխուն լավ նայի»։

Անին պատմում է, որ երբ լսել է 4 զոհ ունենալու լուրը շատ մեծ տագնապ է զգացել, որը նախորդ պատերազմների ժամանակ երբեք չի զգացել։

Հետագայում Անին ամուսնու իրերի մեջ գտել է մի նոթատետր, որի մեջ Մկրտիչը գրել էր իր անելիքների մասին.

«Ամեն երեկո քնելուց առաջ ինքս ինձ պետք է հարց տամ՝ այսօր ի՞նչ արեցի իմ զորքի մարտունակությունը բարձրացնելու համար»։

Հայրն ասում է, որ որդին միշտ պատրաստ էր ամեն ինչի։

«Ինքը հայրենասեր տղա էր մի անգամ հեր ու տղա նստած խոսում էինք ասեց դե եկեք ոչ մեկս չկռվենք թողենք գնանք։  Եզակի ծնունդ էր, ինքը միշտ նվիրված էր հայրենիքին, հողին։ Մի անգամ ինձ ասաց՝ դու զինվորական ես եղել, պետք է պատրաստ լինես դժվար պահերի։ Ոչ ոք չգիտի իր հետ ինչ կարող է պատահել»։

Մկրտիչ Հարությունյանը հուղարկավորվել է 2023 թվականի ապրիլի 14-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Մայորը արժանացել է մի շարք պետական և գերատեսչական պարգևների՝ «Գարեգին Նժդեհ» մեդալի, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալի, «Մարտական ծառայության» մեդալի, ինչպես նաև Ռազմական հետախուզության «Ծառայության համար» կրծքանշանի։ Նրա անունը զետեղվել է ՀՀ ԶՈւ Հատուկ նշանակության զորամասի Պատվո գրքում։ Հետմահու մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և Ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշանով՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության, խիզախության և նվիրված ծառայության համար։

Բազմիցս զգալով Մկրտիչի բազկի ուժը՝ հակառակորդը նրան տվել էր «Մգրո» անունը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Արինա Վարդերեսյան