Անմահ հերոս Դավիթ Սարգսյան

Դավիթ Արայիկի Սարգսյանը  ծնվել է 2001 թվականի հուլիսի 15-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) մայրաքաղաք Ստեփանակերտում։ 2008-2017 թվականներին սովորել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան 4-րդ  միջնակարգ դպրոցում: 2017 թ.-ին ընդունվել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջի Ռազմաբժշկական ֆակուլտետ: Փոքր հասակում հաճախել է ֆուտբոլի խմբակի, «Թումո» ստեղծարարության կենտրոն, հետո՝ փայտագործության դասերի։ Դպորցում սովորել է գերազանց, մասնակցել է մաթեմատիկայի օլիմպիադաների, մի անգամ նաև գրավել է առաջին հորիզոնականը։

Ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է ծառայության, քանի որ ցանկացել է իր ընկերների հետ ծառայել և 2020 թ.-ի հունվարի 20-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախում: 2020թ.-ի մարտի 2-ին տեղափոխվել է ՀՀ Արագածոտնի մարզ՝ Մուղնի համայնքի զորամասերից մեկում սերժանտական դասընթացների նպատակով: 2020թ.-ի հուլիսի 20-ին վերադարձել է Արցախի զորամաս՝ որպես հակաօդային պաշտպանության ստորաբաժանման հրամանատար: Սեպտեմբերի 20-ին բարձրացել է Թալիշի դիրքեր` հերթափոխության։

Վերջին անգամ ընտանիքի անդամները Դավիթի հետ խոսել են հենց սեպտեմբերի 27-ին։ Այդ օրվանից հետո կապն ընդհատվել է Դավիթի հետ, ընտանիքի անդամներին հայտնել են, որ հնարավոր է լինի գերիների ցանկում, սկսել են փնտրել, հետո  ծառայակից ընկերները փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին զոհվել է՝ անօդաչուի հարվածից։

Ինչպես նշվեց, Դավիթն անմահացել է 2020թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ մարտական գործողություն իրականացնելու ժամանակ, ծանր աստիճանի վիրավորում ստանալու հետևանքով։ Դավիթի  վերջին խոսքերն են եղել` «Կռվելու ենք մինչև վերջ ու չենք նահանջելու»:

Ցուցաբերած արիության, կամային բարձր որակների և խիզախության համար հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան