Անմահ հերոս Արամ Պողոսյան

Արամ Արթուրի Պողոսյանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 22-ին` մայրաքաղաք Երևանում։
Մոր բնորոշմամբ՝ մանկուց ակտիվ էր, խելոք ու գաղտնապահ։ Վաղ տարիքից զբաղվել է նկարչությամբ։ Սովորել է Հակոբ Կոջոյան կրթահամալիրում։ Ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկ դիզայնի բաժինը՝ սովորելով անվճար հիմունքներով։
«Նախքան ծառայության մեկնելը՝ մագիստրոսական ծրագրով Իտալիայի ինչ-որ համալսարան էր ընդունվել, տարկետում էր վերցրել ու մեզ չէր ասել այդ մասին։ Բանակից վերադառնալուն պես՝ պետք է մեկներ ուսումը շարունակելու»,- պատմում է տիկին Կարինեն։
2019 թվականի հուլիսի 4-ին Արամը մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության․ վեց ամիս ծառայել է Արմավիրի մարզի ուսումնական զորամասերից մեկում, ապա՝ տեղափոխվել Որոտանի զորամասերից մեկը։ Տանկի հրամանատար էր, կոչումով՝ ավագ սերժանտ։
«Մեկ տարի ու ավելի անցել էր ինչ ծառայում էի և երբ հանդիպեցի Արամի հետ, միանգամից ընկերացանք, քանզի շատ ընդհանրություններ ունեինք, երկուսս էլ արվեստի մարդ ենք»,- պատմում է Արամի մտերիմ ընկերը՝ պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանը։
«Պատերազմից օրեր առաջ՝ երևի սեպտեմբերի 19-ն էր, առանց Արամին նախապես ասելու՝ գնացել էինք տեսակցելու։ Մեզ տեսնելու վայրկյանից անհանգիստ էր, անդադար ասում էր․ «Գնացե՛ք, ինչո՞ւ եք առանց ինձնից հարցնելու եկել»։ Նույն բանն այնքան ասաց, այնքան շտապեցրեց, որ երկար չմնացինք։ Դուրս գալուն պես շատ տանկեր տեսանք, հարցրի՝ այսքանն ո՞ւր են տանում, ասաց՝ զորավարժություններ են։ Ամսի 27-ին աշխատանքի էի, երբ տեղեկացա պատերազմի մասին։ Միանգամից զանգահարեցի Արամին, ասաց․ «Մամ, ամեն ինչ լավ է, մեզ դիրքեր չեն տարել»։
Ընկերը՝ Սեյրանը, պատերազմի առաջին օրից Արամի հետ է եղել մինչև այն պահը, երբ ինքը վիրավորվել է։ Երկար ժամանակ կապի մեջ չեն եղել, մինչև այն պահը, երբ նրան արդեն զոհված տեսա»,- պատմում է մայրը։
Քանի որ Արամի ծնողները մոտ մեկ շաբաթ տեղեկություն չեն ունեցել նրանից, հայրը գնացել է Արցախի Հանրապետություն (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից), այնուհետև, նրան չգտնելով, վերադարձել։ Որոշ ժամանակ անց նրանց ազգականը, որը Մեծամորի դիահերձարանում էր աշխատում, տեղեկացրել է, որ Արամի մարմինը այնտեղ է։
Սեյրանի խոսքերով՝ Արամն անսահման բարի էր, ընկերասեր, հանգիստ․ «Ես շա՜տ-շատ երջանիկ մարդ եմ, որ ունեմ իր պես ընկեր։ Մենք միասին շատ երջանիկ ու անմոռանալի հուշեր ունենք, բայց, ցավոք, պատերազմը վերջ դրեց մեր այդ օրերին»։
«Տղայիս մահվանից հետո տետր գտանք, որտեղ դեռ 2019թ․-ին նա կանխազգացել էր իր մահը ու գրել․ «Շուտով ես կմահանամ»»,- պատմում է մայրը։
Արամ Արթուրի Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 5-ին, հուղարկավորվել՝ հոկտեմբերի 12-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Էվանեսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: