Անմահ հերոս Կարո Համբարձումյան

Կարո Համբարձումյանը ծնվել է 1959 թվականին Սիսիանի Վաղատին գյուղում: Սովորել և ավարտել էր Վաղատինի միջնակարգ դպրոցը։
Արցախյան ազատամարտի տարիներին`1989 թվականին, Կարոն անդամագրվել էր Վաղատին գյուղի ինքնապաշտպանական ջոկատում՝ հարկ եղած դեպքում գյուղը պաշտպանելու համար, այնուհետև զինվորագրվել էր Սիսիանի զինկոմիսարիատին կից կազմավորված 142 գումարտակին և մասնակցել Արցախյան պատերազմին։
1989-1993 թվականներին մասնակացել էր Հայաստանի Հանրապետության սահմանային և Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) ինքնապաշտպանական մարտերին, «Լաչինի (Բերձորի) միջանցքի» պաշտպանությանը, Կովսականից Կապան քաղաքը ռմբակոծող կրակակետերի վերացմանը և 11 գյուղերի ազատագրման գործողություններին։ 1993 թվականին մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը:
2016 թվականի ապրիլին Արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից իրականացված պատերազմական գործողություններին մասնակցելու նպատակով Կարոն կամավորագրվել էր ու Սիսիանի ԵԿՄ կամավորականների ջոկատի կազմով մեկնել Արցախ՝ կանգնելու բանակի կողին, որպես Արցախյան առաջին պատերազմին փորձ ունեցող մարդ։
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում Սիսիանի կամավորական ջոկատի ավտոբուսը ենթարկվել է ռմբակոծության։ Կարո Համբարձումյանը վիրավորում էր ստացել, ապրիլի 18-ին հիվանդանոցում մահացել։ Սիսիանի կամավորականների ջոկատի զոհված բոլոր անդամները մասնակցել էին Արցախյան առաջին պատերազմին՝ Սեդրակ Ասրյան, Սերգեյ Դանղյան, Արմեն Հովհաննիսյան, Դավիթ Սարգսյան, Կարո Համբարձումյան, Եղիշե Նիկալյան, Էդուարդ Ալեքսանյան, Արմեն Բեգլարյան և Մայիս Միրզոյան:
Կարո Ծերունի Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: