Անմահ հերոս Ժիրայր Մարգարյան

Ժիրայր Գագիկի Մարգարյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 7-ին՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում։ Ժիրայրը ընդամենը երկու ամսական է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղ։ Նախնական կրթությունը ստացել է Վակունիսի Ոսկանյանի անվան միջնակարգ դպրոցում։ Մանուկ հասակում հաճախել է շախմատի, մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի և մշտապես զբաղեցրել է առաջին և երկրորդ հորիզոնականները, բայց միևնույն ժամանակ՝ երազել է հաճախել սպորտի, սակայն քաղաքի հեռավորության պատճառով չի կարողացել գնալ։
«Մեր ընտանիքը բազմազավակ էր և Ժիրայրը 9-րդ դասարանն ավարտելուց հետո` ոչ մի ուսումնական հաստատություն չի շարունակել ուսումը, քանի որ տնային գործերում օգնում էր մեզ։ Նպատակ ուներ ծառայությունն ավարտելուց հետո ծառայել՝ որպես պայմանագրային զինծառայող, քանզի սիրում էր ռազմական գործը։ Օրերն էր հաշվում, թե երբ է գնալու բանակ։ Երբ սկսվեց 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, լսելով տղաների կատարած սխրագործությունների մասին՝ կարծես լցված լիներ վրեժով։ Մի անգամ էլ ասաց, երբ եմ գնալու բանակ, պատերազմի մասնակցեմ, կարծես կանխազգար իր հետ կատարվելիքը։ Ամեն տարի մարտի 31-ին՝ մեր գյուղի ազատագրման օրը, դպրոցում միջոցառում էին կազմակերպում և Ժիրայրը միշտ զոհված զինծառայողի դերն էր կատարում»,- պատմում է մայրը։
2020 թվականի հուլիսի 13-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Ջրականի շրջանում։ Ընտանիքի անդամները՝ համաճարակով պայմանավորված չեն կարողացել ներկա գտնվել որդու զինվորական երդման արարողությանը։
«Ժիրայրը ծառայել է ընդամենը երկու ամիս և այդ երկու ամիսների ընթացքում ես՝ որպես զինվորի մայր շատ հպարտ էի և անհամբեր սպասում էի, թե երբ է լինելու իր երդման արարողությունը, որ մասնակցենք, բայց մեզ չթույլատրեցին ներկա գտնվել։
2020թ.-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը վեցին, զանգահարել էր ինձ և մի տեսակ տագնապ կար իր խոսքի մեջ։ Ամուսինս մեր գյուղի շտապօգնության ավտոմեքենայի վարորդն էր։ Մեկ ժամ անց լսեցինք պատերազմի ձայնը։ Այդ օրվանից հետո մեզ զանգահարել է սեպտեմբերի 30-ին և ասում էր, որ իրենք չեն մասնակցում գործողություններին։
Ժիրայրը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 15-ին։ Ընկերոջ խոսքով՝ զոհվել է հոկտեմբերի 15-ին, դիպուկահարի կրակոցից։ Սպայի և մյուս ծառայակից ընկերների հետ Հադրութի շրջանում ընկել են շրջափակման մեջ, սկսվել է փոխհրաձգություն, ինչի հետևանքով էլ եղել է դեպքը։
Զինվորի աճյունը հանգչում է հայրենի Վահրամաբերդ գյուղի գերեզմանատանը։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: