Անմահ հերոս Ռոբերտ Աբրահամյան

Ռոբերտը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Արարատի մարզի Տափերական գյուղում: 

2010 թվականին ավարտել է տեղի դպրոցը, որից հետո՝ 2011-2013 թվականներին զորակոչվել է պարտադի զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Հադրութի շրջանի N զորամասում։ 

Հարազատները հիշում են, որ Ռոբերտը փոքրուց է ցանկացել զինվորական դառնալ, անչափ հայրենասեր էր։ Հանգիստ ու հանդարտ բնավորություն ուներ, շատ կատակասեր էր, համեստ, հավասարակշռված, հարգանքով։

Ծառայության ավարտից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատելու նպատակով, հետո հետ վերադարձել հայրենիք։

Փոքր տարիքից սրտում պահած երազանքը՝ Ռոբերտը որոշել էր իրականություն դարձնել ու դիմել էր Խաղաղապահ զորքերում ծառայության  անցնելու համար, հրամանակը եղել էր 2016 թվականի ապրիլի 1-ին։

Ապրիլի 1-ից Ռոբերտը ծառայության էր անցել Խաղաղապահ զորքերում, կոչումով սերժանտ էր: Հաջորդ օրը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ գործողություններ էր սկսվել սահմանի ողջ երկայնքով։ Ռոբերտին ևս տեղափոխել են  Արցախ, որտեղ մի քանի օր հետո՝ ապրիլի 10-ին, արցախա-ադրբեջանական սահմանի Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, թշնամու կողմից արձակված կրակոցից՝ մահացու հրազենային վիրավորում է ստացել։ 

Ռոբերտը ամուսնացած էր, ունի որդի, ով ընդամենը մի քանի ամսական էր, երբ հայրը զոհվեց, հիմա ընտանիքը սփոփվում ու փորձում է ապրել հանուն փոքրիկի, ում ամեն քայլն ու շարժումը բոլորին հիշեցնում են հորը՝ Ռոբերտին։ 

Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության»և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

Հարազատ դպրոցում, որտեղ սովորել է Ռոբերտը․ Ռազմագիտության դասասենյակը կրում է նրա անունը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան