Անմահ հերոս Աշոտ Շահբազյան

Ապրիլյան պատերազմում զոհված Աշոտ Շահբազյանը ծնվել է 1993 թվականի հունիսի 5-ին՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։
Աշոտի հայրը` Կարապետ Շահբազյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, մարտերի ժամանակ կորցրել է իր երկու ազգականներին և ի պատիվ նրանց՝ անվանակոչել է իր որդիներին Աշոտ և Հունան։ Երկու եղբայրներ մեծացել են՝ որպես արժանապատիվ հայ տղաներ, ովքեր իրենց անվանն արժանի պիտի ապրեին ու ծառայեին ի շահ երկրի։
Տեղի դպրոցն ավարտելուց հետո՝ Աշոտը ընդունվել է Ն.Աղբալյանի վարժարան։ Ավարտելուց հետո՝ 2010-2014 թվականներին սովորել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական համալսարանում։
Ավարտելով ինքնակամ ընտրել է ծառայությունն անցկացնել Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)` Մեխակավանի N զորամասում։
Աշոտը սպա էր, ով մեծ պատասխանատվությամբ կատարում էր բոլոր մարտական խնդիրներն իր դասակի հետ միասին։
Աշոտն իր աշխատասիրության շնորհիվ ուներ բարձր մասնագիտական հմտություններ։ Իր զինվորների համար նա ավագ ընկեր էր, ով մշտապես մտահոգվում էր նրանց անվտանգության համար։
Աշոտը ֆիզիկապես կոփված էր, ուժեղ, անսահման բարի ու նվիրված բոլորին, ինչպես նաև՝ սիրված թե՛ սպայական անձնակազմի, թե՛ զինվորների կողմից։
2016 թվականի ապրիլի 1-ի լույս` 2-ի գիշերը, թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի սահմանի ողջ երկայնքով օգտագործելով մեծաքանակ կենդանի ուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի և օդուժ։ Հայկական ստորաբաժանումները թշնամուն պատասխան հակահարված են հասցրել՝ տալով թշնամուն թե՛ կենդանի ուժի, թե’ զինտեխնիկայի ահռելի կորուստներ։
Աշոտն իր անձնակազմի հետ երկար մարտ է վարել ու չնահանջելով պայքարել՝ մինչև վերջին շունչը։ Ինչպես միշտ Աշոտը պատերազմի օրերին փորձել է հնարավոր բոլոր տարբերակներով պաշտպանել իր զինվորներին, վերջին պահին էլ՝ փրկել է իր զինվորներից մեկի կյանքն ու զոհվել։
Աշոտ Շահբազյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2 -րդ աստիճանի շքանշանով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: