Անմահ հերոս Հայկ Մարգարյան

«Պապ գիշերը դուռ-լուսամուտ բաց թողեք, ես Թալիշում եմ պահում սահմանը, ախպերս՝ Մեհրաբում, ով կարող է ձեզ անհանգստացնել»: /Հայկ Մարգարյան/

Հայկը ծնվել է 1992 թվականին՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։ Երբ Հայկը 4 տարեկան էր ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվել Երևան։

Հայկը փոքրուց աշխույժ էր, կյանքով լեցուն, իր վարակիչ ժպիտով միշտ ջերմացնում էր բոլորին։

Սովորել է Երևանի Լ.Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցում։

2009 թվականին ընդունվել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։

2013 թվականին ավարտել և անցել է պարտադիր զինվորական ժամկետային  ծառայության՝ սկզբնական շրջանում Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մատաղիսի զորամասում, հետո շարունակել Թալիշում՝ որպես սերժանտ։

Ծառայության ընթացքում Հայկը մշտապես մարտական հերթապահություն է իրականացրել, ինչպես նաև՝ կասեցրել թշնամու նախահարձակ ակտիվությունը։

2015 թվականի մարտի 22-ին, ժամը 17:15-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Տարոնի Մարգարյանը, ըստ նախնական տվյալների, ուշագնաց է եղել և զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին՝ ժամը 17:25-ի սահմաններում մահացել:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծառայության ընթացքում հանկարծամահ եղած 23-ամյա Հայկ Մարգարյանի մահը բժշկական վկայականի համաձայն՝ վրա է հասել աորտայի կրծքային հատվածի շերտազատված անևրիզմայի ինքնաբուխ պատռվածքի հետևանքով: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Հայկի հայրը՝ Տարոնը, մեզ հետ զրույցում նշում է, որ Հայկը երբևիցե առողջական խնդիրներ չի ունեցել, նա կոփված ու մարզված երիտասարդ էր։ Իր հսկա մարմնի մեջ շատ բարի սիրտ ուներ, ընկերասեր էր, ծնողասեր, համեստ ու հավասարակշռված, շրջապատում բոլորին միայն բարությամբ էր պատասխանում։

Հայկ Տարոնի Մարգարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։ Ինչպես նաև՝ ծառայության ժամանակ պարգևատրվել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով և բազում այլ պատվոգրելով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան