Անմահ հերոս Հրանտ Մանգասարյան

Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 13-ին` Սպիտակի շրջանի Շիրակամուտ գյուղում, սակայն ընտանիքը երկար տարիներ բնակվել է Երևանում։ 

Պարտադիր զինվորական ծառայության է անցել 2016 թվականի հունվարին, սկզբնական շրջանում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ուսումնական զորամասերից մեկում, որից հետո՝ ծառայությունը շարունակել էր Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես դիպուկահար: 

Հարազատները հիշում են, որ Հրանտը շատ համեստ տղա էր, անչափ հարմարվող, երբեք ավելորդ անգամ ոչ ոքի նեղություն չէր տալիս, մեծ սիրով էր ծառայում, իր համար մեծ պատասխանատվություն էր ծառայել իր երկրի համար։

Ծառայության ընթացքում Հրանտը բազմաթիվ պատվոգրերի ու խրախուսանքների է արժանացել՝ իր մասնագիտական բարձր պատրաստվածության համար։ Ինչպես փաստում է Հրանտի մայրը՝ Նունեն, որդին նաև մասնակցել է 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններին, որի մասին իրենք ավելի ուշ են իմացել:

2017 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գ. Հ-ն և Ս. Ա-ն ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

Երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

2018 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գ.Հ-ին, ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ մայոր Ա.Գ-ին:

2018 թվականի հունվարի 28-ին Հրանտ Մանգասարյանը հետմահու պարգևատրել է   Հայաստանի Հանրապետության   «Մարտական ծառայության» մեդալով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան