Անմահ հերոս Յուրա Փարամազյան

1996 թվականին հուլիսի 26-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունի քաղաքում է ծնվել Յուրա Փարամազյանը։
2003-2011 թվականների սովորել է Մարտունու 2-րդ դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Մարտունիի Վ.Խաչատրյանի անվան ուսումնարանում: 2013 թվականին՝ ուսումնարանն ավարտելուց հետո, ընդունվել է Արցախի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի ՆԶՊ և ֆիզդաստիարակության ֆակուլտետը: 1-ին կուրսն ավարտելուց հետո՝ 2014 թվականի ամռանը, Յուրան զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Մատաղիսում, որպես՝ սերժանտ, ջոկի հրամանատար:
Յուրան ծնվել ու մեծացել է Մոնթեաբերդում, որի համար իր հայրը դեռ Արցախյան առաջին պատերազմին է մասնակցել, պահել ու փայփայել իր հայրենի հողը։ Հայրը միշտ Յուրային պատմել է պատերազմական գործողությունների ընթացքի, հաղթանակների մասին, և թե ինչպես կարելի է ապահով լինել: Երևի հոր սիրտը զգում էր, որ որդուն անպայման պետք կգան իր դասերը:
Յուրան ծառայության ընթացում մտերմացել էր Վլադիմիր Նարինյանի հետ։
Ապրիլյան ռազմական գործողությունների վերսկսման ժամանակ՝ Վլադիմիրը մարտական դիրքում էր, իսկ Յուրան զորամասում։
2016 թվականի ապրիլ 1-ի՝ լույս 2-ի գիշերը, թշնամու կողմից ռազմական գործողությունների վերսկսման արդյունքում՝ հայկական ԶՈՒ-ն անցել է պատասխան հարվածի: Թշնամին կետրոնացված մարտ է վարել ամբողջ սահմանի երկայնքով: Այդ գիշեր Յուրան զորամասում է եղել։
Զորամասի ուղղությամբ թշնամին ևս տասնյակ արկեր էր կենտրոնացրել: Յուրան օգնության է հասել իր ենթակայության տակ գտնվող նորակոչիկներին, նրանց դուրս բերել ապահով վայր, արկերից մեկի պայթյունից էլ զոհվել։
Յուրա Անատոլիի Փարամազյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: