Անմահ հերոս Կարեն Ներսիսյան

Հայրենիքի պաշտպանության գործում անմահացած Կարենը ծնվել է 1997 թվականի ապրիլի 8-ին՝ Կոտայքի մարզի Բջնի գյուղում։
2003-2014 թվականներին սովորել էր Բջնիի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: Ավարտել և ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետադիզայներական բաժինը։
Կարենը փոքրուց սպորտով է զբաղվել, դրա հետ զուգահեռ ցանկություն է ունեցել ծրագրավորման ոլորտում քայլեր անել, քանի որ սիրում էր համակարգչի, հեռախոսների և այլ տեխնիկաների հետ աշխատել:
Ուսումը կիսատ թողնելով՝ 2015 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Հադրութի շրջանի Մեխակավանի զորամասերից մեկում։
Ծառայության ընթացքում Կարենը մասնակցել է սերժանտական դասընթացների, աչքի ընկել իր լավ ունակություններով ու ստացել սերժանտի կոչում։
Կարենի ազգականները նշում են, որ մեծ սիրով է անցել ծառայության, երբեք չի դժգոհել, իմացել է, որն է զինվորի կարևոր դերը։
2016 թվականի ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը, Մեխակավանի բարձրունքներից մեկը թշնամու կողմից ենթարվել է գրոհի։ Բարձունքում մարտական հերթապահություն իրականացնող զինվորները ժամեր շարունակ պայքարել են թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Ժամկետային զինծառայողներին օգնության է հասել սպայական խումբը։
Բարձունքի պաշտպանության ժամանակ՝ քաջաբար մարտնչելիս ընկել են սպաներ՝ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, ժամկետային զինծառայողներ՝ Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը, Տիգրան Բերակչյանը, պայմանագրային զինծառայող՝ Անդրանիկ Գրիգորյանը։
Կարեն Արտակի Ներսիսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով:
Կարենի հիշատակը հավերժացնելու համար՝ Բջնիի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը կրում է նրա անունը, իսկ գյուղի կենտրոնում հուշաքար է տեղադրվել Կարենի ու զինակիցների պատվին:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: