Անմահ հերոս Արայիկ Օրդուբեկյան

Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 27-ին՝ Երևանում։ Նա բազմազավակ ընտանիքի անդրանիկ զավակն էր:

Սովորել է թիվ 194 դպրոցում, ավարտել՝ 2015 թվականին։ Դպրոցում գերազանց է սովորել, միշտ աչքի է ընկել իր լավ ունակություններով:

Քույրը հիշում է, որ Արայիկը շատ էր սիրում ազատ ժամանակն անցկացնել ընկերների հետ, շատ զուսպ ու համեստ անձնավորություն էր։

2015 թվականին անցել է զինվորական ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մեխակավանի զորամասերից մեկում։ Կոչումով շարքային էր՝ հետախույզ-գնդացրորդ:

Պատասխանատվությամբ և լրջությամբ է վերաբերվել ծառայությանը, ցանկացած մարտական խնդիր կատարել գերազանց, սիրվել` թե՛սպայական անձնակազմի, թե՛ զինծառայողների կողմից:

2016 թվականի սեպտեմբերի  2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:

Արայիկը մասնակից էր եղել Ապրիլյան ռազմական գործողություններին։

Արայիկի քույրը պատմում է, որ ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել, որ նա ընտրել է ծառայել հետախուզական վաշտում, դրա մասին ավելի ուշ են իմացել, Արայիկը չի ցանկացել ավելորդ անգամ անհանգստացնել ծնողներին։

Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան