Անմահ հերոս Տիգրան Պողոսյան

«Սպան զինվորի ավագ ընկերն է և առաջին հերթին՝ պետք է հոգատար լինի նրա նկատմամբ». ավագ լեյտենատ Տիգրան Պողոսյան
Տիգրան ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։ Սովորել և ավարտել է Հոռոմի միջնակարգ դպրոցը։
Հարազատների խոսքով՝ Տիգրանը շատ աշխույժ էր դեռևս փոքր տարիքից: Նա շրջապատի ու հարազատների ուրախությունն էր, այնպիսի մի ժպիտ ուներ, որին ոչ ոք չէր դիմանում։
Դպրոցական վերջին տարիներին Տիգրանը կտրուկ որոշել էր ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Հարազատներից շատերն էին փորձել Տիգրանին հետ պահել այդ որոշումից, բայց ինքն արդեն հստակ որոշել էր, որ պիտի իր կյանքը կապի հայրենիքի հետ։
2010 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Ուսումնառության տարիներին՝ մշտապես աչքի է ընկել իր կարգապահությամբ։ 2014 թվականին ավարտելով ուսումը՝ ծառայության է անցել Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակետի շրջանի զորամասերից մեկում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար։
Ծառայության առաջին իսկ օրերից Տիգրանը սիրվել է թե՛ սպայական անձնակազմի, թե՛ զինվորների կողմից, քանի որ հատուկ հոգատարությամբ էր վերաբերվում հատկապես զինվորներին։ Իր կատակասեր ու շփվող բնավորությունը կյանքում շատ էր օգնում՝ հեշտ ընտելանալ ու ընտելացնել մարդկանց։ Միևնույն ժամանակ՝ Տիգրանի ծառայակիցների խոսքով, նա շատ խստապահանջ էր, շատ լուրջ էր վերաբերվում իր ծառայությանն ու իր զինվորների կյանքին։
2016 թվականի ապրիլին արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր ուղղություններում հակառակորդը անցել էր լայնամասշտաբ հարձակման: Հայկական կողմը մի քանի օր շարունակ կենաց մահու պայքար է մղել հակառակորդի դեմ։ Տիգրանն իր զինվորների հետ ևս եղել է Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում. իրենց դիրքն ամուր ու անսասան են պահել։
Ապրիլի 26-ին՝ ուժեղ հրթիռակոծության հետևանքով, Տիգրան Պողոսյանը զոհվել է։
Տիգրան Մխիթարի Պողոսյանը հետմահու պարգևատրել է Հայաստանի Հանրապետության «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։
Տիգրանի հիշատակը հավերժանցելու համար, գյուղում, որտեղ ծնվել և մեծացել է նա՝ հուշաքար է տեղադրվել, հրատարակվել է «Մարտակերտի Տիգրանը» գիրքը, որը հավերժացնում է Տիգրանի կերպարը։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: