Անմահ հերոս Կարեն Ուլուբաբյան

Կարեն Մարատի Ուլուբաբյանը ծնվել է 1995 թվականի հոնիսի 25-ին Արցախի հերոսական քաղաք Մարտունիում (այժմ օկուպացված Ադրբեջանի կողմից): Սովորել և ավարտել է Ն.Ստեփանյանի անվան թիվ 1 դպրոցը:

Ծնողներն իրենց առաջնեկին անվանակոչել էին Կարեն, ի պատիվ Արցախյան առաջին պատերազմում զոհված հորեղբոր։ Կարենը հայրենասեր պատանի էր մեծացել, մի կողմից իր վրա ազդեցություն էր ունեցել իր անունը, մյուս կողմից այն, որ իր հայրն էլ էր ժամանակին մասնակցել Արցախյան պատերազմին, մի քանի անգամ վիրավորվել ու հրաշքով փրկվել։

2013-2015 թվականներին Կարենը  ծառայել է Մարտունու զորամասերից մեկում։ Ծառայության ընթացքում Կարենը երբեք չի սիրել տանը խոսել կամ պատմել ծառայողական առօրյայից, չի ցանկացել, որ մայրն ու ընտանիքի անդամները տեղյակ լինեն սահմանային լարվածության ու կատարված դեպքերի մասին:

Ծառայության ընթացքում Կարենը բազմաթիվ անգամներ աչքի է ընկել իր խիզախության շնորհիվ, 2014 թվականի օգոստոսին Կարենն ու ծառայակից ընկեները կանխել էին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը՝ տալով կենդանի ուժի վնասներ։

2016 թվականի ապրիլ ամսին, երբ հակառակորդը ակտիվ ռազմական գործողություններ էր սկսել Արցախի ողջ սահմանի երկայնքով, Կարենը ցանկություն էր հայտնել կամավոր մեկնել առաջնագիծ, սակայն մի քանի անգամ մերժել էին, պատճառն այն էր, որ եղբայրն այդ պահին գտնվում էր ծառայության մեջ, բայց Կարենն իրեն հատուկ համառությամբ ամեն ինչ արել էր, որ կարողանա մեկնել առաջնագիծ։ Կարենը շաբաթներ  շարունակ մնացել է, դիրքերում զինվորների կողքին։

Նույն տարվա սեպտեմբեր ամսից անցել է պայմանագրային ծառայության, որպես ավագ սերժանտ՝ Մարտունու զորամասերից մեկում: Ինչպես և ժամկետային ծառայության, այդպես էլ պայմանագրային ծառայության ժամանակ աչքի է ընկել իր զգոնությամբ ու քաջությամբ, բոլորին ուժ տվել ու հորդորել երբեք չվախենալ թշմանուց:

2017 թվականի հունվարի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում  հակառակորդի կողմից արձակված կրակոցից Կարեն զոհվել է։

Կարենը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով: Կարենը հուղարկավորված է Արցախի Մարտունի քաղաքում։

Սոցիալական ցանցերից մեկում  Կարենը Ապրիլյան պատերազմի օրերին կատարել էր հետևյալ գրառումը՝ «Ամեն զինվորի զոհվելիս մենք հետը մեռնում ենք»։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան