Անմահ հերոս Հրաչ Գալստյան

1991 թվականի մարտի 20-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում է ծնվել Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը։
Հրաչի հայրը 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով կորցրել էր իր առաջին ընտանիքին, տարիներ հետո հաղթահարելով ցավը ամուսնացել էր, ընտանիք կազմել ու առաջնեկին կոչել Հրաչ՝ իր մահացած որդու անունով։ Նորաստեղծ ընտանիքում ծնվեց երկու տղա, մեկ աղջիկ, որդիները երկուսն էլ ընտրեցին զինվորականի ուղին։
Հրաչը սովորել է Գյումրու թիվ 42 դպրոցում, սիրելի առարկան է եղել ռազմագիտությունը, իր մեջ միշտ հակում է եղել զինվորական գործին։ 2007 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։
2011 թվականին ավարտելով ծառայության է անցել Արցախի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի Մատաղիսի N զորամասում, որից հետո ծառայությունը շարունակել է Թալիշ գյուղում որպես դասակի հրամանատար։
Հրաչի զինվորները միաբերան փաստում են նրա մարդկային բարձր որակների մասին, նա ավագ ընկեր էր, ով ցանկացած պահի պատրաստակամ էր օգնել իր զինվորներին, բայց ծառայությանը վերաբերվում էր մեծ լրջությամբ ու խստապահանջությամբ։
Հրաչը սիրահարվել էր Արցախի հող ու ջրին, Թալիշն ավելի քան հարազատ էր դարձել իր համար: Հենց այնտեղ էլ գտավ իր սիրելիին. Հրաչի կինը՝ Անուշը, հենց Թալիշից էր:
2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը հակառակորդը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնամասշտաբ հարձակում, հայկական կողմը համարժեք պատասխան գործողությունների էր դիմել հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցնելու համար։
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտում էր տարբեր զինատեսակներով, օգտագործելով օդուժ, հրետանի և ծանի զինտեխնիկա, ինչպես նաև կենտրոնացրել էր մեծաքանակ կենդանի ուժ։
Հրաչն այդ գիշեր տանն էր՝ Թալիշում, լուրն իմանալու պես շտապել էր գնալ իր զինվորների մոտ։
Հրաչն ու իր դասակը կատաղի մարտ են մղել հակառակորդի դեմ՝ կատարելով կարևոր մարտական առաջադրանքներ։ Հրաչ Գալստյանն ու իր զինվոր Գևորգ Վարդանյանը զոհվել են Թալիշի մարտական դիրքերում առաջադրանք կատարելիս։
Հրաչ Վարդանի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Արիություն» և Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հրաչի զոհվելուց հետո Անուշն ամսիներ անց լույս աշխարհ բերեց իրենց առաջնեկին՝ Անահիտին, ով ընտանիքին ապրելու նոր հույս տվեց։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: