Անմահ հերոս Աղասի Գրիգորյան

Աղասի Գրիգորյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին՝ Արարատի մարզի Արբաթ գյուղում: Աղասին 3 տարեկան է եղել, երբ պապիկը նրան հարցրել է, թե ի՞նչ է ցանկանում դառնալ, Աղասին խրոխտ ու հպարտ տոնով պատասխանել է, որ «մարդ» է ուզում դառնալ, պապիկը շփոթված նորից է հարցրել, իսկ Աղասին բարկացած նորից պատասխանել է, որ նա ուզում է «մարդ» դառնալ:
Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո՝ 2011 թվականին, 9-րդ դասարանն ավարտելուն պես տաղափոխվում է Երևան և ընդունվել Հայբուսակ համալսարանի բազային քոլեջի ատամնատեխնիկական բաժին: Դրա հետ մեկտեղ՝ սովորել է ավտոդպրոցում, առաջարկը ստացել է զինկոմիսարիատից: Դասերը համատեղելով պարապմունքների հետ՝ քոլեջն ավարտել է բարձր ցուցանիշներով, իսկ ավտոդպրոցում՝ գերազանց սովորելու և պատշաճ հաճախելու համար, պատվոգիր է ստացել։
2014 թվականին զորակոչվել է ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մեխակավանի զորամասերից մեկի հետախուզական վաշտում։
Հեշտ է հարմարվել, շատ սիրվել մարտական ընկերների կողմից ու նա նույնպես բոլորին սիրել ու օգնել է, ցանկացած հարցում շատ լավ խորհրդատու է եղել:
Ծառայակից ընկերներից հիշում են, որ Աղասիին՝ իր գեղեցիկ ժպիտի համար «սմայլիկ» էին անվանում։
Ծառայության ընթացքում մի անգամ Աղասին ծառայակից ընկերոջը փոխարինել է մարտական դիրքեր բարձրանալիս, որովհետև ընկերը պետք է զորացրվեր, իսկ դիրքեր բարձրանալու ընթացքում՝ օրերը անցնելու էին, Աղասին խնդրել էր հրամանատարին, որ ինքը փոխարինի ընկերոջը։
2015 թվականի դեկտեմբերի 17-ի` լույս 18-ի գիշերը, հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կասեցնելիս՝ պաշտպանական մարտերում զոհվել են ՊԲ շարքային զինծառայողներ` Աղասի Արսենի Գրիգորյանն ու Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը։ Մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմը ունեցել է 4 վիրավոր զինծառայող:
Աղասի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: