Անմահ հերոս Դավիթ Հարությունյան

Դավիթ Հարությունյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից), Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ 2007 թվականին ընդունվել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց, որտեղ մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել է Խնձրիստանի միջնակարգ դպրոց։ 2017 թվականին ավարտելով դպրոցը ուսումը շարունակել է Շուշիում` Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանում։ 2018 թվականին տեղափոխվել է Ստեփանակերտ և սովորել Գրիգոր Նարեկացու անվան համալսարանում` «ֆիզկուլտուրա» բաժնում։ Դավիթը շատ էր սիրում սպորտը, սակայն չէր կարողանում ընտրել միայն մեկ ուղղություն, ուզում էր ամեն ինչ սովորել` հասնել ամեն ինչի։

2019 թվականի հուլիսի 29-ին անցել է ծառայության։ Սկզբնական շրջանում ծառայել է Հրազդանում, որտեղ ստացել է սերժանտի կոչում, այնուհետև ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի «Ցոր» զորամասում։

«Դավիթը շատ պարզ, հոգատար, խիզախ, նվիրված, ընկերասեր, կյանքը շատ սիրող անձնավորություն էր։ Երբ Ստեփանակերտում էր սովորում, մենք միասին էինք ապրում», – պատմում է Դավիթի մորաքույրը` Վիոլետա Գրիգորյանը ու շարունակում,- «միշտ հիշում եմ, որ Դավիթս սոխ ընդհանրապես չէր սիրում, իսկ ես բնավորությանս համաձայն, երբ ինչ-որ բան էի պատրաստում միշտ սոխը շատ էի լցնում։ Մի օր կոտլետ էի պատրաստել ու Դավիթս մեծ սիրով կերավ, հարցրեցի արդյո՞ք համեղ էր ստացվել, ասաց ճիշտ է` մսից բացի ամեն ինչ կար, բայց շատ համեղ էր ամեն ինչ։ Այդպիսի բնավորություն ուներ, երբեք ոչ մեկին չէր նեղացնում ու չէր վիրավորում։ Հոկտեմբերի 22-ին ենք խոսել վերջին անգամ, ասում էր ամեն ինչ լավ է, մեր տեղը հանգիստ է, որևէ բանից երբևէ չի բողոքել»։

Դավիթը մեծ հայրենասեր էր, պատերազմի  ընթացքում միշտ տրամադրված է եղել, որ հաղթանակած վերադառնալու է տուն։

– «Որդիս ուներ հնարավորություն չծառայելու, քանի որ իմ միակ զավակն էր, չուներ ոչ քույր, ոչ եղբայր և ոչ էլ հայր։ Ծառայությունից միշտ գոհ էր, միայն տնական կերակուրներին էր կարոտում ու խնդրում էր, որ եթե հանկարծ գյուղից մարդ գնա քաղաք, կամ ես գնամ` անպայման հետս տանեմ։ Պատերազմի ողջ ընթացքում խոսել եմ հետը, հոկտեմբերի 23-ին` հենց մահվան օրը, ինձ իր նկարներն ուղարկեց, պատերազմի ընթացքում երբեք իրենից նկար չէր ուղարկել, առաջին ու վերջին անգամն էր։ Հետո զանգեց, որ իմանա արդյո՞ք նկարները տեսել եմ, թե՞ ոչ, տեսել էի, որ բավականին բարակ է հագնված, հարցրեցի ինչի՞ կարիք ունես, ի՞նչ ուղարկեմ, ինձ հուսադրեց, ասելով` ոչ մի բանի մասին մի մտածեք, ամեն ինչ լավ է լինելու։ Ցավոք հենց այդ օրը աշխարհս փուլ եկավ, եղբայրս զանգեց ու հայտնեց որդուսմահվան լուրը», – պատմում է մայրը` Իրինա Գրիգորյանը։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 23-ին Մատաղիսի ուղղությամբ` հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից։ Հուղարկավորված է հայրենի Խնձրիստան գյուղի գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։

Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Անի Խաչատրյան