Անմահ հերոս Բագրատ Ալեքսանյան

Բագրատ Ալեքսանյանը ծնվել է 1995 թվականի հունիսի 11-ին՝ Երևան քաղաքում։

Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 84 դպրոցում, ավարտելուց հետո՝ ընդունվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարան։

Բագրատը որոշել էր ընտրել խոհարարի մասնագիտությունը և 2011 թվականին ընդունվել էր հայ-հունական պետական քոլեջ։

Բագրատի ընտանիքը երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, Բագրատը հայրենիք է վերադարձել՝ ծառայության մեկնելու նպատակով։

2014 թվականին անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մեխակավանի զորամասերից մեկում, որպես՝ շարքային, նռնակաձիգ։

Առողջական խնդիրների պատճառով՝ Բագրատն ազատված է եղել մարտական ծառայություն իրականացնելուց, սակայն ինքնակամ ցանկություն է հայտնել դիրքեր բարձրանալու և մարտական հերթապահություն իրականացնելու, բայց դրա մասին ծնողներն իմացել են որդու զոհվելուց հետո։

2016 թվականի  ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մեխակավանի բարձունքներից մեկը  թշնամու կողմից ենթարկվել է գրոհի։ Բարձունքում մարտական հերթապահություն իրականացնող զինվորները ժամեր շարունակ պայքար են մղել թշնամու դեմ։

Բարձունքի պաշտպանության ժամանակ քաջաբար մարտնչելիս ընկել են սպաներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, ժամկետային զինծառայողներ՝ Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը,  Տիգրան Բերակչյանը, պայմանագրային զինծառայող՝ Անդրանիկ Գրիգորյանը։

Բագրատը մարտական գործողությունների ընթացքում իրեն դրսևորել է՝ որպես քաջ ու անվախ զինվոր, պայքարել մինչև վերջին շունչը։

Բագրատը դեռ փոքրուց ստեղծագործում էր, նրա զոհվելուց հետո՝ ընտանիքի ջանքերով լույս է տեսել  նրա ստեղծագործությունների ժողովածուն, որը կոչվում է «Վերադարձ»։

Բագրատ Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան