Անմահ հերոս Պարույր Մելքոնյան

Պարույր Մելքոնյանը ծնվել է 1991 թվականի հունվարի 4-ին՝ Երևան քաղաքում: Պարույրը կրում էր իր պապիկի անունը, որը վաղ էր մահացել։

Սովորել և ավարտել էր Ն.Խաչատրյանի անվան թիվ 113 միջ. դպրոցը:

Փոքր ժամանակ Պարույրը շատ ճարպիկ էր,  3-4 տարեկանում՝ ճարպկությամբ ծառ է մագլցել, զգուշորեն քայլել տան կտուրի վրայով, բարձրությունից ցատկել մեծ համարձակությամբ։ Դպրոցական տարիների Պարույրը զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ ֆուտբոլ, բոքս և նաև մեծ սեր է ունեցել համակարգչային խաղերի նկատմամբ:

Մոր՝ Արմինեի խոսքով,Պարույրը չափազանց բարի, խելացի, կամեցող, խղճով, ազնիվ, բոլորին օգնության հասնող, նպատակասլաց մարդ էր։

Ցանկացած բարձունք նրա համար հաղթահարելի էր,  եթե ինչ-որ բան պլանավորում էր, ուրեմն պիտի կատարեր ու միայն  հաղթանակած:

Իր շրջապատում շատ սիրված և հարգված անձնավորություն էր, միշտ ուրախ ու մշտարթուն, սիրում էր օգնել բոլորին: Եվ առաջնորդվում էր մի սկզբունքով, այն էր, օգնել նեղն ընկածին, հավատարիմ լինել ընկերներին և երբեք չդավաճանել:

Պարույրը շատ աստվածասեր էր ու սիրառատ էր բոլորի հետ,  ապրում էր ուրիշի ցավերով, կիսում նրանց հետ և՛ ուրախությունը, և՛ տխրությունը:

Ժամանակի ընթացքում ընտանիքը Պարույրի մեջ կապ է տեսել արվեստի ոլորտի հետ և նա ինքնակամ սկսել է սովորել Երևանի Գեղարվեստի ուսումնարանի քանդակագործության բաժնում: Նրա առաջին աշխատանքը քարի վրա  «Ո» տառի փորագրությունն է եղել։

2009 թվականի հունիսի 25-ին զորակոչվել էր ծառայության՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում:

Պարույրի բանակ գնալու օրը մայրը  ծաղկամանի մեջ որդու անունով  կյանքի ծառ է տնկել, որը տղայի զոհվելուց 1 օր առաջ քամուց շուռ է եկել, արմատախիլ եղել ու ամբողջությամբ ջարդվել, իսկ հաջորդ օրը՝ հունիսի 18-ին, տեղի էր ունեցել դեպքը։

2010 թվականի հունիսի 18-ին՝ թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները, արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան հատվածում գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկի վրա: 

Երկու տասնյակից կազմված ջոկատայինների առաջխաղացումը կասեցնելիս՝ զոհվել են ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ՝ Մնացական Ռոբերտի Գասպարյանը, շարքայիններ՝  Պարույր Արարատի Մելքոնյանը, Արայիկ Սևակի Բարսեղյանը, Էդուարդ Սուրենի Մանուկյանը և վիրավորվել են չորս զինծառայողներ:

Պարույր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան