Անմահ հերոս Սիդար Ալոյան

Ազգությամբ՝ եզդի, պատանի Սիդար Ալոյանը, ով զոհվել է Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս, ծնվել է 1996 թվականի օգոստոսի 23-ին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում։
2014 թվականին ավարտել էր դպրոցն ու ընդունվել Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը:
Սիդարը միաժամանակ և՛ սպորտի մարդ էր, և՛ արվեստի, երկար տարիներ զբաղվել էր կարատե մարզաձևով, բազմաթիվ հաջողություններ էր գրանցել, ծառայությունից հետո ցանկանում էր շարունակել իր սիրելի զբաղմունքն ու դարձնել այն աշխատանք։ Դաշնամուր էր նվագում, դա իր տարերքն էր։
Սիդարն ամուր կամքի տեր էր, ցանկացած հաջողության հասնում էր, ինչն իր համար կարևոր էր, այդ դժվար ճանապարհին նա կոտրվել չէր սիրում։
2014 թվականին ուսումը կիսատ թողնելով Սիդարը ծառայության էր անցել Արցախի Հանրապետությունում՝ (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Ասկերանի զորամասերից մեկում։
Ազգությամբ եզդի Սիդարը Հայաստանն ու Արցախը սիրում էր որպես իր իրական հայրենիք, բազմիցս էր մեր եռագույն դրոշը ծածանել տարբեր հարթակներում, որն իր համար մեծ հպարտություն էր, ինչպես և ծառայելը հայոց բանակում։
2015 թվականի դեպտեմբերի 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը մի քանի դիվերսիոն ներթափանցման փորձեր էր իրականացրել, ՊԲ ստորոբաժանումները ժամանակին կասեցրել էին հակառակորդի շարժը, գործողությունների ընթացքում հակառակորդի կրակոցից զոհվել է Սիդար Ալոյանը։
Սիդար Իգորի Ալոյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: