Անմահ հերոս Տիգրան Մխիթարյան

Տիգրան Գառնիկի Մխիթարյանը ծնվել է 1994 թվականի հուլիսի 22-ին Երևանում: Նախնական կրթությունն ստացել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցում։ Մանուկ հասակում ունեցել է բազմաթիվ հետաքրքրություններ, հաճախել է կարատեի, ծանրամարտի, ֆուտբոլի և բոքսի։ Բարձրագույն կրթություն չի ստացել, դպրոցն ավարտելուն պես զորակոչվել է բանակ։
2012-2014 թվականներին որպես ժամկետային զինծառայող ծառայության է անցել Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Շահումյանի շրջանի Քարվաճառի զորամասերից մեկում։ Զորացրվելուն պես անցել է պայմանագրային ծառայության Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին, 2020 թվականի հուլիսի Հայ-ադրբեջանական մարտական գործողություններին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմին
– Տիգրանը կենսուրախ էր, կյանքով լեցուն, միշտ ժպիտը դեմքին։ Եղել ենք հարևաններ` մանկության ընկերներ, նաև 44-օրյա պատերազմին ենք միասին մասնակցել։ Պատերազմի օրերին Քարինտակ գյուղում մենք միասին ենք եղել, նոյեմբերի 6-ին Տիգրանը գնացել է Շուշի։ Մենք ևս գնալու էինք Շուշի, սակայն ճանապարհին ընկել էինք շրջափակման մեջ, այդ ժամանակ Տիգրանը արդեն Շուշիում էր, չկարողացանք հասնել նրանց։ Նույն օրը երեկոյան մեր ընդհանուր ընկերոջ` Խաչատուրի հետ, ով այդ պահին Տիգրանի կողքին էր, ունեցել եմ հեռախոսազրույց և իմացել, որ Տիգրանը վիրավորում է ստացել։ Մի քանի օր անց իմացա, որ զոհվել է, սակայն մեզանից որևէ մեկը հստակ չի կարող պատասխանել, թե ինչ դեպք է տեղի ունեցել։ Տիգրանը գերի չընկնող տեսակ էր ու իրեն ճանաչելով կարող եմ ասել, որ կռվով է զոհվել, – պատմում է մանկության և պատերազմի դաշտի ընկեր Տիգրան Մեսրոպյանը։
Տիգրանը շատ է սիրել հայրենիքը, հենց այդ պատճառով էլ ժամկետային ծառայության ավարտից հետո դարձել է պայմանագրային զինծառայող։
– Նոյեմբերի 6-ին տղաները Շուշիում ընկել են շրջափակման մեջ։ Տիգրանը ձախ ուսից վիրավորում էր ստացել, բայց ես չեմ կարծում, որ զոհվել է վիրավորումից, քանի որ մարմնի վրա տեսել եմ նաև այլ կրակոցների հետքեր։ Շուշիում Տիգրանի կողքին է եղել իրենց ընկերներից Խաչատուրը։ Խաչատուրի հեռախոսի նամակներն ենք կարդացել, որից պարզ է դառնում, որ տղաները ունեցել են հնարավորություն տանկով դուրս գալ Շուշիից, բայց քանի որ Տիգրանը եղել է վիրավոր ու չի կարողացել մոտենալ տանկին, Խաչատուրը ևս չի գնացել։ Տիգրանը և Խաչատուրը զոհվել են նույն օրը` միասին, – պատմում է Տիգրանի մայրը` Սոֆիկ Մխիթարյանը։
Զինադադարից հետո Տիգրանի հայրը գնացել է Արցախի Հանրապետություն` որդուն փնտրելու նպատակով։ Տիգրանը և Խաչատուրը եղել են այն առաջին զոհերի մեջ, որոնց Կարմիր խաչը կարողացել է դուրս բերել, հայրը տեսել է Տիգրանին, սակայն վնասվածքների պատճառով չի ճանաչել և շարունակել է մնալ Արցախի Հանրապետությունում, որդուն փնտրելով ողջերի մեջ։ Նոյեմբերի 15-ին Տիգրանի ընկերոջ` Խաչատուրի ընկերները Գեղարքունիքի մարզի Մարտունու դիահերձարանում գտել են և Տիգրան Մխիթարյանի, և Խաչատուր Տոնյանի մարմինները։
Տիգրանը հուղարկավորված է Բերդի տարածաշրջանի ընտանեկան գերեզմանատանը։
Տիգրան Մխիթարյանը հետմահու արժանացել է Արցախի Հանրապետության «Արիության համար», «Մարտական ծառայություն» մեդալների։
«Հանուն հայ զինվորների» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Անի Խաչատրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: