Անմահ հերոս Հայկ Խաչատրյան

Հայկ Խաչատրյանը ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Շիրակի մարզի Գուսաննա գյուղում: 2016 թվականին ավարտել է տեղի դպրոցը, որից հետո սովորել է Գյումրի քաղաքի «Բիզնես էլիտա» ուսումնական կենտրոնում:

Մանկուց Հայկը առանձնանում էր իր մարդ տեսակով. նվիրված, զուսպ, համեստ երիտասարդ էր, սիրում էր օգնել, սատարել ու բոլորի կողքին լինել ցանկացած հարցում, ժպտերես ու բարի էր: Ազատ ժամանակ Հայկը զբաղվում էր նկարչությամբ և զուգահեռ սպորտով:

Հայկը վաղ հասակից երազում էր զինվորական հագուստ կրել, ծառայել բանակում: Հայկի մայրը հիշում է, որ որդին շատ աստվածավախ էր, բանակ զորակոչվելուց առաջ՝ իրենց տան «Նարեկ»-ի մեջ իր նկարն ու ծանուցագիրն էր դրել։

2017 թվականի հունվարին  անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության, վեցամսյա ուսումնական փուլն անցել է Արտաշատում, որից հետո տեղափոխվել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Ասկերանանի շրջանի զորամասերից մեկը՝ որպես կրտսեր սերժանտ, կապի ջոկի հրամանատար:

Հարազատների խոսքով՝ Հայկը մեծ նվիրումով էր ծառայում, կոկիկ էր, սիրում էր խստությունն ու միշտ մեծ պատասխանատվությամբ էր կատարում իրեն առաջադրված մարտական խնդիրները: Ծառայության ընթացքում արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի:

2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող  Հայկ Խաչատրյանը։

Հայկ Գագիկի Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն»  մեդալով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան