Անմահ հերոս Կարեն Աքուլյան

Կարենը ծնվել է 1997 թվականի փետրվարի 27-Ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Սովորել և 2014 թվականին ավարտել է Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցը: Սիրել է ռազմագիտություն և աշխարհագրություն առարկաները: Սովորել է ավտոդպրոցում և աշխատել ծնողներին օգնելու նպատակով։

Բազմաթիվ նախասիրություններ է ունեցել Կարենը, բայց ամենից շատ սիրել է աշխատել մեքենաների հետ, վարել ու տեղյակ լինել բոլոր մասերից։

«Մանկության խաղալիքը զենքն էր, շատ էր սիրում կռիվ-կռիվ խաղալ: Սպորտ էր շատ սիրում, կառատեի է գնացել,որի ընթացքում 5 գոտի է ձեռք բերել, մասնակցել է խաղերի և ունի շատ մեդալներ և պատվոգրեր»,- հիշում է մայրը։

Առանձնահատուկ սեր ուներ սրբապատկերների ու խաչերի նկատմամբ, իսկ ծառայության անցնելուց առաջ ծնողներին խնդրել էր Մկրտության արարողություն կազմակերպել, ուզում էր անպայման օրհնված գնալ հայրենիքը պաշտպանելու:

2015 թվականին Կարենը անցել է պարտադիր զինվորական ծառայության, սկզբնական շրջանում Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Ստեփանակերտ քաղաքում, իսկ որոշ ժամանակ անց շարունակել է Եղնիկներ զորամասում:

Կարենը մեծ սիրով է անցել ծառայության, նվիրված ու բարեխիղճ կերպով ծառայել, որի համար ծնողները շնորհակալական նամակ են ստացել զորամասի հրամանատարական կազմի կողմից, նման զինվոր դաստիարակելու համար:

2015 թվականի դեկտեմբերի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի դիպուկահարի  կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող շարքային Կարեն Սիսակի Աքուլյանը:

Կարեն Աքուլյանը հետմահու Արցախի Հանրապետության «Արիության համար», Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով:

Երազանքներ շատ ուներ, ուզում էր ծառայել հայրենիքին, ասում էր. «Մամ ջան, էլ ի՞նչ տղա, որ չծառայի իր հայրենիքին: Չմտածես, 2 տարին շատ երկար  չի, դու քույրերիս ու երեխեքին լավ նայի, մինչև ես գամ: Կգամ ու կաշխատեմ, հերիքա դու աշխատես, ուզում եմ երբ որ տուն մտնեմ՝ քեզ տեսնեմ»:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան