Անմահ հերոս Նարեկ Գինոսյան

Նարեկ Համլետի Գինոսյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 29-ին՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։
2007 թվականից նրա ընտանիքը տեղափոխվել է քաղաք Աբովյան՝ մշտական բնակության։
Մոր բնորոշմամբ՝ Նարեկը տեսակով պատվախնդիր էր, շրջապատում նա առաջնորդ ու հաշտարար էր:
Նարեկը մանկուց զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, բռնցքամարտ։
Ավարտել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը, այնուհետև, ուսումը շարունակել է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում՝ ուսանելով երեք տարի։ Հետագայում ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բռնցքամարտի հեռակա բաժին։
«Քոլեջում՝ ծանոթության առաջին իսկ օրից, հետաքրքիր ձևով մտերմացանք, քանի որ Նարեկը յուրահատուկ մարդ էր ու դժվար էր իրեն չսիրել։ Ընկերոջ համար կյանք չխնայող էր, պատրաստակամ ու ճարպիկ, օրը վայելող , կենսուրախ տղա էր։ Ամբողջ օրը միասին էինք, քոլեջի տարածքում վազելիս՝ միշտ «Եռաբլուրում» էինք վազում։ Հերոսների շիրիմների մոտով անցնելիս՝ կանգնում էինք, զրուցում նրանց մասին, երբեմն՝ խունկ ծխում։ Մոնթեին պաշտում էր, ամենաշատը նրա շիրիմի մոտ էինք լինում»- պատմում է Նարեկի մտերիմ ընկերը՝ Արծրունը։
2020 թվականի հունվարի 31-ին Նարեկն իր զոհված ընկերոջ՝ Գուրգեն Կարապետյանի հետ զորակոչվել է բանակն և ծառայության անցել Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Հադրութի շրջանի զորամասերից մեկում։
Արծրունի խոսքով՝ Նարեկը պատրաստակամությամբ է բանակ մեկնել, մտածելով, որ ծառայությունն ամեն հայ տղայի համար կարևոր է։
Նարեկը եղել է վաշտի ավագ հրաձիգ և գնդացրորդ.
«Զինակիցների հետ մի ընտանիք էին, իրեն «Հադրութի բոքսո» մականվամբ էին կնքել։ Ըստ հրամանատարական կազմի՝ ծառայել է կարգապահությամբ, առանձնացել՝ մաքրասիրությամբ։ Շաբաթօրյակ էր կազմակերպել, ընկերների հետ մաքրել էին իրենց մարտական դիրքը, հետո զանգել, ինձնից ծաղիկների սերմեր էր խնդրել։
Բոլոր քննությունների ու դասերի ժամանակ լավ արդյունքներ էր ցուցաբերում: Հրամանատարն իրեն տեղեկացրել էր, որ նախատեսում են ավագ սերժանտի կոչում տալ, բայց այնպես ստացվեց, որ նախքան 2020թ.-ի պատերազմը՝ սեպտեմբերի 23-ին, նրան Մեծամորի N զորամաս ուղարկեցին։ Քանի որ համաճարակ էր, չէինք կարող տեսնել։ Մի օր հարցրի՝ գոնե գաղտնի կերպով կարո՞ղ ենք տեսակցել, պատկերավոր ձևով նկարագրեց, որ ինչ-որ պատ կա, դրա արանքով կթռչի, մի քանի րոպեով կտեսնվենք։ Այդ տեսարանը երազներով բազմիցս տեսա, բայց, էդպես էլ չիրականացավ»,-պատմում է մայրը:
Սեպտեմբերի 27-ին Նարեկը եղել է Մեծամորի զորամասում։ Նախապես՝ օրեր առաջ, իր եղբոր հետ ծրագրել էր մեկ ժամով մայրիկին անակնկալ կերպով այցելել, ծաղիկներ նվիրել.
«Այդ օրը տղաս հայրենի Արցախն ինձնից թանկ համարեց՝ նրա մոտ վազելով։
Թեև Մեծամորում նրան Արցախ տանելու նպատակ չեն ունեցել, նա կամավոր կերպով Արցախ գնաց հնարավոր առաջին տարբերակով. շտապօգնության մեքենայով Գորիս, այնտեղից՝ Արցախ մեկնեց»։
Պատերազմի ընթացքում Նարեկ Գինոսյանը մարտնչել է տարբեր շրջաններում։
Նարեկը սովորություն է ունեցել կողքին խաչեր ու սրբապատկերներ պահելու։ Պատերազմի օրերին դրանք նվիրել է մարտնչող մի քանի տղաների։
Մոր խոսքով՝ հատկանշական է, որ ում դրանցից նվիրել է, այսօր ողջ են։
«Հեռախոսապ, իհարկե, պատերազմի ոչ բոլոր օրերին է եղել։ Վերջին զանգը հոկտեմբերի 31-ին էր, շատ արտասովոր զանգ. Նարեկը զրուցեց բոլորիս հետ, չնայած իրավիճակին՝ շատ ուրախ էր, կարծես իմանար, որ հրաժեշտի օրն է։ Հարցրի՝ վաղը կզանգես, չէ՞, ասաց՝ իհարկե»։
Նարեկը բազմիցս խոսել է կարճ կյանքի ու վաղաժամ մահվան մասին, նույնիսկ՝ երազում տեսել ու եղբորն էր պատմել։ Մայրն ու ընկերը՝ Արծրունը, նշում են, որ Նարեկը կյանքի կարգախոսներ է ունեցել՝ «Լավ է ապրեմ կարճ, իմաստալից, ինձնից լավ անուն թողնեմ, քան ապրեմ երկար, ինձնից ոչինչ չթողնեմ» և «Կգա մի օր՝ կմնա մի օր»։ Սրանցից առաջինը զետեղված է նաև հերոսների մասին գրքերից՝ Նարեկի մասին գլուխներում։
Նարեկը իր ընկեր Գուրգենին՝ Գուշին, փնտրել է ռազմաճակատ մեկնելու առաջին օրից և այդպես էլ չգտնելով, զինակից ընկերներին ասել է. «Նրան երկնքում կտեսնեմ»։
Նարեկ Համլետի Գինոսյանը զոհվել է 2020թ.-ի նոյեմբերի 1-ին, Մոնթեի դիրքերից մեկում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից: Նա հուղարկավորվել նոյեմբերի 29-ին՝ հայրենի Գեղաշեն գյուղում։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայութուն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Էվանեսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: