Անմահ հերոս Պարույր Հակոբյան

Պարույր Գրիգորի Հակոբյանը ծնվել է 1990 թվականի մայիսի  12-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Մանուկ հասակում զբաղվել է սպորտով՝ հաճախել է ձյուդոյի։ Նախնական կրթությունը ստացել է Չարենցավանի թիվ 3 միջնակարգ դպրոցում։

-Ակտիվ մասնակցություն է ունեցել դպրոցական միջոցառումներին, խաղացել տարբեր բեմադրություններում։ Իրենց դասարանը հոյակապ դասարան էր, համախբված: Պարույրը դասարանի ավագն էր, շատ միջոցառումներ են կազմակերպել, շատ մտերիմ էր դասղեկի հետ,- պատմում է մայրը՝ տիկին Հայկանուշը։

Ուսումն ավարտելուց անմիջապես հետո` մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախի Հադրութի զորամասերից մեկում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։

Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան  պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ` անվճար հիմունքներով։

Ավագ եղբայրը` Համբարձումը, սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այդ պատճառով Պարույրը քիչ թե շատ ծանոթ է եղել ծառայության կարգ ու կանոնին։ Իր մասնագիտությամբ երբեք չի աշխատել, սովորել է 3 տարի, այնուհետև օգտվել է տարկետման հնարավորությունից և մեկնել Մարտակերտ` որպես պայմանագրային զինծառայող։

-Պարույրը եղել է կապավոր, դասակի հրամանատարի պարտականություններն է կատարել։ Ամեն մեկին նվիրվում էր յուրովի, թե՛ պատերազմից առաջ և թե՛ պատերազմի ընթացքում իր պարտականությունները կատարել է գերազանց։ Վայելում էր զինվորների և վերադասների սերն ու հարգանքը,- պատմում է գնդի հրամանատարը՝ Պավլիկ Քարամյանը ։

-Մեծ տղաս 12 տարի ծառայել է Մարտակերտում: 2016 թվականի պատերազմից հետո մենք ընտանիքով տեղափոխվեցինք Մարտակերտ և Պարույրը ևս անցավ ծառայության։ Ում ինչ հարկավոր լիներ, անմիջապես թիկունքին կանգնած էր, ընկերասեր էր։ Կապավոր էր, բայց այդ մասնագիտությունից զատ, եղել է նաև որպես բուժակ, օգնել է վիրավոր զինծառայողներին,-  պատմում է մայրը։

2020 թվականի սեպտեմբերի  26-ին եկել է տուն։ Հաջորդ օրը հորեղբոր տղան, ով  ևս եղել է ծառայության մեջ, զանգահարել է և շտապ կանչել Պարույրին, անմիջապես  հավաքել է բոլոր անհրաժեշտ իրերը և մեկնել ռազմաճակատ։ Պատերազմի  ընթացքում մշտապես զանգահարել է տուն, հանգստացրել մորը՝ ասելով, որ ամեն բան  կարգին է, լուրերին քիչ հետևեն, իրենք անպայման հաղթելու են։

-Կապի ապահովումը իր հիմնական գիծն էր, այդ թեժ պայմաններում ոչ մի վայրկյան կապի հետ կապված խնդիր չենք ունեցել։  Պարույրը նաև կատարել է բուժակի դեր, քանի որ բժիշկների կարիք ունեինք, շտապօգնության մեքենաներն անընդհատ խոցվում էին։ Ամեն մի զինվորի փրկելու համար պատրաստ էր ինքնազոհության ու այդպես էլ եղավ։ Ցերեկային հրետակոծություն էր, բավականին վիրավորներ ունեինք, Պարույրը հասցրել էր բոլոր վիրավոր զինծառայողներին փրկել, ռազմադաշտից հանել էր դուրս, ռադիոկապով կապնվել էր ինձ հետ, որպեսզի տեղեկացներ, որ բոլորը ողջ են, առաջին բուժօգնությունն արված է, տղաներին տեղափոխում են հոսպիտալ։ Ցավոք, ճանապարհին  Պարույրը զոհվում է վիրավոր ընկերների հետ միասին` անօդաչու թռչող սարքի հարվածից,- պատմում է գնդի հրամանատարը։

Պարույր Գրիգորի Հակոբյանը անձնուրաց պայքար է մղել ոսոխի դեմ և զոհվել հոկտեմբերի 29-ին, Կարմիր Շուկայում։ Հերոսի աճյունը հանգչում է Չարենցավանի պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության  «Մարտական ծառայություն»  մեդալով և  « Մարտական խաչ»  2-րդ աստիճանի  շքանշանով։

Պատերազմի ժամանակ լրագրող Դավիթ Թորոսյանը լուսանկարում է Պարույրին և մյուս զինակից ընկերներին։ Ընտանիքի անդամները համացանցով տեսնում  են այդ լուսանկարները, իսկ հետագայում` Դավիթ Թորոսյանի  «44-ի տղերքը» հեղինակային  գրքում։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան