Անմահ հերոս Ռուդիկ Ղարիբյան

Ռուդիկ Ղարիբյանը ծնվել է 2002 թվականի հուլիսի 16-ին Ալավերդի քաղաքում:  Ալավերդու Եղիշե Չարենցի անվան համար 9 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Ալավերդու պետական քոլեջի բանկային գործ բաժնում: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Վանաձորի պետական համալսարանի կառավարում բաժինը: Վեց  ամիս սովորելուց հետո՝ 2021 թվականի փետրվարի 14-ին զորակոչվել է բանակ:

Ռուդիկը եղել է  «Վիքիմեդիա» Հայաստանի Ալավերդու վիքիակումբի անդամ, «Սքայ» երիտասարդական ակումբի ղեկավար: Կամավորական աշխատանքներ է իրականացրել մի շարք հասարակական կազմակերպություններում: Նա «Սմարթ»-ի առաջին  շրջանավարտն էր:

Ալավերդու Վիքիակումբի համակարգող Նարինե Մուրադյանն ասում է՝ Ռուդիկը Ալավերդու Վիքիակումբի ամենաակտիվ անդամն է եղել, նա, ում վրա միշտ կարելի էր հույս դնել, ում հետ կարելի էր իրականացնել ամենախելահեղ թվացող գաղափարը։

«Կան մարդիկ, որոնք մտնում են քո կյանք, դառնում քոնը ու էապես փոխում կյանքիդ գույները։ Ռուդը ինձ համար հենց այդ մարդկանցից էր՝ շատ հարազատ, շատ իմը։ Ռուդը մարդ տոն էր, որտեղ նա էր, այնտեղ սերն էր ու կյանքը։ Նրա մեջ անսպառ սեր կար. սեր՝ առ հայրենիք, ընտանիք ու ընկերներ։ Նա միշտ այնտեղ էր, որտեղ օգնության ու առաջնորդելու կարիք կար։ Նա քայլող մոտիվացիա էր, կարողանում էր հավատալ ընդհանուր նպատակին ու ոգեշնչել բոլորին։ Իր վարակիչ ժպիտով ստիպում էր հավատալ սեփական ուժերիդ ու ցանկացած դժվարություն դիտարկել որպես կյանքի ընձեռած հնարավորություն։ Ռուդը այնքան պետք էր մեզ, մենք այնքան ունեինք նրա կարիքը։ Բայց… հայրենիքի հանդեպ սերն ամենաուժեղն էր։ 2022 թվականի հունվարի 11-ին կյանքը անորոշ ժամանակով կանգ առավ։ Հետո, ինչպես ամեն ինչ, շարունակեց շարունակվել, մենք սովորեցինք ապրել առանց Ռուդի ֆիզիկական ներկայության, երբեմն նույնիսկ համարձակվում ենք ուրախանալ, բայց… Իմ մեջ ու քաղաքում մի շատ կարևոր գույն պակասել է, չկա Ռուդի ապրեցնող գույնը»,- ասում է Նարինե Մուրադյանը։

«Տանը քիչ էր մնում: Սիրում էր քայլել սարերում: Գնում էր՝ «Աթոռիկ», «Կոշաբերդ», «Դրոշակաքար» (Սարալանջերի անուններ են, որոնք գտնվում են Ալավերդի քաղաքում և հայտնի են տեղացիների համար): Գնում էր մենակ ու ժամերով նստում, վայելում էր բնությունը: Դիտակետ ուներ, որտեղից երևում էր մեր շենքը, հաճախ էր այնտեղ գնում: Նստում էր, նայում մեր թաղերին»,-ասում է Ռուդիկի հայրը՝ Ռաֆիկ Ղարիբյանը:

«Ռուդիկը կատարյալ էր ծառայության մեջ: Ծառայությանը շատ լուրջ էր վերաբերվում: Պարտաճանաչ էր, իր առջև դրված ցանկացած առաջադրանք կատարում էր անթերի»,- ասում է  Արմեն Մնացականյանը՝ զինակից ընկերը:

2022 թվականի հունվարի 11-ին, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայում Ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի հետևանքով զոհվել են երեք ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, շարքայիններ Արթուր Արտյոմի Մխիթարյանն ու Վահան Վաչագանի  Բաբայանը։

Պատերազմական գործողությունների ժամանակ զանգել է հորը՝ ասել, որ ամեն ինչ նորմալ է, չվախենաք:

Հայրը տղայի զորակոչվելու օրը Հայաստանում չի եղել: Ասում է՝ ինձ համար Ռուդիկը դեռ ծառայության մեջ է: Կատարվածը որպես իրականություն ընկալել մինչև օրս էլ դժվար է Ռուդիկ Ղարիբյանի հարազատների համար:

Ռուդիկ Ղարբյնաը հետամու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտակա ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորների» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Լուսինե Փարսադանյան